HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

1,7 մլրդ դրամ՝ ՊԵԿ-ին, 700 հազար դրամ՝ «Վարդենիսի նյարդահոգեբանական տուն- ինտերնատ»-ին

Կառավարությունը հերթական՝ նոյեմբերի 9-ի նիստում հավանության արժանացրեց 2017 թվականի պետական բյուջեի նախագծում վերաբաշխում կատարելու որոշման նախագիծը՝ գումար տրամադրելով աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը։

Նախագիծը ներկայացնող ֆինանսների նախարար Վարդան Արամյանի խոսքով՝ գումարն անհրաժեշտ է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարա­րու­թյան ենթակայությամբ գործող «Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատ» պետա­կան ոչ առևտրային կազմակերպության համար գազի ջեռուցման կաթսաներ ձեռք բերելու համար։ Կառավարության 2017 թվականի պահուստային ֆոնդից 700 հազար դրամ գումար հատկացվեց՝ նշված ծառայության համար։

Կառավարության մեկ այլ նախագծով 2017 թվականի պետական բյուջեի պահուստային ֆոնդից 20 միլիոն դրամ տրամադրվեց սփյուռքի նախարարությանը։ Նախագիծը ներկայացնող սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ասաց, որ գումարն անհրաժեշտ է բարձրագույն, նախնական (արհեստագործա­կան) և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների սիրիահայ ուսանողներին 2017-2018 թվականների ուսումնական տարվա ուսման վարձեր հատկացնելու նպատակով։

Օրակարգի մեկ այլ հարցով, որը չզեկուցվող էր, կառավարության պահուստային ֆոնդից ԿԱ ՊԵԿ-ին հատկացվեց 1 միլիարդ 665 միլիոն 144 հազար դրամ։

Նախագծի արձանագրության մեջ նշվում է, որ շուրջ 389 միլիոն դրամ հատկացվելու է ՊԵԿ աշխատողների աշխատավարձերի և հավելավճարների համար, իսկ ավելի քան 1 միլիարդ 275 միլիոնը՝ պարգևատրումների, դրամական խրախուսումների և հատուկ վճարների համար։

Մեկ այլ չզեկուցվող նախագծով կառավարության պահուստային ֆոնդից 17 միլիոն դրամ հատկացվեց «Փի-Արտ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը՝ հասարակության շրջանում գիտելիքների մակարդակի բարձրացմանը խթանող միջոցառումների իրականացման նպատակով։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter