
Կառավարությունը հաստատեց 80 միլիոն եվրո արժողությամբ վարկային համաձայնագիրը
Կառավարության այսօրվա նիստում գործադիրի կողմից հավանության արժանացավ 80 մլն եվրո արժողությամբ նոր վարկային համաձայնագիր։ Այն կնքվել է Հայաստանի ֆինանսների նախարարության և Գերմանիայի Վերակառուցման եւ զարգացման բանկի (KfW) միջև՝ բազմաոլորտ քաղաքականության վրա հիմնված հարցերի շուրջ։
Նախագիծը ներկայացնող ֆինանսների նախարար Վարդան Արամյանը տեղեկացրեց, որ սա բյուջետային աջակցության վարկ է:
«Այն համահունչ է 2017 թվականի բյուջեի մասին օրենքում ամրագրված դեֆիցիտի ֆինանսավորման բյուջետային աջակցության ցուցանիշին, որը 220 միլիոն է։ Դրա 40 միլիոնն, ըստ էության, ծածկվելու է այս բյուջետային աջակցության վարկով»,- ասաց նախարարը։
Արամյանի խոսքով՝ վարկային գումարը տրամադրվելու է երկու տրանշով՝ 2017 և 2018 թվականների համար՝ 40-ական միլիոն եվրո գումարի չափով: Ֆինանսների նախարարը հավելեց նաև, որ առաջին 40 միլիոն եվրոն արդեն իսկ արտացոլված է 2018 թվականի պետական բյուջեի նախագծում։
«Ոլորտներն են ջրայինը, գորշ թափոնների կառավարումը և գյուղատնտեսության ապահովագրության մեխանիզմների ներդրումը, որի շրջանակներում KfW-ն նաև տրամադրում է շուրջ 8,3 միլիոնի դրական օժանդակության դրամաշնորհ»,- ասաց Արամյանը։
Ինչ վերաբերում է վարկային պայմաններին, ապա ըստ Արամյանի՝ դրանք բավական արտոնյալ են. վարկի մարման ժամկետը 15 տարի է, արտոնյալ ժամկետը՝ 5 տարի, տոկոսադրույքը՝ 2,4 %:
Հիշեցնենք, որ շուրջ մեկ ամիս առաջ ևս մեկ խոշոր հարկային համաձայնագիր է արժանացել գործադիրի հավանությանը. 100 միլիոն ԱՄՆ դոլարի ռուսական վարկ՝ ռուսական արտադրության ռազմական նշանակության արտադրանքի մատակարարումների ֆինանսավորման համար։
Մեկնաբանել