
Վլադիմիր Սաչկով. ««ԱրմենՏելը» ոչինչ չի կորցրել»
«ԱրմենՏել» ՓԲԸ-ում զարտուղի կապուղի ստեղծելու գործով Տեխնիկական բլոկի նախկին տնօրեն Վլադիմիր Սաչկովի մասով դատաքննությունը դեռևս ապացույցների հետազոտման փուլում է:
Այսօր մեղադրողը դատարանին ներկայացրեց այն ապացույցները, որոնք պաշտպանական կողմը միջնորդել էր տրամադրել դատարանում հետազոտելու համար, քանզի դրանք չէին եղել գործում:
Դատախազը կոշտ սկավառակով դատարանին տրամադրեց տեսախցիկների ֆիքսած կադրեր, որտեղից, ըստ մեղադրողի, երևում է, որ ամբաստանյալը մուտք է գործում տվյալ զարտուղի կապուղու միացման տարածք: Եվս երկու կրիչներ, որոնք պարունակում էին ֆայլեր զանգերի վերաբերյալ:
Դատարանում ֆայլերի ուսումնասիրությունից հետո Վլադիմիր Սաչկովը հայտարարեց, որ սկավառակը պարունակում էր մուտքային զանգերի մասին տվյալներ, որը ստացել էին «ԱրմենՏել»-ի բաժաորդները 2012 թվականի հունվարի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում, այսինքն` մեկ օրվա տվյալներ են:
Սաչկովի մեկնաբանմամբ, առաջին ֆայլում նկարագրված չէ, թե որ համակարգից են տվյալները ներբեռնված, և դա որևէ կապի կոմուտատորի ֆայլ չէ: Ֆայլը տվյալներ չեն պարունակում տեղեկություններ մուտք եղած զանգերի մասին, սակայն այդ ֆայլի գոյությունն ինքնին ցույց է տալիս, որ բոլոր տվյալները մուտք են եղել «ԱրմենՏել»-ի բիլինգային համակարգ: Պարտադիր չէ, որ այդ ֆայլը մշակվի «Ինտեկ» բիլինգային համակարգով, քանզի դա կարող է լինել նաև «Ամդոկս» կամ «Կոմվերս» բիլինգայյին համակարգերի ֆայլ:
Սաչկովի ասելով, երկրորդ ֆայլը նույնպես կոմուտատորի ֆայլ չէ, «ԱրմենՏել»-ի բիլինգային համակարգի ֆայլ է: Այդ ֆայլում կան նշաններ, որոնցից կարելի է ենթադրել, որ տվյալները առնչություն ունեն «ԱրմենՏել»-ի տեղական կապի հետ: Սակայն նույնպես պարտադիր չէ, որ ֆայլը մշակվի «Ինտեկ համակարգում, քազի դա ևս կարող է «Ամդոկս» կամ «Կոմվերս» համակարգերի ֆայլ լինել:
«Այդ համակարգերը նույնպես կարող են մշակել «ԱրմենՏել»-ի զանգերը: Ամեն ինչ կախված է բիլինգի և ընկերության հաշվառման կարգավորումներից: Այդպիսով, «ԱրմենՏելը» ոչինչ չի կորցրել: Հենց «ԱրմենՏել»-ը նամակներից մեկում դա հաստատել է: Համարները, որոնք առկա են ֆայլում, վերաբերում են ՌԴ նախարարության կողմից «Տելե2 Ռոսիյա» օպերատորին տրամադրված համարներին: Եվ հնարավոր է, որ դրանք վերաբերեն նշված օպերատորի ռոումինգային համարներին: Սակայն այս քրեական գործի շրջանակներում դա որևէ մեկը չի ուսումնասիրել»,- «Հետք»-ին մանրամասնեց Վլադիմիր Սաչկովը:
Կոշտ սկավառակն ուսումնասիրել չստացվեց այսօրվա նիստին, քանզի դատարանը համապատասխան սարքավորում չուներ: Սարքավորումով զինվելուց հետո այն կուսումնասիրվի:
Դատական այսօրվա նիստը կարճ տևեց, և նիստը նախագահող դատավոր Արմեն Բեկթաշյանը հետաձգեց այն մինչև նոյեմբերի 27-ը:
Հիշեցնենք՝ ըստ մեղադրանքի, «ԱրմենՏել» ՓԲԸ-ի որոշ պաշտոնյաների և նույն կազմակերպության հետ անուղղակիորեն կապված անձանցից կազմված խումբը ստեղծել է մի կապուղի, որի միջոցով արտերկրյա օպերատորներից ստացվող միջազգային զանգերը շրջանցել են ընկերության հաշվարկային համակարգը: Ընկերության հաշվարկային համակարգը շրջանցած կապուղին գործել է 2011-2013թթ.: Խմբի գործունեության արդյունքում վնաս է հասցվել թե´ ընկերությանը, թե´, համապատասխանաբար, պետությանը՝ հարկերի մասով:
Մեկնաբանել