HY RU EN

Ճոճկանի մանկապարտեզի երեխաներին աղիքային սուր ինֆեկցիայով տեղափոխել են հիվանդանոց

Ճոճկանի մանկապարտեզում նոյեմբերի 5-ից երեխաների մոտ գրանցվել է աղիքային սուր ինֆեկցիա:

Արմինե Գալստյանի որդին՝ Սամվել Երիցյանը, Ալավերդու բժշկական կենտրոնի ինֆեկցիոն բաժանմունք է տեղափոխվել նոյեմբերի 5-ի երեկոյան: «Տղաս այդ օրը` առավոտյան ժամը 10-ին, արթնացավ փորացավով և սրտխառնոցով: Հետո երեխայի մոտ սկսվեց փորլուծ: Սամվելիկի ջերմությունը բարձրացավ 39,8 աստիճան: Որդիս նոյեմբերի 4-ին կերել էր նրբերշիկով և հաճարով փլավ, խորոված կարտոֆիլ և մածուն: Արդեն 5-րդ օրն է` մենք հիվանդանոցում ենք»,- այսօր  առավոտյան «Հետք»-ին հայտնեց Արմինե Գալստյանը:

Անգելինա Սիմոնյանը երեք տարեկան է: Նախորդ հինգշաբթի օրվանից է հաճախում  Ճոճկանի մանկապարտեզ: Ուրբաթ օրը Անգելինան 39 աստիճանից բարձր ջերմություն է ունեցել: «Գիշերը 1-ից մինչև ժամը 5-ը նա սրտխառնոցի հետ նաև լուծ ուներ: Շաբաթ-կիրակի երեխայի տաքությունը իջավ: Երեքշաբթի երեխային ուղարկեցի մանկապարտեզ, նորից լուծ ունեցավ: Երեկ երեխան մանկապարտեզից երբ եկավ, կղանքի մեջ արյուն նկատեցի: Գյուղի բուժքուրն ասաց` իրենց երեխան էլ է հիվանդ, և ինձ խորհուրդ տվեց Անգելինային անհապաղ տեղափոխել հիվանդանոց»,- պատմեց Անգելինայի մայրը՝ Ռուզան Վարդումյանը:   

Անգելինան մոր' Ռուզան Վարդումյանի հետ

«Այո, մանկապարտեզի ջուրը Ճոճկանի նոր շահագործված ջրագծից է միացված: Անգելինան  ջուր շատ է սիրում խմել և թունավորման օրը մանկապարտեզում շատ ջուր է խմել»,- հայտնեց Ռուզանը: Վերջինիս խոսքով` թունավորված բոլոր երեխաները Ճոճկանի մանկապարտեզի սաներ են: 

Հայարփի Ալեքսանյանի զույգ որդիներից Արենի մոտ աղիքային ինֆեկցիան սկսվել է նոյեմբերի 5-ի երեկոյան: Ջերմությունը ուղեկցվել է լուծով: Երկուշաբթի լուծ և ջերմություն է ունեցել նաև Արեգը: Հայարփի Ալեքսանյանի ասելով` նույն օրն էլ զույգերը շտապ տեղափոխել են հիվանդանոց: Արենը և Արեգը նույնպես հաճախում են Ճոճկանի մանկապարտեզ:

«Երեխաներին նշանակվել են համապատասխան  բուժումներ՝ ստացել են հեղուկներ,  ներերակային ներարկումներ, նատրի քլորիդ՝ ջրազրկումը կանխելու համար: Կանոնակարգել ենք երեխաների սննդակարգը: Փոքրիկ հիվանդները մեր կողմից նախնական ախտորոշվել են աղիքային սուր ինֆեկցիա»,- հայտնեց Ալավերդու ԲՀԿ-ի մանկական ինֆեկցիոնիստ Մանուշ Հակոբյանը:  

Մանուշ Հակոբյանը

«Ալավերդու լաբորատորիան փակվել է, անալիզները նոյեմբերի 7-ին ուղարկել ենք Վանաձորի լաբորատորիա: Դեռ պատասխանները չունենք: Ենթադրում եմ` այն այսօր էլեկտրոնային տարբերակով մեզ կուղարկեն: Հիմա երեխաների ընդհանուր վիճակը դրական է»,- հայտնեց բժշկուհին:

Մանուշ Հակոբյանի խոսքով` իր հարցումներից պարզվել է, որ Ճոճկանում աղիքային ինֆեկցիայով եղել են նաև այլ երեխաներ, որոնք ամբուլատոր բուժումներ  են ստացել Ախթալայի բժշկական ամբուլատորիայում: «Մեզ հայտնի են նաև, որ հիվանդ բոլոր երեխաները  հաճախում են  Ճոճկանի մանկապարտեզ»,- ասաց բժշկուհին:

Ալավերդու բժշկական կենտրոնի տնօրեն Ստեփան Մոսինյանը նույնպես փաստեց, որ աղիքային սուր ինֆեկցիայով կենտրոնի ինֆեկցիոն բաժանմունքում բուժվող 4 երեխաները Ճոճկանի մանկապարտեզի նույն խմբից են: «Ես երեխաների թունավորման պատճառներին չեմ տիրապետում: Սպասում եմ լաբորատոր ոսումնասիրությունների արդյունքներին, որից հետո կարող եմ ասել իմ խոսքը»,- հեռախոսով մեզ ասաց խոշորացված Ախթալա համայնքի նորընտիր համայնքապետ Արկադի Թամազյանը: