HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գիտամեթոդական խորհուրդն Արցախ պուրակի կառուցապատման հարցը հանել է օրակարգից

Գայանե Սարգսյան

Վանաձորի Արցախ պուրակում մանկական զբաղվածության կենտրոնի կառուցման հարցը նոյեմբերի 7-ին քննարկվել է մշակույթի նախարարության  գիտամեթոդական հանձնաժողովում։ 

Քննարկումը կայացել է ոլորտը ներկայացնող, հանրապետության տարբեր մասնագետների, մշակույթի փոխնախարար Արև Սամուելյանի մասնակցությամբ: Հարցը հանձնաժողովին ներկայացրել է Վանաձորի քաղաքապետարանի քաղաքաշինության ու ճարտարապետության բաժնի պետ, Վանաձորի գլխավոր ճարտարապետ Սուրեն Աբովյանը:

«Գլխավոր հատակագիծը հաստատված  է 2014 թվականին: Գլխավոր հատակագծի ելակետային փաստաթղթերում նախարարությունից ստացել ենք պահպանական գոտին և այդ թվում՝ Արցախ հրապարակը: 2007 թվականին հողամասը օտարվել էր: Մանկական զբաղվածության կենտրոնի կառուցման նախագիծը մշակվել է համաձայն նախագծային առաջադրանքի, ելակետային տվյալների, հողամասի սեփականության վկայականի և ճարտարապետահատակագծային առաջադրանքի հիման վրա: Նախագծով նախատեսվում է կառուցել երկհարկ կառույց, նկուղային հարկում ավտոկայանատեղի: Կառույցը հատակագծում ուղղանկյուն է՝ 27.5 մ x 30.0 մ առանցքային չափերով: Շենքի ամենաբարձր նիշը կազմում է 14.5 մ»,- ներկաներին տեղեկացրել է Ս․ Աբովյանը:

«Վանաձոր քաղաքի Արցախ հրապարակը՝ Լոռու մարզի պատմամշակութային հուշարձանների պետական ցուցակում ներառված հուշարձան է: Դեռ մի քանի տարի առաջ համայնքը դիմել է նախարարությանը, որպեսզի փորձագիտական հանձնաժողովը պետական ցուցակից հանի հուշարձանը՝ տարածքում կառուցապատում իրականացնելու համար: Վանաձորում Արցախյան շարժման ժամանակ այդտեղ են տեղի ունեցել ժողովրդի հավաքները և միտինգները, այստեղից են Արցախ ճանապարհվել ազատամարտիկների ջոկատները: Այդ տարածքը պատմական արժեք ունի: Փորձագիտական հանձնաժողովը երկու քննարկմամբ մերժեց համայնքին, և այդ հրապարակը մնաց հուշարձանի կարգավիճակում: Գլխավոր հատակագծում Արցախի հրապարակը նշված չէ, սակայն հուշարձանի պահպանական գոտին համաձայնեցվել և հաստատվել է 2009 թվականին: Հուշարձանի ուղղանկյուն կառուցվածքի մոտավորապես մեկ քառորդում ամբողջ մակերեսով մի քանի հարկանի կառույց է նախատեսվում: Չեմ հասկանում, թե այս դեպքում ի՞նչ պետք է քննարկենք»,- նկատել է  մշակույթի նախարարության պատմության ու մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության պետ Արմեն Աբրոյանը:

Ճարտարապետ Հովհաննես  Սանամյանն էլ նպատակահարամար չի գտել Արցախ պուրակում զբաղվածության կենտրոնի կառուցման հարցի քննարկումը` ասելով.                                           

«Հուշարձանը կարող է գեղարվեստական արժեք չունենալ, բայց ունենալ պատմական արժեք և լինել պատմության հուշարձան: Այս հրապարակը պատմության հուշարձան է և եթե մենք ընդունում ենք, որ այս հրապարակը հուշարձան է, ուրեմն բնականաբար պետք է մերժենք և ոչ մի նախագիծ էլ չընդունենք: Իսկ եթե հուշարձան չէ, և ուզում են կառուցապատել, կրկին մեր խնդիրը չէ: Հարցը պետք է այսպես դնել. եթե ընդունում ենք, որ այս հրապարակը հուշարձան է, ուրեմն այդ տարածքում բացառում ենք կառուցապատումը:  Եթե այդ հրապարակը հուշարձան է, այլևս ոչինչ չենք քննարկում»:

Ճարտարապետների միության նախագահ  Մկրտիչ  Մինասյանն էլ նկատել է, որ առանց այն էլ կանաչ տարածքների, հանգստի գոտիների ու զբոսայգիների պակաս ունեցող քաղաքում գլխավոր ճարտարապետը պետք է պայքարի այդ տարածքների պահպանման համար, այլ ոչ թե նախագիծ մշակի:

(Հեղ.- Նշենք, որ պուրակում մանկական զբաղվածության կենտրոնի էսքիզի ու արտաքին տեսքի մշակման աշխատանքների հեղինակը Վանաձորի քաղաքապետարանի քաղաքաշինության ու ճարտարապետության բաժնի պետ, Վանաձորի գլխավոր ճարտարապետ  Սուրեն Աբովյանն է:)

«Յուրաքանչյուր գլխավոր ճարտարապետ պետք է շատ ուշադիր լինի իր քաղաքի հանդեպ: Դուք այդտեղ վտանգ չե՞ք տեսնում, որ հասարակական դժգոհություն կլինի, վտանգ չե՞ք տեսնում, որ առանց այդ էլ մենք այգիների պակաս ունենք: Հիմա այդ սեփականատիրոջը համոզեք, որ գոնե թեթև շինություն կառուցի: Ես վստահ եմ, որ այդ հսկա շենքը, սկզբից երեխաների համար ինչ-որ շինություն է լինելու, հետո որպես կանոն, վստահաբար եմ ասում, ռեստորան է դառնալու: Այսինքն, պարոն Աբովյան, Ձեր առաքելությունը Վանաձորում գոյություն ունեցող կանաչ այգիները պահպանելն է, պայքարելն է: Կարող է պատահի, որ ժամանակին տրվել է սեփականության վկայական, սակայն դա չի նշանակում, որ սեփականության իրավունք ունեցողը կարող է շինություն իրականացնի: Միգուցե ինչ-որ համեստ շինությու՞ն կառուցի սեփականատերը՝ մի հարկանի, փոքր չափերով կառույց, կամ երեխաների համար խաղալու համար տեղ, որովհետև այդ ծավալով շինություն ես չեմ պատկերացնում: Լավ կլիներ, որ անխաթար մնար հրապարակը, սակայն առկա է սեփականության իրավունքը և սեփականատիրոջ խոսքը և ձայնը շատ բարձր է այս դեպքում, պետք է պայքարել, այլ ոչ թե նախագիծ մշակել»,- դիմելով Ս․ Աբովյանին` ասել է Մկրտիչ Մինասյանը:

Մշակույթի նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության բաժնի պետ Սուրեն Շաքարյանը մտավախություն է հայտնել, որ Արցախ պուրակում նման կառույցի ստեղծումը կնշանակի կորցնել պատմական հուշարձանը և վայրը:

«Լոռու մարզի Վանաձոր քաղաքի պատմամշակութային հուշարձանների պետական ցուցակում ընդգրկված են պատմական նշանակությամբ երկու հուշարձան՝ Ղարաքիլիսայի ճակատամարտի վայրը և Արցախ հրապարակը (պետ. ցուցիչ՝ 5.1.35):

Վերջինս նշված է գլխավոր հատակագծի պատմամշակութային հուշարձանների պահպանական գոտիների գծագրում, իսկ ՀՀ օրենսդրության համաձայն՝ հուշարձանների տարածքները դասվում են պատմական և մշակութային հուշարձանների կատեգորիային, որոնք ունեն ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգավիճակ և օգտագործման ռեժիմ: Հրապարակում նաև նախատեսված է իրականացնել կինոթատրոնի շենք: Ներկայում, կառուցապատման դեպքում, կնշանակի կորցնել պատմական հուշարձանը և վայրը»,- ասել է նա:

«Չի կարելի հուշարձանի տարածքում հուշարձանի հետ չառնչվող որևէ տնտեսական, շինարարական, արտադրական գործունեություն ծավալել: Դա օրենքով սահմանված է, և ես չեմ հասկանում, ի՞նչ ենք քննարկում»,- կարծիք է հայտնել ճարտարապետ Կորյուն Ղաֆադարյանը:

Ամփոփելով քննարկումը, մշակույթի փոխնախարար Ա. Սամուելյանն ասել է. «Արցախ հրապարակն ընդգրկված է հուշարձանների պետական ցուցակում, և դրա զբաղեցրած տարածքը դասվում է հուշարձանապատկան հողերի կարգին, որտեղ  կառուցապատում չի թույլատրվում, ինչի պատճառով այդ հարցը չի կարող դառնալ քննարկման առարկա»:

Հաշվի առնելով, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Արցախ հրապարակը հուշարձան է, գիտամեթոդական խորհուրդը հարցն ուղղակի օրակարգից հանելու որոշում է կայացրել:

Մինչ գիտամեթոդական խորհրդի եզրակացությունը կհասնի Լոռի՝ պատկան մարմիններին, Արցախ պուրակում ակտիվորեն շարունակվում են շինարարական աշխատանքները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter