HY RU EN

Արաքս Մամուլյան

Դատախազին՝ բացարկ, դատավորին՝ ինքնաբացարկ. «Սասնա ծռերի» գործով կասկածի տակ դրվեց վերջիններիս անաչառության հարցը

Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում «Սասնա ծռեր»-ի վերաբերյալ դատական նիստը մեկնարկեց դատավոր Մեսրոպ Մակյանին ներկայացված ինքնաբացարկի միջնորդությամբ:

Ամբաստանյալ Սմբատ Բարսեղյանի պաշտպան Հայկ Ալումյանը կասկածի տակ դրեց այս գործը դատավոր Մեսրոպ Մակյանի վարույթ ստացվելու օրինականության հարցը:

Ալումյանի խոսքով՝ Մակյանին այս գործը մակագրելը նախապես ծրագրված է եղել, պարզապես, նկատի ունենալով, որ այն միայն Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կողմից կարող էր քննվել, և եթե որևէ կերպ այն ուղարկվեր Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան,  դա կլիներ ապօրինություն, «ծրագիրը» քողարկվել է  Մեսրոպ Մակյանին Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանից Էրեբունու դատարան գործուղելով:

Նշենք, որ դատավոր Մեսրեպ Մակյանը՝ Կենտրոնի դատարանից, ինչպես նաև մեկ այլ դատավոր` Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանից վերջերս են գործուղվել Էրեբունու դատարան: Մինչ նրանց գործուղումը մամուլում բազմաթիվ հրապարակումներ են եղել այն մասին, որ Մեսրոպ Մակյանը կգործուղվի Էրեբունու դատարան`«Սասնա ծռեր»-ի գործը քննելու համար:

«Ձեր համաձայնությամբ արտակարգ դատարան է ստեղծվել՝ այս գործը քննելու համար»,-դատավոր Մակյանին դիմելով՝ ասաց Հայկ Ալումյանը: Փաստաբանն ընդգծեց այն հանգամանքը, որ մինչև Մակյանի՝ Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան տեղափոխվելը, մամուլում արդեն բազմաթիվ հրապարակումներ են եղել այդ մասին, և դատարանին ինքնաբացարկի  միջնորդությանը կից ներկայացրեց նաև մամուլի 12 հրապարակում, որոնք վերաբերում էին այս թեմային` նշելով, որ այլ հրապարակումներ ևս մամուլում եղել են, ինքը բոլոր հրապարակումները չէ, որ ներկայացնում է:

Ալումյանի միջնորդության դեմ առարկեց դատախազ Պետրոս Պետրոսյանը: Դատախազը նշեց, որ այս գործը համակարգչային մակագրման միջոցով, այսինքն` պատահականության սկզբունքով է  դատավոր Մակյանին մակագրվել:

Ալումյանի կողմից ներկայացված միջնորդությանը միացան փաստաբաններ Արայիկ Պապիկյանը, Մուշեղ Շուշանյանը, Հարություն Բաղդասարյանը, Ինեսսա Պետրոսյանը, Դավիթ Գյուրջյանը:

«Որևէ անաչառ դիտորդի մոտ չի կարող կասկած հարուցել այն հանգամանքը, որ Ձեզ գործուղել են հենց այս գործը քննելու համար»,- դատարանին դիմելով` ասաց  Մուշեղ Շուշանյանը:

Փաստաբան Հարություն Բաղդասարյանը նշեց, որ եթե  անգամ դատավոր Մակյանը արդարացման դատավճիռ կայացնի ամբաստանյալների նկատմամբ, վերը նշված հանգամանքները հաշվի առնելով՝ միևնույնն է, այդ դատական ակտը կլինի անարդար:

«Մեզ մոտ կասկածը հիմնավոր է, որ Դուք այս գործով աչառու եք, Ձեզ հետ եղել է որոշակի պայմանավորվածություն այս գործի առումով»,- դատարանին դիմելով` ասաց Հարություն Բաղդասարյանը:

Դատարանը, սակայն, մերժեց միջնորդությունը: Իր որոշման մեջ դատավոր Մակյանը, անդրադառնալով պաշտպանական կողմի այն պնդմանը, որ ինքը Էրեբունու դատարան է տեղափոխվել հատկապես «Սասնա ծռեր»-ի գործը քննելու համար, նշել էր, որ ինքը գործուղվել է Դատական օրենսգրքում ամրագրված օրենքների պահպանմամբ՝ Հայաստանի դատարանների նախագահների խորհրդի որոշման համաձայն:

«Գործուղվել եմ իմ համաձայնությամբ,  բայց ոչ թե կոնկրետ գործի քննությունն իրականացնելու, այլ Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության  դատարանում առաջացած անհամաչափ ծանրաբեռնվածությունը թեթևացնելու նպատակով»,- որոշման մեջ նշել էր Մակյանը, ինչպես նաև ուշադրություն հրավիրել այն հանգամանքին, որ իր գործուղման պահին «Սասնա ծռեր»-ի վերաբերյալ երկու գործերը դեռևս քննվելիս են եղել դատավոր Արտուշ Գաբրիելյանի վարույթում, և որևէ մեկը չէր կարող կանխատեսել, որ դրանցից  կարող են մասեր անջատվել:

Անդրադառնալով իր գործուղման վերաբերյալ մամուլում եղած հրապարակումներին՝ դատավորը նշեց, թե դրանք սուբյեկտիվ բնույթ են կրում, հիմնված են կանխատեսական դատողությունների և ենթադրությունների վրա, ինչի մասին են վկայում նույն երևույթի վերաբերյալ մամուլում եղած տրամագծորեն միմյանց հակասող մեկնաբանությունները: Դատավորը նշեց, որ մամուլում նաև հրապարակումներ են եղել իր վարույթում այժմ քննվող գործն իր հետ միևնույն ժամանակ Էրեբունու դատարան գործուղված դատավոր Արտակ Թադևոսյանին մակագրվելու մասին:

Դատարանն այսօր մերժեց նաև դատախազ Պետրոս Պետրոսյանին ներկայացված  բացարկի միջնորդությունը: Հիշեցնենք, որ  Արայիկ Խանդոյանի պաշտպան Արա Ղարագյոզյանն այս գործով առաջին դատական նիստին դատախազ Պետրոսյանին բացարկ էր հայտնել` նշելով, որ Արայիկ Խանդոյանի վերաբերյալ մեկ այլ քրեական գործի քննության ժամանակ դատախազ Պետրոսյանը հայհոյել է Խանդոյանին:

Դատավոր Մակյանը բացարկի միջնորդությունը մերժելու որոշման մեջ այսօր նշել էր, որ Արա Ղարագյոզյանի  կողմից չի ներկայացվել որևէ վերաբերելի ապացույց առ այն, որ գործի նկատմամբ վերահսկողություն իրականացնելիս  դատախազ Պետրոսյանը աչառու վերաբերմունք է դրսևորել: Ըստ դատավորի՝ պաշտպանի կողմից ներկայացված  փաստական հանգամանքները չեն կարող վկայել դատախազի կողմից գործի նկատմամբ կողմնակալ վերաբերմունք ունենալու մասին, այլ  դրանք, հնարավոր է, առնչություն ունենան այնպիսի ենթադրյալ փաստերի հետ, որոնք դուրս են այս դատարանի կողմից քննարկման ենթարկվող հարցերի շրջանակներից և կարող են քննարկվել ու լուծվել այլ ընթացակարգերով:

Դատախազին ներկայացված բացարկը մերժելու դատարանի որոշումը վրդովեցրեց ամբաստանյալներից ոմանց:

«Դուք պետք է այս մեղադրանքը` պղծաթուղթը, մեղադրողի ձեռքը տայիք ու դուրս հանեիք դատական նիստերի դահլիճից»,- դատավորին դիմելով` ասաց Պավել Մանուկյանը՝ նշելով, որ դատախազի բացարկը մերժելու որոշումը  դատավորի կողմից իրենց հասցված վիրավորանք էր:

Դատական նիստն այսօր ավարտվեց: