
Ռուսական հեռուստախաղի արտոնագիրը գնվելու է ուսանողական նպաստների գումարով
Կրթության և գիտության նախարարության առաջարկով` այս տարի պետբյուջեից 17 միլիոն դրամ կտրամադրվի ռուսական «Ինչ, որտեղ, երբ» հեռուստախաղի արտոնագրի գնման և հայկական եթերով ցուցադրման համար: Կառավարությունն այսօրվա նիստում համապատասխան որոշում է ընդունել: Նախագծային փաստաթղթերում նշվում է, որ գումարը կփոխանցվի «Փի-Արտ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը:
Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը կառավարություն ներկայացրած նախագծում նշել է, որ հեռուստանախագիծը Հայաստանում իրականացվում է արդեն 15-րդ տարին: Ամեն տարի, սակայն, հեռուստախաղի արտոնագիրն այսքան չի արժեցել:
Կառավարության նախորդ որոշումները փաստում են, որ վերջին տարիներին հեռուստախաղի արտոնագիրը թանկացել է: Ռուսաստանյան «Իգրա Թի Վի» հեռուստաընկերության տրամադրած արտոնագիրը 2011թ. արժեցել է` 10,5 միլիոն դրամ, 2013 և 2014թթ.` 12 միլիոն դրամ, 2015թ.-ից դարձել է 17 միլիոն դրամ` թանկանալով 5 միլիոն դրամով: 2015թ. որոշման ժամանակ, երբ արտոնագրի գինը 12 միլիոն դրամից միանգամից բարձրացել է 17 միլիոն դրամի, թանկացումը չի հիմնավորվել նախագծային փաստաթղթերում:
Հեռուստախաղի կազմակերպման նպատակը, ըստ որոշման փաստաթղթերի, «ինտելեկտուալ շարժման շարունակական զարգացումը» ապահովելն է, «հասարակության շրջանում գիտելիքների մակարդակը բարձրացնելը»:
Արտոնագրի գումարը, սակայն, տարեսկզբին բյուջեով չի նախատեսվում հատուկ տողով: Այս տարվա 17 միլիոն դրամը, որով կազմակերպվելու է խաղը, ըստ ԿԳՆ-ի, գոյացել է «Միջին մասնագիտական կրթության գծով ուսանողական նպաստների տրամադրում» ծրագրով նախատեսված միջոցների խնայողություններից: Իսկ խնայողությունը առաջացել է «ընդունելությունը սահմանվածից պակաս կատարելու հետևանքով սովորողների միջին տարեկան թվաքանակի նվազման» հետևանքով:
Ստացվում է «ինտելեկտուալ շարժումը շարունակաբար զարգանում» է այն դեպքում, երբ Հայաստանում կրթություն նախընտրողների թիվը գնալով նվազում է: Եվ նվազում է ոչ միայն միջին մասնագիտական, այլև բարձրագույն կրթություն նախընտրողների թիվը: 2016թ. նույն արտոնագրի գնման 17 միլիոն դրամը գոյացել է «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության ծրագրից»` դարձյալ ուսանողական նպաստների բյուջեից:
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել