
Ախուրյանի տարածաշրջանում այս տարի էլ ճակնդեղ չեն մշակի
Շիրակի մարզի Ախուրյանում տարածաշրջանի գյուղական համայնքների համայնքապետերի Գյուղատնտեսության նախարարի հետ հանդիպման ժամանակ քննարկվեց նաեւ մարզում ճակնդեղագործության ավանդույթների վերականգման խնդիրը: Սերգո Կարապետյանն ասաց, որ սեփականտիրոջ հետ իրենց հանդիպումների արդյունքում մթերման նախկին 25-26 դրամի փոխարեն, այժմ առաջարկվում է 40 դրամ` այն ինչ պահանջում էին գյուղացիները, որպեսզի սկսեն ճակնդեղ մշակել, սակայն որքան զարմանալի է, այս տարի էլ սայլը տեղից չի շարժվում:
Որ գինը բարձրացրել են, շատ լավ է, արձագանքեցին համայնքապետերը, իրենք այդ մասին տեղեկացված են, միայն թե հարգարժան պարոններն առաջարկն արել են բավական ուշ` գարնանը:
«Պետք էր աշնանն ասեին, որ մարդիկ տարածքներ առանձնացնեին, ցրտահերկ կատարեին»,-նկատեց Ազատանի գյուղապետը: Առափիի համայնքապետն էլ բացատրեց, որ իրենց մայրերն ու տատիկներն այլեւս չկան, իսկ նորօրյա հարսերն ու աղջիկները դժվար թե ճակնդեղ ուզենան մշակել ու լավ կլիներ, որպեսզի բերքի հավաքումը մեքենայացվեր:
«Չմոռանանք, որ մեր հողերը շատ աղքատիկ են նման մշակաբույսի համար, խնդրում ենք այս խնդրին էլ ուշադրություն դարձնել»,-նկատեց Ազատանի համայքնապետը:
«Հիմա ինչ եք ասում, էս տարի էլ չեք մշակելու»,-հարցրեց նախարարը:
«Ոչ,-հաստատորեն պնդեցին հավաքված գյուղապետերը, -եթե գնային փոփոխություն լինի ու հավաքման պրոցեսն էլ մեքենայացվի, այս աշնանը խոստանում ենք պայմանգրեր կնքելու համար դիմել Շաքարի գործարանի տնօրինությանը, կմշակենք հաջորդ տարվանից»:
«Գյուղացին պիտի տեսնի, որ դրանից օգուտ ունի,-նկատեց Ախուրյանի համայնքապետը,-իսկ դրա համար պիտի գոնե իրենք մշակեն, բերք ստանան, որ մենք էլ համոզվենք, գյուղացին էլ մեզ հետ»:
Մեկնաբանել