HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«500 աշխատակից ունեմ, կարո՞ղ է բոլորին պետք է ձեռքով բարևեմ»

Մարինե Սահակյան

Դավիթը (անունը փոխված է) վերադարձել էր պարտադիր զինվորական ծառայությունից և աշխատանք էր փնտրում: Խոշոր ընկերություններից մեկը հրավիրել էր հարցազրույցի տնօրենի հետ: Հսկայական արտադրամասում, որտեղ պետք է լիներ հարցազրույցը, տնօրենին բարևելիս Դավիթը մեկնել էր ձեռքը, սակայն այն այդպես էլ օդում էր մնացել, փոխարենը հնչել էր հետևյալ պատասխանը. «500 աշխատակից ունեմ, կարո՞ղ է բոլորին պետք է ձեռքով բարևեմ»:

Դավիթը այլևս չէր ցանկացել աշխատել այդ ընկերությունում:

Աննան (անունը փոխված է), ով աշխատում էր հասարակական կազմակերպությունում, նշում է, որ անընդհատ խախտվում էին իր իրավունքները: Աշխատանքային պայմանագրով սահմանված պարտականություններից բացի` նրան հանձնարարվել էր անել գործեր, որոնց համար չէր վարձատրվել: «Իմ ղեկավարը կարողանում էր ստիպել մարդկանց` կատարել իր որոշումները առանց քննարկման: Շատ հաճախ  մոտեցումն աշխատողների նկատմամբ սեփականատիրական բնույթ էր կրում»,- ասում է Աննան: Թեև ընդմիջման ժամերը ֆիքսված են եղել պայմանագրով, սակայն գրեթե միշտ խախտվել են ղեկավարի կողմից նոր և շտապ  առաջադրանքների կատարման պահանջով:

«Այդ ամենը այն աստիճան էր, որ ամեն աշխատանքային օր հաճույքով աշխատանքի գնալու փոխարեն` մտածում էի՝ այսօր ինչ սթրես է ինձ սպասվում»,- ասում է Աննան:

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի իրավաբան Տաթևիկ Թոխյանը նշում է, որ աշխատանքային իրավունքների ոտնահարումը Հայաստանում շատ մեծ տոկոս է կազմում, տարածված են հատկապես հոգեբանական ճնշումները:

«Երբ անձին աշխատանքից հեռացնում են, իսկ նա` դիմելով դատարան, վերականգնվում է, հետո սկսվում է վիկտիմիզացիա՝ իր իրավունքների պաշտպանության համար մարդուն հետագայում հետապնդումների ենթարկումը: Այսօր արդեն Եվրոպական դատարանը ասում է, որ դա պետք է որպես խտրականություն դիտվի»,- հավելում է իրավաբանը:

Վերջինիս խոսքերով` ամեն ինչ արվում է, որպեսզի անձն իր կամքով գործից ազատվելու դիմում գրի: Ի՞նչ է արվում. չեն տրամադրվում նորմալ աշխատանքային պայմաններ՝ սեղան, համակարգիչ, անձը կարող է նստել միջանցքում, ձմեռվա ամիսներին՝ ցուրտ սենյակում, ոչ մի աշխատանք չի հանձնարարվում, որից մարդը կարող է իրեն անպիտան զգալ:

«Մանկապարտեզներն ու դպրոցները շատ քաղաքականացված են: Անձի կարևորությունը գնահատվում է, թե ընտրությունների ժամանակ քանի ձայն է բերել կամ չի բերել: Մեզ դիմել են շատ ուսուցիչներ, երբ ասել են, որ տնօրենը իրենց վատ է վերաբերվում նման պատճառով, բայց ոչ մի ուրիշ ուսուցիչ նույն դպրոցից չի գա և չի ասի, որ այդպես է, ընդհակառակը` տնօրենը մեզ մի «լավ պատճառաբանություն» կգրի, և մի քանի հոգի էլ կստորագրեն, որ եղել են այդտեղ և նման բան չի եղել», - ներկայացնում է Տաթևիկ Թոխյանը:

Եղել են դեպքեր, երբ գործատուն արգելել է մյուս աշխատակիցներին շփվել «անցանկալի անձի» հետ՝ ենթարկելով վերջինիս «հոգեբանական խոշտանգման»:  

Իրավաբանը նշում է, որ եթե մեկ աշխատակցի նկատմամբ այդպիսի վերաբերմունք է լինում, որի համար ոչ մի հետևանք չի կրում գործատուն, ապա վերաբերմունքը դառնում է սովորական և մյուս աշխատակիցների նկատմամբ կիրառելի:

Կոնկրետ որևէ անձից «ազատվելու» համար գործատուն կրճատում է հաստիքը, որոշ ժամանակ անց կրկին այն բացում. «Իրավաբանորեն օրենքի տառը պահպանված է , բայց ստացվում է մարդուց ազատվելու համար է արվում»:

Տաթևիկ Թոխյանը կարծում է, որ օրենսդրությունը պետք է պաշտպանիչ դեր ունենա, և գործատուի նման արարքների համար լինեն սանկցիաներ:

Վաճառքի ոլորտում 3-4 տարվա աշխատանքային փորձ ունեցող Թամարա Ստեփանյանը, հայաստանյան սուպերմարկետներում աշխատելով հավելյալ ժամեր, չէր վարձատրվում: «Մենեջերները միշտ ճնշման տակ էին պահում. այնպես էին վերաբերվում, ասես աշխատողները իրենց տեսնելիս պիտի վախենան: Իսկ եթե որևէ մեկը լավ հարաբերությունների մեջ չէր լինում, ավելի վատ վերաբերմունքի էր արժանանում, նույնիսկ վիրավորանքի էր հասնում»,- ասում է նա:

Թամարայի խոսքերով` Հայաստանում վերադասը միշտ ցույց է տալիս, որ ինքը վերադասն է, և իրեն բոլորը պետք է հնազանդվեն:

Սննդի վաճառքի ոլորտում մեկ ու կես տարի աշխատելուց հետո Թամարան փոխեց աշխատավայրը։ Սկսեց աշխատել բրենդային խանութում, որտեղ պայմանները,  ըստ նրա, ավելի լավ էին. գրանցված աշխատող էր, արձակուրդը վճարվում էր, նախկին 15 րոպեի փոխարեն ընդմիջումը 1 ժամ էր, ղեկավարներն էլ ընկերական էին:

«Այստեղ ես աշխատում էի շաբաթական 48 ժամ: Եթե ավել էի աշխատում որոշ օրեր, ապա վարձատրվում էի կամ` ազատ ժամեր ունենում: Իսկ սուպերմարկետում ստիպված ես մնալ առանց վարձատրության»,- ասում է Թամարան:

Իրավաբան Տաթևիկ Թոխյանը նշում է, որ սուպերմարկետում աշխատանքային պայմանագիր էլ չի ներկայացվում աշխատակիցներին, որպեսզի վերջիններս իմանան իրենց և գործատուի պարտականությունները: «Եթե նույնիսկ անձը պահանջի, չի տրամադրվի պայմանագիր, փոխարենը կասեն` «այնքա՜ն ցանկացողներ կան»: Հաճախ մեր երկրի սոցիալ-տնտեսական վիճակից է ձևավորվել հանդուրժողականությունն աշխատավայրում»,- ասում է իրավաբանը:

Հայաստանի աշխատանքային օրենսգրքով գործատուն աշխատողի հետ կարող է կնքել մշտական և ժամանակավոր պայմանագիր: Վերջինս մշտական պայմանագրի համեմատ  բացառություն է և միայն օրենքով նախատեսված դեպքերում է թույլատրվում: «Էլոֆանտ» փաստաբանական գրասենյակի փաստաբան Գևորգ Հակոբյանը նշում է, որ աշխատանքային իրավունքների խախտման դատական վեճերի մեջ մեծ տոկոս են կազմում այն գործերը, երբ գործատուն կնքում է ժամանակավոր պայմանագիր, սակայն աշխատողի համար այն մշտական բնույթ  է ունենում: Մշտական պայմանագրի դեպքում էլ են լինում դատական վեճեր, երբ  աշխատանքից ազատելուց չի պահպանվում հիմքը և կարգը: Աշխատանքային իրավունքների խախտումներից է աշխատավարձը չվճարելը, որը կարելի է բաժանել երկու տեսակի՝ զուտ չվճարված աշխատավարձ և արտաժամյա ու գիշերային աշխատանքի համար չվարձատրված:

«Շատ հաճախ աշխատողները տուժում են, որովհետև չեն կարողանում ապացուցել, որ ավելի երկար են մնացել և շատ աշխատել: Լինում է, երբ գործատուները ասում են, որ աշխատողը իր կամքով է մնացել, աշխատել, և իրենք չեն ստիպել: Սակայն դա էական չի, քանի որ կա դատարանի նախադեպ, որն ասում է՝ գործատուն ինքն է հետևում և ինքը պետք է պատշաճ նայի, որպեսզի աշխատողը արտաժամյա չաշխատի, իսկ աշխատելու դեպքում վարձատրվի»,- ասում է Գևորգ Հակոբյանը:

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի իրավաբան Տաթևիկ Թոխյանի կարծիքով` աշխատանքային իրավունքների որոշ խախտումների կարգավորման համար պետք է ստեղծվի արտադատարանային մարմին:

նկարը` www.hightowerlowdown.org

Մեկնաբանություններ (1)

Մելիքսեթ
,,Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի իրավաբան Տաթևիկ Թոխյանի կարծիքով` աշխատանքային իրավունքների որոշ խախտումների կարգավորման համար պետք է ստեղծվի արտադատարանային մարմին:,, Բարի ու անհրաժեշտ մտահղացում է, միաժամանակ պետք է կարգավորել դաարանների կողմից գործերի քննման ժամանակի օրենսդրական փոփոխություն թեչե գործերի քննությունը ուղղակի ու անուղղակի պատճառներով այքան էձգվում որ կորցնում է համն ու հոտը: ,,Գործը հնանում է տերն էլ շնանում է,, ժող. խոսք:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter