HY RU EN

Գագիկ Աղբալյան

79 միլիոն՝ քաղաքապետարանի նոր վերելակին, 14 միլիոն՝ հուշարձանների պահպանությանը

Երեւանի քաղաքապետարանը կառավարության քննարկմանն է ներկայացրել համայնքի 2018 թվականի բյուջեի նախագիծը։

Նախագծով 78 միլիոն 934 հազար դրամ է նախատեսվել քաղաքապետարանի վթարային վերելակը նորով փոխարինելու, ինչպես նաև շահագործման ժամկետը սպառած հովացման համակարգի ձեռքբերման եւ տեղադրման համար:

Սա այն դեպքում, երբ առողջապահական կազմակերպությունների համար սարքավորումներ ձեռք բերելուն հատկացվել է 400 հազար դրամ, սոցիալապես անապահով երեխաների հանգստի կազմակերպմանն ուղղվել՝ 6,4 միլիոն դրամ, հարազատ չունեցող եւ սոցիալապես ընտանիքների համար հուղարկավորության կազմակերպմանը՝ 31,6 միլիոն դրամ։ Շարունակենք, Երեւանում զբոսաշրջության զարգացման տարեկան աշխատանքների համար հատկացվել է ընդամենը 55 միլիոն դրամ, ավտոբուսներում ուղեւորների եւ կույր հաշմանդամների համար հասարակական տրանսպորտից օգտվելու մատչելիության եւ հարմարավետության ապահովման, կանգառները ավտոմատ հայտարարման համակարգով կահավորման համար՝ 5 միլիոն դրամ, իսկ հուշարձանների, մշակութային արժեքների վերականգնման եւ պահպանման համար՝ ընդամենը 14 միլիոն դրամ։

Վթարված, հին եւ մեծ ծառայողական ծախսեր պահանջող ավտոմեքենաների փոխարինման նպատակով քաղաքապետարանը երկու նոր ավտոմեքենա կգնի, որոնց համար կվճարի ընդհանուր 20 միլիոն դրամ։

Ըստ նախագծի` 2018 թվականի բյուջեն կլինի պակասուրդով, քանի որ ծախսերը կկազմեն 80 միլիարդ 237 միլիոն 969 հազար դրամ, իսկ մուտքերը՝ 80 միլիարդ 189 միլիոն 696 հազար դրամ։ Դեֆիցիտը կկազմի 48 միլիոն դրամ։

Քաղաքապետարանը պատրաստվում է գալիք տարում մեծ քանակությամբ ինքնակամ կառուցված շենքեր եւ շինություններ օրինականացնել, որից ակնկալվում է 240 միլիոն դրամի եկամուտ։ Սրանից կրկնակի անգամ քիչ՝ 133 միլիոն 127 հազար դրամ եկամուտ կհավաքագրվի համայնքի տարածքում նոր շինությունների կառուցման թույլտվություններից։

Վարչական իրավախախտումների համար տեղական ինքնակառավարման մարմինների կողմից պատասխանատվության միջոցների կիրառումից ստացվող եկամուտները կկազմեն 460,1 միլիոն դրամ, որից 280 միլիոնը՝ ավտոկայանատեղիի դիմաց չվճարելու համար կազմված պատասխանատվության միջոցներից։

Համայնքային բյուջեից ավելի քան 15 միլիարդ 196 միլիոն դրամ դուրս կգրվի տրանսպորտային ցանցի սպասարկման համար։

Բյուջեից 6,4 միլիարդ դրամ նախատեսվում է աշխատավարձերի, 758,5 միլիոն դրամ՝ պարգեւատրումների եւ դրամական խրախուսումների համար։ Թափառող կենդանիների վնասազերծման ծախսը կկազմի 114,6 միլիոն դրամ։

Դրոշների տեղադրման համար հարկատուները կվճարեն 45 միլիոն դրամ։

Բյուջետային ուղերձի մեջ նշված է, որ քաղաքապետարանը 14 միլիոն դրամ է վճարելու Երեւան քաղաքին «միջազգային վարկանիշ շնորհելու» համար։ 2016 թվականին Երևանի քաղաքապետարանը վարկանիշ շնորհելու ծառայությունների ձեռքբերման համար պայմանագիր է կնքել Fitch միջազգային վարկանշային գործակալության հետ, որը ենթադրում է վարկանիշի վերանայում տարվա մեջ 2 անգամ: 

Պարզվում է, որ ավտոկայանատեղիների կազմակերպման համար, կոպիտ ասած՝ կարմիր գծեր գծելու եւ դրանց տարածքում ցուցանակների համար, համայնքային բյուջեից կհատկացվի 444 միլիոն դրամ։