HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Հայաստանն առաջիկա մրցակիցների հետ խաղերում բացասական վիճակագրություն ունի

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը պատրաստվում է վաղը եւ ամսի 13-ին կայանալիք Բելառուսի եւ Կիպրոսի հետ ընտրանիների ընկերական խաղերին: Հանդիոպւմները կայանալու են «Հանրապետական» մարզադաշտում 18:00-ին: Երեկ Արթուր Պետրոսյանի թիմն անցկացրել է նախախաղային երկրորդ մարզումը:

Հավաքական են հրավիրվել հետեւյալ ֆուտբոլիստները.

Դարպասապահներ

Արսեն Բեգլարյան, «Ալաշկերտ»
Գոռ Մանուկյան, «Փյունիկ» 
Արման Մելիքսեթյան, «Արարատ»

Պաշտպաններ

Վարազդատ Հարոյան, «Ուրալ» (Ռուսաստան)
Գաել Անդոնյան, «Օլիմպիկ», (Մարսել, Ֆրանսիա)
Հովհաննես Համբարձումյան, «Վարդար» (ՆՀՀ Մակեդոնիա)
Գագիկ Դաղբաշյան, «Ալաշկերտ»
Արտակ Եդիգարյան, «Ալաշկերտ»
Հայկ Իշխանյան, «Գանձասար-Կապան»
Արտյոմ Միքայելյան, «Շիրակ» 

Կիսապաշտպաններ 

Հենրիխ Մխիթարյան, «Մանչեսթեր Յունայթեդ» (Անգլիա)  
Կամո Հովհաննիսյան, «Տորպեդո-ԲելԱԶ» (Բելառուս)               
Էդգար Մալաքյան, «Ստալ» (Ուկրաինա)      
Մարկոս Պիզելի, «Ալ Շաբաբ» (Սաուդյան Արաբիա) 
Արաս Օզբիլիզ, «Բեշիքթաշ» (Թուրքիա)                      
Գեղամ Ղադիմյան, «Վորսկլա» (Ուկրաինա)
Արտակ Գրիգորյան, «Ալաշկերտ»
Արտյոմ Սիմոնյան, «Ալաշկերտ»
Էրիկ Վարդանյան, «Փյունիկ»
Ռումյան Հովսեփյան, «Բանանց»

Հարձակվողներ

Տիգրան Բարսեղյան, «Վարդար» (ՆՀՀ Մակեդոնիա)     
Ռուսլան Կորյան, «ԲՄԱ-Խաբարովսկ» (Ռուսաստան)     

Արթուր Պետրոսյանը հրավիրել էր նաեւ «Շիրակի» պաշտպան Ռոբերտ Դարբինյանին եւ գերմանական «Յան Ռեգենսբուրգի» հարձակվող Սարգսի Ադամյանին, բայց նրանք չեն միացել ազգային թիմին վնասվածքների պատճառով: Վնասվածք ունի նաեւ ուկրաինական «Ստալի» կիսապաշտպան Գոռ Մալաքյանը: Նույն պատճառով իր թիմում հանդես չի գալիս «Ուրալի» խաղացող Էդգար Մանուչարյանը: Հավաքական չեն հրավիրվել Կիպրոսում հանդես եկող Տարոն Ոսկանյանն ու Դավիթ Մանոյանը: Եթե առաջինը գոնե հայտավորվում է «Նեա Սալամիսի» խաղերին, ապա Մանոյանը խնդիրներ ունի: Չի հրավիրվել «Գանձասար-Կապանի» դարպասապահ Գրիգոր Մելիքսեթյանը, որը լեհերի հետ երեւանյան խաղում 6 գոլ բաց թողնելուց հետո, կարելի է ասել, չի վայելում մարզիչների վստահությունը:

Այս հանդիպումներն առաջին հերթին նոր խաղացողների ու թիմում քիչ խաղաժամանակ ստացողներին փորձարկելու նպատակ են հետապնդում, բայց այդպիսիք քիչ են. թերեւս, կարող ենք նշել Գոռ Մանուկյանի, Արման Մելիքսեթյանի, Արտյոմ Միքայելյանի, Հայկ Իշխանյանի ու Էրիկ Վարդանյանի անունները: Ռումյան Հովսեփյանն էլ տեւական դադարից հետո նորից հրավիրվել է հավաքական, բայց նա ընտրանու կազմում ոչ միայն խաղալու փորձ ունի, այլեւ 1 գոլ է խփել ԱՄԷ-ի դարպասը, այնպես որ նրան նորեկ համարել չենք կարող:    

ՀՖՖ-ն արդեն հայտնել է, որ առաջիկա երկու խաղերի մրցավարական բրիգադները լինելու են Վրաստանից: Բելառուսների հետ մրցավեճը կդատի Լաշա Սիլագավայի անձնակազմը, իսկ Կիպրոսի հետ հանդիպումը՝ Գեորգի Վադաչկորիայի բրիգադը:

Հայաստանի հավաքականը թե բելառուսների, թե կիպրոսցիների հետ հանդիպումների փորձ ունի:

Բելառուսների հետ առաջին հանդիպումը կայացել է 2000 թ. հոկտեմբերի 11-ին ԱԱ-2002-ի ընտրական փուլի շրջանակներում: Մինսկում Վարուժան Սուքիասյանի թիմը պարտվեց 1-2 հաշվով: Մեր ընտրանուց աչքի ընկավ Ֆելիքս Խոջոյանը: 2001-ի հունիսի 2-ին Երեւանում կայացած պատասխան հանդիպմանն արձանագրվեց 0-0: Հետագայում թիմերը հանդիպեցին միայն ընկերական խաղերում: 2008-ի փետրվարի 4-ին Մալթայի մրցաշարի շրջանակներում հայ ֆուտբոլիստները 2-1 հաշվով հաղթանակ տարան Արարատ Առաքելյանի ու Արա Հակոբյանի գոլերի շնորհիվ: Հայաստանի հավաքականն այն ժամանակ գլխավորում էր դանիացի Յան Պոուլսենը: 2010-ի մարտի 3-ին եւս մեկ անգամ թիմերն ընկերական խաղ անցկացրին թուրքական Անթալիայում: Վարդան Մինասյանի սաները պարտվեցին 1-3 հաշվով, մերոնցից աչքի ընկավ Լեւոն Պաչաջյանը: 2012-ի օգոստոսի 15-ին Մինասյանի գլխավորությամբ ընտրանին կրկին ուժերը չափեցին բելառուսների հետ այս անգամ Երեւանում: Չնայած այդ ժամանակահատվածում բավականին ամուր կոլեկտիվ ունեինք, թիմը պարտվեց 1-2 հաշվով: Բելառուսներից ինքնագոլի հեղինակ դարձավ Դմիտրի Վերխովցովը: 2016-ի մարտի 25-ին Երեւանում նախկին միութենական հանրապետությունների հավաքականները կրկին հանդիպեցին: Այս անգամ մեր ընտրանին գլխավորում էր Վարուժան Սուքիասյանը, որի համար հանդիպումն առաջինն էր վերանշանակվելուց հետո: Մրցավեճն ավարտվեց 0-0:

Այսպիսով՝ Հայաստանի ազգային թիմը Բելառուսի հետ հանդիպել է 6 անգամ (2 պաշտոնական, 4 ընկերական խաղ), տարել է 1 հաղթանակ, 2 անգամ ոչ-ոքի խաղացել, 3 պարտություն կրել, խփած եւ բաց թողած գնդակները՝ 5-8:   

Կիպրոսցիների հետ առաջին անգամ հայ ֆուտբոլիստները հանդիպել են 1994-ի հոկտեմբերի 8-ին Երեւանում ԵԱ-1996-ի շրջանակներում: Դա մեր թիմի պատմության մեջ երկրորդ պաշտոնական խաղն էր (առաջինը Բելգիայի հետ արտագնա մրցավեճն էր դրանից մեկ ամիս առաջ): Հանդիպումն ավարտվեց 0-0: Հավաքականն այն ժամանակ գլխավորում էր Էդուարդ Մարգարովը, ով ազգային ընտրանու պատմության մեջ առաջին գլխավոր մարզիչն է: Նույն տարվա նոյեմբերի 11-ին Լիմասոլում կայացած պատասխան խաղում կղզեաբնակները հաղթեցին  2-0: Պաշտոնական այս հանդիպումներից հետո, ինչպես բելառուսների հետ խաղերում, կայացել են միայն ընկերական մրցավեճեր: 2000-ի փետրվարի 4-ին Վարուժան Սուքիասյանի սաները Կիպրոսի մրցաշարի շրջանակներում Նիկոսիայում հանդիպեցին տանտերերին ու պարտվեցին 2-3 հաշվով, չնայած պետք է շեշտել կանխակալ մրցավարությունը: Մեր թիմից կարմիր քարտ ստացան Սարգիս Հովսեփյանն ու Ռոմիկ Խաչատրյանը, իսկ դաշտի տերերը վճռական գոլը խփեցին 114-րդ րոպեին 11-մետրանոցից: Իսկ մերոնցից գոլերը խփեցին Արթուր Պետրոսյանն ու Արման Քարամյանը: 2006-ի մարտի 1-ին թիմերի ճանապարհները կրկին խաչվեցին նույն մրցաշարում: Լիմասոլում 2-0 հաշվով առավելության հասան տանտերերը: Հայաստանի հավաքականը գլխավորում էր հոլանդացի Հենկ Վիսմանը: 2007-ի սեպտեմբերի 8-ին էլ Ախնասում կայացած ընկերական խաղում կիպրոսցիները հաղթեցին 3-1 հաշվով: Մեր թիմից աչքի ընկավ Ռոբերտ Արզումանյանը: Այդ ժամանակ պաշտոնապես հավաքականի գլխավոր մարզիչը երջանկահիշատակ շոտլանդացի Իան Պորտեֆիլդն էր, ով, սակայն, հիվանդության պատճառով թիմի կողքին չէր: 61-ամյա մասնագետը, ով երկար ժամանակ պայքարում էր քաղցկեղի դեմ, կյանքից հեռացավ հանդիպումից 3 օր անց՝ սեպտեմբերի 11-ին: Պորտերֆիլդի պարտականությունները նրա բացակայությամբ կատարում էին օգնականները՝ անգլիացի Թոմ Ջոնսն ու Վարդան Մինասյանը:   

Կիպրոսի ընտրանու հետ Հայաստանի հավաքականն անցկացրել է 5 հանդիպում (2 պաշտոնական, 3 ընկերական): Միայն 1 անգամ է գրանցվել ոչ-ոքի, 4 անգամ հաղթել են կղզեաբնակները: Գոլերի հարաբերակցությունը՝ 3-10:

Այս պահին ՖԻՖԱ-ի վարկանիշային աղյուսակում Հայաստանը 90-րդն է, Բելառուսը՝ 91-րդը, իսկ Կիպրոսը՝ 86-րդը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter