HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

«Շարժումն ուղղորդված է տրամադրություններ շոշափելու նպատակով»․ պատգամավորները՝ երիտասարդների պայքարի մասին

Արդեն մի քանի օր է՝ «Հանուն գիտության զարգացման» շարժման անդամները դասադուլ են հայտարարել՝ ընդդեմ ՊՆ ներկայացրած «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի, որով խստացվում է ակադեմիական տարկետում ստանալու կարգը։ 

Այսօր, սակայն, շարժման առաջնորդներից մի քանիսը փակվել են ԵՊՀ լսարաններից մեկում՝ հայտարարելով, որ հացադուլ են սկսում։

Իշխող ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մարգարիտ Եսայանը ափսոսում է, որ երիտասարդները նման «կատեգորիկ քայլի են դիմել»։

«Դա ոչ մի տեղ չտանող ճանապարհ է, խնդրում եմ իրենց ուղղակի դադարեցնեն»,- «Հետք»-ի հետ զրույցում ասաց Եսայանը։

Պատգամավորի խոսքով՝ օրենքի նախագծի հետ կապված աշխատանքային խումբ է կազմվել ավելի վաղ, վերջիններս շրջել են հանրապետության մարզերում, տեղերում հանդիպել են, մարդկանց բացատրել «Պատիվ ունեմ» և «Ես եմ» ծրագրերը, իսկ այդ ընթացքում որևէ խնդիր չի առաջացել։

«Իմ կարծիքը հետևյալն է, երբ երիտասարդությունը խնդիր է բարձրացնում, պետք է ականջալուր լինել, և այդ նպատակով երկրի պաշտպանության նախարարը, վարչապետը երիտասարդների խմբերին լսել են,  բայց Պաշտպանության փոխնախարար Արտակ Զաքարյանն իր խոսքում ասաց, որ երիտասարդների կողմից կան առաջարկներ, որոնք ընդհանրապես կապ չունեն այս նախագծի հետ։ Եւ հետո, թյուր է այն կարծիքը, որ տարկետումը վերանում է, ընդամենը պայմաններն են սեղմվում»,- ասաց նա։

Պատգամավորը հիշեցրեց, որ հանրության մոտ կա ընկալում, որ տարկետման քողի տակ շատ պաշտոնյաների զավակներ խուսափում են ծառայությունից, ուստի նախագծով այդ հարցը կարգավորվելու է։

ՀՀԿ-ական պատգամավորի կարծիքով զարմանալի է այն, որ երիտասարդներն այդքան դժգոհում են նախագծից․

«Հատկապես, որ նրանց մեջ կան երիատասարդներ, որոնք ծառայել են, բանակի խնդիրները գիտեն, ինձ համար մի քիչ մութ է, թե ինչ նպատակ է հետապնդում շարժումը»,- նկատեց Մարգարիտ Եսայանը։

Մեր հարցին՝ նկատի ունի, որ շարժումն ուղղորդվո՞ւմ է, Եսայանը պատասխանեց․ «Ես ենթադրում եմ, փաստ չունեմ, կարծում եմ, որ ուղղորդված է զուտ տրամադրություններ շոշափելու նպատակով, բայց դա չի հաջողվելու, որովհետև ես միշտ էլ լավ կարծիքի եմ եղել երիտասարդների մասին։ Աստված չանի՝ ինչ-որ պահի նրանք ինչ-ինչ նկրտումների համար օգտագործվեն»։

Իշխող ՀՀԿ-ի կոալիցոն գործընկեր ՀՅԴ-ական Ռոմիկ Մանուկյանը գտնում է՝ օրենքում ոչ միայն փոփոխություններ պետք չեն անել տարկետման հետ կապված, այլ նույնիսկ ակնարկում է՝ ժամանակն է աղջիկներին բանակ զորակոչել։

«Մենք այսօր այն իրավիճակում ենք, որ աղջիկներին պետք է սովորեցնել զենքին տիրապետել»,- ասաց նա։

Մեր դիտարկմանը, որ դժգոհող երիտասարդները գտնում են, որ գիտությունն է տուժելու, պատգամավորը մատնացույց է անում «Պատիվ ունեմ» ծրագիրը, ըստ որի՝ ցանկություն ունեցողները կարող են շարունակել ուսումը, որի համար պետությունը նույնիսկ ուսման վարձն է վճարում։

«Իմ կարծիքով սա լավագույն տարբերակն է, որը առաջարկում է Կառավարությունը, այն ընդունելի է», - ասաց նա։

Հետաքրքրվեցինք՝ մտահոգություն չկա՞ որ դժգոհող երիտասարդները կարող են հիասթափվել, ինչը կարող է արտագաղթի հանգեցնել, Մանուկյանը պատասխանեց․ «Իմ կարծիքով սա այն խնդիրը չէ, որը կարող է հիասթափեցնել, մենք շատ խնդիրներ ունենք, կուզենայի, որ մեր երիտասարդները մեր երկրի անվտանգության, ապագայի համար պայքարեին, դա ինձ համար ողջունելի կլիներ»։

«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը կարծում է՝ զիջումների գնալը իշխանության որոշելիքն է, իսկ իրենք դեմ չեն հասարակական ընդվզումներին։

«Այլ է խնդիրը, թե դրանք հաջողությամբ պսակվելու դեպքում կարո՞ղ են փարատել բոլոր այն մտահոգությունները, որոնք կան։ Մենք  գտնում ենք, որ կոռոպցիոն ռիսկերը պետք է հասցնել նվազագույնի, որովհետև կիսում ենք այն տեսակետը, որ շատ ժամանակ գիտությամբ զբաղվելը պատրվակ է լինում ծառայությունից խուսափելու համար, բայց չեմ կարող ասել, որ ընդվզողներն անպայման այդ շարժառիթով են ընդզվում»,- նկատեց նա։

Պետրոսյանն ասաց՝ ինքն էլ է գիտությամբ զբաղվում և կարծում է, որ կրթության շարունակականությունն անհրաժեշտ է, բայց  չի կարելի բացառել այն, որ գիտությամբ կարելի է զբաղվել և զինապարտ լինելուց հետո։

«Մեր սահմանների պաշտպանությունը գերխնդիր է, բայց մենք բացասաբար չենք վերաբերվում ուսանողների ընդվզումներին, հարգանքով ենք վերաբերվում  ուսանողների պայքարին, դա նրանց սահմանադրական իրավունքն է»,- ասաց նա։

Հետաքրքրվեցինք՝ «Ծառուկյան» դաշինքը կրկին կո՞ղմ է քվեարկելու նախագծին, Պետրոսյանն ասաց, որ ներկա պահի դրությամբ հիմքեր չկան, որ երկրորդ ընթերցմամբ դեմ քվեարկեն։

Ընդդիմադիր «Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանը ևս ողջունում է տարկետման խստացման դեմ երիտասարդների պայքարը, սակայն շարժման հետ կապված կանխատեսումներ անել չի կարող․

«Երիտասարդությունն անկանխատեսելի է, դրանում էլ նրանց հաջողությունն է, չեմ կարող ասել, թե մեկ ժամ հետո իրենք ինչ կարող են անել, հնարավոր է՝ այնպիսի քայլ անեն, որ իշխանությունը նստի ու գլխին խփի, դրա համար չեմ ուզում կանխատեսումներ անել»,- ասաց նա։

Սարգսյանը հիշեցրեց, որ իրենք դեմ են քվեարկել նախագծին առաջին ընթերցման ժամանակ, և իրենց մասնակցությունն այդքանով է եղել, հատկապես, որ «ուսանողությունն ուզում է զուտ ուսանողական շարժում տանել՝ առանց քաղաքական ենթատեքստի»։

Մեր դիտարկմանը, որ ՀՅԴ-ական պատգամավորը խոսում է աղջիկներին զենքից օգտվել սովորեցնելու կարիքի մասին, արդյո՞ք սա ակնարկ չէ, որ դեմոգրաֆիական խնդիր կա, դրանով է պայմանավորված նախագիծն առաջ քաշելը, Արամ Սարգսյանը պատասխանեց․ «Իրենք փորձում են սահմանապահ զորամասերում տասներկուամյա կրթության հետևանքով առաջացած մասը լրացնելու պրիմիտիվ խնդիր լուծել։ Ինչ վերաբերում է դաշնակցական պատգամավորի խոսքերին, ապա կարող եմ ասել, որ հայկական բանակը նույնիսկ մինչև կազմավորվելը, երկրապահական ուժերով՝ այդ թվում դաշնակցական ջոկատները կարողացել են ոչ միայն սահմաները պահել, այլև ընդլայնել, հիմա էլ կարող են, ուստի կանանց աջակցությունը կարող է լինել միայն ընտանիքներում ու թիկունքում»։

Հիշեցնենք, որ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվել է հոկտեմբերի 27-ին՝ 89 կողմ, 9 դեմ ձայների հարաբերակցությամբ, այժմ քննարկվում է երկրորդ ընթերցմամբ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter