
Ռիչարդ Կիրակոսյան. «Հայաստանը պետք է անի այն, ինչ բխում է իր ազգային շահերից, ոչ թե այն, ինչ կգոհացնի Ռուսաստանին»
ԵԱՀԿ Մինսկի խմբի բանակցություններում ներգրավված միակ անդամը, որ կարող է փոխել իր քաղաքականությունը Ղարաբաղի հակամարտության հարցում, Ռուսաստանն է: Այսօրվա մամուլի ասուլիսում այն կարծիքը հայտնեց Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը:
Նա նշեց, որ Հայաստանի դիրքորոշումը Ղարաբաղի հարցում պարզ է, Ադրբեջանի դիրքորոշումը և դիվանագիտական ռազմավարությունը՝ ևս: «Ադրբեջանի դիվանագիտական ռազմավարությունը ոչ դիվանագիտական է, ոչ էլ ռազմավարական: Նրանք ուզում են ամեն ինչ կամ ոչինչ: Դա չի փոխվի»,- ասաց Ռիչարդ Կիրակոսյանը:
Մինսկի խմբի համանախագահներից Ֆրանսիան ու ԱՄՆ-ն ևս կանխատեսելի են, և նրանց քաղաքականությունը ևս չի փոխվի: Իսկ ահա Ռուսաստանի դիրքորոշումը կարող է փոխվել, քանի որ այդ երկիրը վերջին 2 տարվա ընթացքում բարելավում է հարաբերությունները Ադրբեջանի հետ, Ղարաբաղի հարցում սկսում է դիվանագիտական նախաձեռնություններ դրսևորել:
Բանախոսը նշեց, որ քաղաքականության մեջ այս հնարավոր փոփոխությունը երկու գործոնի վրա է հիմնված: Առաջին՝ Ռուսաստանն այնքան ուժեղ է Հայաստանում, որ Հայաստանը շատ քիչ լծակ ունի, որոնք կարող է օգտագործել Ռուսաստանի դեմ, եթե Ռուսաստանը որդեգրի ավելի չոզոք կամ պակաս հայամետ դիրքորշում: Իսկ ավելի «չեզոք» լինելը կարող է բխել Ռուսաստանի ազգային շահից: Միաժամանակ Ռուսաստանն ավելի շատ ռազմական գործարքներ է կնքում Ադրբեջանի հետ:
«Հայ-ռուսական հարաբերությունների խնդիրը հետևյալն է. Հայաստանը թերագնահատում է իր կարևորությունը Ռուսաստանի համար և գերագնահատում է Ռուսաստանի կարևորությունն իր համար»,- ասաց Ռիչարդ Կիրակոսյանը:
Անդրադառնալով «Հետքի» դիտարկմանը, որ շատ է խոսվում, որ Ռուսաստանի նկատմամբ Հայաստանի նման դիրքորոշման պատճառն այն է, որ Հայաստանի իշխանությունները ոչ լեգիտիմ են՝ Ռիչարդ Կիրակոսյանը նշեց, որ Ռուսաստանը հիմա այնքան ուղղակիորեն ներգրավված չէ Հայաստանի ներքաղաքական կյանքում, ինչքան նախկինում, քանի որ դրա կարիքը չունի:
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունների անհամաչափությունն ու հավասարակշռության պակասը հիմնականում գալիս է նրանից, որ Ռուսաստանը ձեռք է բերել, կամ նրան տրվել են Հայաստանի տնտեսության կարևորագույն սեկտորները»,- ասաց նա:
Միաժամանակ բանախոսը նշեց, որ Ռուսաստանը շատ կարևոր է Հայաստանի համար և միշտ էլ կլինի, և ինքը չի ասում, թե Հայաստանը պետք է հայացքը շեղի Ռուսաստանից: Այլ փոխարենը Հայաստանը պետք է անի այն ամենը, ինչ բխում է իր ազգային շահերից, այլ ոչ թե այն, ինչ կգոհացնի Ռուսաստանին, և Ռուսաստանը, ինչպես Թուրքիան, կհարգի միայն ուժեղ Հայաստանի:
Հայաստանը միակ երկիրն է տարածաշրջանում, որ անդամակցում է ՀԱՊԿ-ին և իր տարածքում ունի ռուսական ռազմաբազա: Ռիչարդ Կիրակոսյանի խոսքերով՝ Ռուսաստանը պետք է ավելի շատ հարգի այդ հարաբերությունները: Օրինակ՝ այդ երկիրը պետք է Հայաստանին խորհրդանշական գումար վճարի՝ այստեղ իր ռազմաբազան ունենալու համար, ինչպես անում է Ղրղզստանի դեպքում:
Ռիչարդ Կիրակոսյանն անդրադարձավ նաև այն կանխատեսումներին, որ ԱՄՆ-ն կարող է հարվածել Իրանին, հնարավոր պատերազմում կարող է ներգրավվել Ռուսաստանը և օգտագործել Հայաստանում գտնվող ռուսական 102-րդ բազան՝ այդպիսով Հայաստանին ևս ներքաշելով պատերազմի մեջ:
Բանախոսն ասաց, որ չնայած ռուսական լրատվամիջոցների հաղորդած լուրերին՝ Իրանի դեմ պատերազմի վտանգը հիմա ավելի փոքր է, քան նախկինում: Եվ այժմ պատերազմի վտանգի մասին ավելի շատ խոսելը ռազմավարություն է՝ միտված դիվանագիտական լծակները ուժեղացնելուն:
«Իրանական խնդրին ռազմական լուծում չկա: Ոչ իսրայելցիները, ոչ Արևմուտքը, ոչ էլ նույնիսկ ռուսները չեն կարող լուծել սա: Սա պահանջում է դիվանագիտական լուծում: Հայաստանը եզակի երկրներից է, որ հարևան է Իրանին և լավ հարաբերություններ ունի Իրանի հետ: Հայաստանը կարող էր պոտենցիալ միջնորդ լինել Իրանի և Արևմուտքի միջև»,- ասաց Ռիչարդ Կիրակոսյանը:
Նրա խոսքով՝ ավելի կարևոր է այն, որ Իրանի ներսում կոնֆլիկտ կա՝ Իրանի նախագահի և այլ պաշտոնյաների միջև, ինչը նշանակում է, որ միջազգային հանրությունը, Ռուսաստանը, Հայաստանը քիչ բան կարող են անել՝ ազդեցություն ունենալու համար: «Իրանում ամեն օր «Մարտի 1» է»,- ասաց բանախոսը:
Ամփոփոփելով 2011թ. ընթացքում Հայաստանի արտաքին քաղաքականությունը՝ Ռիչարդ Կիրակոսյանն ասաց, որ այն ավելի ուժեղ էր, քան նախկինում: Հայաստանի դիրքի ուժեղացումը կախված է երեք գործոնից:
Առաջինը հայ-թուրական կանոնավորման գործընթացն է: «Առաջին անգամ Հայաստանի նորագույն պատմության մեջ Հայաստանի արտաքին քաղաքականությունն ավելի ուժեղ է, քան Թուրքիայինը: Առաջին անգամ Հայաստանի նորագույն պատմության մեջ ԱՄՆ-ն, Ռուսաստանը և ԵՄ-ն կանգնած են Հայաստանի դիրքերում, երբ միջազգային հանրությունը ամբողջ ճնշումը գործադրում է Թուրքիայի վրա, և բոլոր սպասելիքները կապված են Թուրքիայի հետ»,- ասաց Ռիչարդ Կիրակոսյանը:
Երկրորդ գործոնը, որը Հայաստանի արտաքին քաղաքականությունը 2011թ. դարձրեց ավելի ուժեղ, Ղարաբաղն է: Նրա խոսքով՝ Ադրբեջանը, իր անարդյունավետ դիվանագիտական ռազմավարության պատճառով, Հայաստանի դիրքն ավելի ուժեղ է դարձրել: «Ինչպես ցույց տվեց Կազանում տեղի ունեցած հանդիպումը, Լեռնային Ղարաբաղի դիվանագիտության հարցում խնդիրը Բաքուն է»,- ասաց Ռիչարդ Կիրակոսյանը:
Երրորդ գործոնը Եվրամիության հետ Հայաստանի հարաբերություններն են: ԵՄ-ին ինտեգրվելու հարցում Հայաստանն ավելի շատ բան է արել անցյալ տարում, քան վերջին 8 տարում: Սակայն միաժամանակ բանախոսն ասաց, որ այս ամենը պետք է պահպանել և ամրապնդել:
Ռիչարդ Կիրակոսյանի կախատեսմամբ՝ 2012թ. Թուրքիան կարող է վերադառնալ նորմալացման գործընթացին, բայց Թուրքիան արդեն գին է վճարում Հայաստանի հետ անկեղծ չլինելու համար: Այդ գինը երևաց երեկ՝ Ֆրանսիայի խորհրդարանում Ցեղասպանության չժխտումը քրեականացնող օրենքի ընդունվելուց հետո:
Ինչ վերաբերում է Ղարաբաղի «խաղաղության գործընթացին», ապա այն, Ռիչարդ Կիրակոսյանի կանխատեսմամբ, 2012թ-ին կշարունակվի, բայց շատ ավելի թույլ:
Մեկնաբանություններ (7)
Մեկնաբանել