HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

«Ականջներդ կկտրեմ» դատախազը` «զինված խմբի» գործով ամբաստանյալ Արթուր Վարդանյանին

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում «զինված խմբի» գործով դատական նիստին վիճաբանություն տեղի ունեցավ ամբաստանյալ Արթուր Վարդանյանի և մեղադրող դատախազ Գևորգ Սարգսյանի միջև:

Գործում առկա փաստացի ապացույցների հետազոտման շրջանակներում մեղադրող դատախազը հրապարակեց, որ գործում առկա են «Շռամ Վալերիկ» անվամբ ինչ-որ անձնավորության գերեզմանի մոտ արված լուսանկարներ:

Վերը նշված անձն արցախյան պատերազմի մասնակից  Վալերիկ Վարդանյանն է, ամբաստանյալ  Արթուր Վարդանյանի հայրը:  Հորն ինչ-որ անձնավորություն անվանելու հանգամանքը զայրացրեց Արթուր Վարդանյանին:

«Ինչ- որ անձնավորություն չէ, Վալերիկ Վարդանյանն է` իմ հայրը, ինչ- որ կարող ես դու լինել»,- դատախազին դիմելով` ասաց Արթուր Վարդանյանը: Դատավորը Վարդանյանին նկատողություն արեց, որից հետո վերջինս շարունակեց դժգոհել:

«Ամեն ինչ բացահայտեց, բայց չի՞ կարողացել բացահայտել, որ Վալերիկ Վարդանյանը հայրս է».- բարձր տոնով ասաց Վարդանյանն ու ևս մեկ անգամ էլ ավելի բարձր կրկնեց, թե ինչ- որ անձնավորություն չէ, որ խոսքն իր  հոր մասին է:

Դատավոր Արմեն Բեկթաշյանը Վարդանյանին ևս մեկ նկատողություն արեց՝ նախազգուշացնելով, որ եթե ամբաստանյալը նույն կերպ շարունակի, նիստերի  դահլիճից կհեռացվի,  վերջինս հակադարձեց, թե դատավորը չի որոշելու` ինքը ճիշտ է  իրեն պահում, թե սխալ: Բեկթաշյանը մեկ ժամով Վարդանյանին դահլիճից հեռացնելու որոշում կայացրեց:

Երբ ոստիկանների ու կարգադրիչների ուղեկցությամբ Վարդանյանը դուրս էր գալիս նիստերի դահլիճից, մեղադրող դատախազի կողմը շրջվելով` ինչ- որ բան ասաց, ինչը բարկացրեց դատախազ Սարգսյանին:

«Ականջներդ կկտրեմ»,- հակադարձեց Գևորգ Սարգսյանը: Րոպեներ անց վերսկսված նիստին Սարգսյանը պարզաբանեց, թե ինքը  Արթուր Վարդանյանի հորը վիրավորելու որևէ միտում չի ունեցել, որ ընթերցել է պարզապես այն, ինչ գրված է եղել գործի նյութերում: Իսկ դատական նիստի ավարտին դատախազը քաղաքացիների համար նախատեսված մուտքով դուրս չեկավ. վերջինս դատարանի դահլիճն, ամենայն հավանականությամբ լքել էր դատավորի համար նախատեսված դռնից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter