HY RU EN

Ամալյա Մարգարյան

2017-ի առաջին 10 ամիսներին «Հաշմանդամ երեխա» կարգավիճակ ստացածների թիվը նվազել է

2017 թվականի առաջին 10 ամիսների ընթացքում 341 երեխայի մերժել են տրամադրել «Հաշմանդամ երեխա» կարգավիճակ: Ըստ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Հետք»-ին տրամադրած տվյալների՝ «Հաշմանդամ երեխա» կարգավիճակ ստանալու համար 2017թ.-ի առաջին 10 ամիսների ընթացքում փորձաքննություն են անցել 2612 երեխաներ, սակայն կարգավիճակ շնորհվել է 2271-ին կամ 86,94 տոկոսին:

2017-ի համեմատությամբ՝ 2016-ին և 2015-ին դիմողների թիվն ավելի շատ է եղել: 2016-ին մանկական բժշկասոցիալական հանձնաժողով են դիմել 3262 երեխա, իսկ 2015-ին՝ 2883:

2017-ին դիմողների թիվն ամենաքիչն է, սակայն երեք տարվա համեմատությամբ՝ գրանցվել են ամենաշատ մերժումները:

«Հաշմանդամ երեխա» կարգավիճակ չստացածների մեջ ավելի շատ տղա երեխաներն են եղել: 2017-ի դրությամբ 0-18 տարեկան 272 տղայի և 69 աղջկա «հաշմանդամ երեխա» կարգավիճակ չի տրամադրվել:

Երեխայի հաշմանդամության կարգավիճակ տրամադրվում է աշխատանքի և սոցիալական նախարարությանը կից բժշկասոցիալական գործակալության կողմից՝ մարզային և երևանյան հանձնաժողովների որոշմամբ:

Համաձայն կառավարության 2003 թվականի 780-Ն որոշման՝ մինչև 18 տարեկան անձանց «հաշմանդամ երեխա» կարգավիճակի սահմանման չափանիշ են հանդիսանում հիվանդություններով, վնասվածքների հետևանքով, արատներով կամ զարգացման և աճի խանգարումներով պայմանավորված օրգանիզմի ֆունկցիաների չափավոր, արտահայտված կամ խիստ արտահայտված կայուն խանգարումները, որոնք հանգեցնում են կենսագործունեության սահմանափակումների:

«Մերժումների թիվն աճել է, քանի որ հիվանդության չափորոշիչները փոխվել են»

Մանկական բժշկասոցիալական հանձնաժողովի (ՄԲՍՀ) նախագահ, մանկաբույժ Նունե Պետրոսյանը մերժումների աճը կապում է բժշկական նոր չափորոշիչների սահմանման հետ:

«Հիվանդությունների չափորոշիչները փոխվել են, բժիշկները օգտվում են այդ ուղեցույցներից: Ժամանակին գործել են այլ որոշումներ, օրինակ՝ տարիներ առաջ էպիլեպսիայով հիվանդ երեխային կամ շաքարային դիաբետ ունեցողին մինչև 18 տարեկանը միանգամից տրամադրել են կարգավիճակ, հիմա խստացվել է»,- նշում է մանկաբույժը:

Ըստ ՄԲՍՀ-ի նախագահի ՝«Հաշմանդամ երեխա» կարգավիճակ ստանալու համար դիմումներում առավել շատ հանդիպում են նյարդաբանական և հոգեկան սահմանափակումներ, ինչպես նաև գենետիկ և հենաշարժողական ֆունկցիայի սահմանափակումներ ունեցող երեխաներ:  Իսկ դիմումի մերժման բողոքներն առավել շատ հանդիպում է էպիլեպսիա և բրոնխիալ ասթմա հիվանդությունների դեպքում: Մանկաբույժի պնդմամբ՝ հաշմանդամություն են սահմանում ոչ թե հիվանդության, այլև դեղերի ու բուժման արդյունքի հիման վրա:

«Օրինակ՝ էպիլեպսիայով հիվանդ երեխային կարգավիճակ տրամադրելու համար ամսվա մեջ գոնե երկու՝ շտապօգնություն կանչ կամ հոսպիտալացման արձանագրություն պիտի լինի: Պիտի ակնառու լինի, որ դեղերի օգտագործման հետ զուգահեռ երեխաների մոտ հաճախակի ցնցումներ են լինում: Մենք հաշմանդամություն ենք սահմանում ոչ թե հիվանդության հիման վրա, այլ դեղերի, բուժման արդյունքի հիման վրա ինչպիսի երևույթներ են արձանագրվում»,- ասում է մանկաբույժը:

Սահմանված է չափավոր ու աննշան սահմանափակումներ: Նունե Պետրոսյանի պարզաբանմամբ՝ չափավորի սահմանափակման դեպքում երեխան կենսագործունեության ֆունկցիաների բավարարելու համար օժանդակ միջոցների կարիք է զգում կամ ծնողների օգնությանն է դիմում, իսկ աննշան խանգարման դեպքում հաշմանդամություն չի սահմանվում. երեխան կարողանում է ինքնուրույն հոգալ կարիքները:

Մանկաբույժը պնդում է, որ հիվանդությունները վերականգնվելու հատկություն ունեն: «Փոքր տարիքում ֆունկցիայի խանգարումն առավել արտահայտիչ է լինում: Տարիների ընթացքում երեխան կարող է հարմարվել սահմանափակմանը կամ վերականգնողական բուժման շնորհիվ լավանալ: Օրինակ՝ սրտի արատով երեխաների համար, երբ առաջին վիրահատությունից հետո դիմում են բժշկասոցիալական հանձնաժողով, կարգավիճակ կարող է սահմանվել, բայց երկու տարի հետո եթե դիմի, երեխան կարող է արդեն չունենա անբավարարության նշաններ, լինի կենսունակ ու կարգավիճակ չստանա»,- նշում է մանկաբույժը:

Ինչ վերաբերում է տղաների դիմումների մերժումների ավելի շատ և աճող ցուցանիշին, Նունե Պետրոսյանը այն պայմանավորում է սեռերի անհամամասնությամբ և տղա երեխաների ծնունդի առավել բարձր մակարդակով: «Ավելի շատ տղա երեխաների համար են դիմում, ուստի ավելի շատ մերժումներ նրանց են տրամադրում»,- հավելում է ՄԲՍՀ-ի նախագահը: