
Կառավարությունը փորձում է երկաթուղու կառուցումն իրականացնել «ՌԱՍԻԱ ՖԶԷ»-ից անկախ
Հայաստանի կառավարությունը «ՌԱՍԻԱ ՖԶԷ» ընկերության հետ 2012 թվականին կնքել է Հայաստանի հարավային երկաթուղու կոնցեսիոն պայմանագիր, որով նախատեսվում է 316 կմ երկարությամբ երկաթուղու կառուցում Գավառ քաղաքի մոտակայքից դեպի Հայաստանի հարավային սահման՝ Մեղրի քաղաքի մոտակայք, որը միանալու է Հայաստանի Հանրապետության առկա կենտրոնական երկաթուղային համակարգին:
Հայաստանի տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը հայտնում է, որ կոնցեսիոն պայմանագրի համաձայն՝ նախատեսվում են կոնկրետ ժամանակահատվածներ ծրագրի իրագործելիության ուսումնասիրություն իրականացնելու, ծրագրային ֆինանսավորման, շինարարության և շահագործման փուլերի համար:
«Հայաստանի կառավարությունը համբերատար է գտնվել «ՌԱՍԻԱ ՖԶԷ»-ի նկատմամբ, սակայն վերջինիս կողմից շարունակաբար խախտվել են պայմանագրով սահմանված և՛ վերջնաժամկետները, և՛ մյուս պարտավորությունների կատարումը: Հաշվի առնելով վերոնշյալը և ծրագրի ռազմավարական նշանակությունը Հայաստանի Հանրապետության համար՝ ՀՀ կառավարությունը ջանքեր է գործադրում իրականացնելու երկաթուղու կառուցումը «ՌԱՍԻԱ ՖԶԷ»-ից անկախ»,- տեղեկացնում է նախարարությունը` ավելացնելով, որ նոր մանրամասների դեպքում կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:
Մեկնաբանել