HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ամալյա Մարգարյան

«Պագրիշկեք էին վառում, շպրտում ոստիկանության ուղղությամբ»,- ասում է «Սարի թաղի» գործով վկան

Սարի թաղում տեղի ունեցած անկարգությունների և ոստիկանության նկատմամբ բռնություն գործադրման մեջ մեղադրվող Հարություն Թորոսյանի, Հրայր Իսախանյանի, Անդրանիկ Քյոսեյանի և Էդուարդ Զեյթունյանի գործով այսօրվա նիստի ընթացքում շարունակվեց վկաների հարցաքննությունը։

Հարցաքննվեց ոստիկանության աշխատակից Արմեն Առուշանյանը, ով նշեց, որ դեպքի օրը՝ 2016թ. հուլիսի 19-ին ծառայություն է իրականացրել Սարի թաղին հարակից փողոցներում և լսել բարձր ձայներ ու մոտեցել հավաքվածներին։ Նկատել է, որ քաղաքացիները վիճաբանում են ոստիկանների հետ։ Վկան նշեց, որ ոստիկանները, այդ թվում և ինքը, անվտանգության նկատառումներից ելնելով են տվյալ տարածքում ծառայություն իրականացրել, քանի որ ՊՊԾ գնից կրակոցներ են լսվել։ Սակայն երբ ձայների ուղղությամբ վկան գնացել է, տեսել է՝ քաղաքացիները քարեր են նետում ոստիկանների ուղղությամբ. «Քաղաքացիները քարեր էին նետում, իսկ ոստիկանության աշխատակիցները փորձում էին նրանց բերման ենթարկել։ Սարի թաղի բնակիչներն ասում էին, որ նեղություն ենք տալիս»,- հայտնեց վկան։ Արմեն Առուշանյանը նշեց նաև, որ նկատել է առավել ակտիվ պահվածքով կարմիր հագուստով մի երիտասարդի, ով քարեր է շպրտել ոստիկանների ուղղությամբ, փորձել է նրան բերման ենթարկել, սակայն չի կարողացել։

Վկան հարցաքննության ժամանակ նշեց, որ ծառայության ժամանակ եղել է քաղաքացիական հագուստով, սակայն  քաղաքացիական հագուստով այլ ոստիկանների չի ճանաչել։ Ըստ վկայի՝ քաղաքացիների նետած քարերը դիպչել են նաև ոստիկանների պաշտպանիչ վահաններին։ Իսկ վիճաբանության դադարեցումից հետո նկատել է, որ դեպի վերև բարձրացած քաղաքացիներն անիվներ են վառել․«Պագրիշկեք էին վառում, շպրտում ոստիկանության ուղղությամբ, բայց հեռավորությունը շատ էր, չէր կպչում»։ Դատաքննության ընթացքում վկան նշեց, որ ալկոհոլի ազդեցության տակ եղած մարդ չի տեսել, սակայն նախաքննական ցուցմունքում հայտնել էր, որ դեպքի վայրում նկատել էր ալկոհոլի ազդեցությամբ քաղաքացիների։

Դատարանում հրապարակվեց վկայի նախաքննական ցուցմունքը։ Վկան հակասությունը պարզաբանեց նրանով, որ գարեջուր խմող քաղաքացիների է հանդիպել խանութի մոտ։ Նախաքննության ընթացքում տված ցուցմունքի մեջ վկան հայտնել էր դեղին շապիկով քաղաքացու մասին, ով ոտքերով ու ձեռքերով հարվածել է ոստիկանության աշխատակցի, սակայն դատական կողմերի տված այն հարցին, թե որևէ քաղաքացու ոստիկանի հարվածելիս տեսել է,  վկան ասաց՝ ոչ։

Ցուցմունքներում առկա հակասությունները Արմեն Առուշանյանը պարզաբանեց նրանով, որ դեպքից երկար ժամանակ է անցել, և լավ չի հիշում կատարվածը։ Վկան հայտնեց նաև, որ նկատել է դեպքի վայրում գոռացող լրագրող աղջկա և նշեց, որ բոլորը եղել են խուճապի մեջ, այդ թվում և լրագրող աղջիկը։

Այս գործով հաջորդ նիստը կկայանա դեկտեմբերի 5-ին։

Մեկնաբանություններ (1)

Lusik
Կարծես պակրիշկեկի վարկածը հնչեց առաջին անգամ: Երևի խառնել է TV-ով տեսած Կիևի Մայդանի դեպքերի հետ: Իսկ ինչու՞ է այդ ոստիկանն եղել քաղաքացիական հագուստով և չի տեսե՞լ նռնակ նետող ոստիկանների:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter