«Հայաստանի քաղաքականությունը 2011 թվականից հետո»
Ամփոփ զեկույց Քաղաքական զարգացումների հետազոտական կենտրոնի կողմից 2011 թվականին իրականացված հետազոտությունների
2011 թվականը վկայեց Հայաստանի ակտիվ արտաքին քաղաքականության մասին` որպես տարածաշրջանային և միջազգային հարափոփոխ զարգացումներին հարմարվելու երաշխիք: Առավելագույնս ապահովվեց Հայաստանի` որպես մրցունակ երկրի և վստահելի գործընկերոջ միջազգային հեղինակությունը:
Նշանակալի էր Հայաստանի խթանիչ դերակատարությունը ԱՊՀ ու ՀԱՊԿ ներինտեգրման ապահովման գործում և եվրոպական ինտեգրացիայի վեկտորին նոր որակի հաղորդման պետական ընդհանուր քաղաքականությունը: Այս համատեքստում փոխլրացման կարևոր գործառույթ կատարեց արտաքին քաղաքականության ատլանտյան ուղղության կայուն ակտիվացումը:
Ներքին քաղաքականությունը նշանավորվեց տնտեսական կայունացման և արդյունավետ կառավարման ապահովմամբ, և ներքաղաքական գործընթացներում ժողովրդավարական ուղեգիծը ծառայեց որպես լրացուցիչ երաշխիք արտաքին քաղաքականության ոլորտում:
Մրցունակ տնտեսության ապահովման համար ստեղծվեցին կարևոր նախադրյալներ. պետական կառավարման ոլորտում էլեկտրոնային կառավարման համակարգի կայացումը, օլիգոպոլիաների դեմ նոր որակի քաղաքականությունն ու բիզնեսի համար անհրաժեշտ գործիքակազմի կիրարկումը, տարածքային համաչափ զարգացմանն ուղղված միջոցառումները և, մասնավորապես, գյուղատնտեսության խթանումը:
Արդի քաղաքական, տնտեսական զարգացումների վերլուծությունը ցույց է տալիս, որ Հայաստանի տնտեսական մրցունակության ապահովման համար անհրաժեշտ է հայաստանյան մակարդակում սփյուռքահայության ներուժը կոնսոլիդացնել ռազմավարական-երկարաժամկետ նշաձողի սահմանմամբ` պետական-մասնավոր գործընկերության սկզբունքով:
Ներքին սոցիալական, տնտեսական հնարավոր ռիսկերի կանխարգելման, ներքաղաքական կայունության ապահովման, ինչպես նաև տնտեսական հետագա աճի նպատակով անհրաժեշտ է գերակա միջոցառում սահմանել սոցիալական ծառայությունների արդյունավետ մատուցումն ու պետություն-քաղաքացի ինտերակտիվ հաղորդակցությունն ապահովող էլեկտրոնային մասնակցության գործիքների համալիր ներդրումը:
Թեև որոշ քայլեր ձեռնարկվեցին, այդուամենայնիվ, շարունակում է թերի մնալ 2009թ.-ին Կենտրոնի կողմից մատնանշված քաղաքական և այլ ոլորտներում հարաբերությունների կառուցման անհրաժեշտությունը ուժային այնպիսի բևեռների հետ, ինչպիսիք են Չինաստանը, Հնդկաստանը, Բրազիլիան և Ճապոնիան: Հայաստանի արտաքին քաղաքականությունը պետք է նոր որակ ու ակտիվություն հաղորդի նշված այս ուղղություներին:
Արտաքին քաղաքական հնարավոր սպառնալիքների կանխարգելման և կայուն արտաքին քաղաքականության շարունակականությունն ապահովելու նպատակով անհրաժեշտ է զարգացնել հակաահաբեկչական քաղաքականություն` դրա մարտավարական (տարածաշրջանային ռիսկերի համար) և ռազմավարական (միջազգային ռիսկերի համար) ուղղություններին նոր ազդակի հաղորդմամբ, արտաքին ու ներքին սպառնալիքների փոխներգործվածությունը և ժողովրդագրական անվտանգությունը հաշվի առնելու սկզբունքներով:
«Հայաստանի քաղաքականությունը 2011 թվականից հետո» ամփոփ զեկույցը հիմնված է Քաղաքական զարգացումների հետազոտական կենտրոնի կողմից 2011թվականին իրականացված հետազոտությունների բազմակողմանի վերլուծության վրա: Հետազոտությունների և, որպես եզրակացություն, տվյալ ամփոփ զեկույցի նպատակն է` խորհրդատվություն տալ պետական գերատեսչական մարմիններին` սեփական քաղաքականություններում հաշվի առնելու նշված նկատառումները: Զեկույցում նշված նկատառումները վերաբերում են ՀՀ քաղաքականության միայն այն կողմերին, որոնք, ըստ Քաղաքական զարգացումների հետազոտական կենտրոնի, առավելապես են կարևորվում քաղաքական ներկա իրավիճակում:
Քաղաքական զարգացումների հետազոտական կենտրոնի հանրային կապերի բաժին
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել