Անդրիաս Ղուկասյան. «Բռնության կոչեր կամ ՊՊԾ գնդում գտնվողներին միանալու կոչեր չեմ արել»
Էրեբունի եւ Նուբարաշեն ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց Անդրիաս Ղուկասյանի գործով նիստը, որի ընթացքում պաշտպանական կողմը միջնորդությամբ հանդես եկավ եւ դիմելով դատարանին ՝ խնդրեց թույլատրել Անդրիաս Ղուկասյանին ցուցմունքով հանդես գալ վկա Գեղամ Սահակյանի ցուցմունքի վերաբերյալ։
Մինչեւ ցուցմունքով հադես գալը փաստաբան Կարեն Մեժլումյանը հայտարարեց, որ դատավորը չի թույլատրել Անդրիաս Ղուկասյանին ցուցմունք տալ. «Եթե այդպես շարունակվի, նա գրեթե մեկ տարի զրկված է լինելու խոսքի իրավունքից»։ Փաստաբանը անդրադարձավ նաեւ նախորդ նիստի ընթացքում առաջ եկած այն հանգամանքին, որ վկաների նախաքննական ցուցմունքները դատարանը չի հրապարակել՝ նշելով, որ առկա չեն էական հանգամանքներ։ Սրան ի պատասխան՝ դատախազը նշեց, որ դատավորի գործողությունները պատճառաբանված են եղել։ Անդրիաս Ղուկասյանի պաշտպան Ինեսսա Պետրոսյանն էլ նշեց, որ դատախազը պաշտպանում է ոչ միայն մեղադրանքը, այլեւ նախագահող դատավորին։
Անդրիաս Ղուկասյանը ցուցմունքի մեջ նշեց, որ վկա Գեղամ Սահակյանի հետ առանձին չի հանդիպել, նրան միայն տեսել է հավաքների ժամանակ՝ հանրային վայրերում։ «Ես նրան երբեք չեմ զանգահարել, իմ համարը նրան չեմ փոխանցել, նա այլ անձանցից է վերցրել իմ համարը»,- հայտնեց Ղուկասյանը, իսկ դատախազի այն հարցին՝ վկան ումից է վերցել համարը, Անդրիաս Ղուկասյանն ասաց, որ հստակ չի կարող ասել, սակայն կարող են տրամադրած լինել «Ոտքի Հայաստան» շարժման անդամները։
Անդրիաս Ղուկասյանը դատարանում մի քանի անգամ կրկնեց, որ Գեղամ Սահակյանի հետ գործնական հարց չի ունեցել։ «Հիմնադիր խորհրդարանի» անդամները հետագայում ասացին, որ վկա Սահակյանը սողացող գործակալ է եւ սողոսկել է իրենց շարքերը»,- նշեց Ղուկասյանը։ Ըստ Անդրիաս Ղուկասյանի ՝ հեռախոսազանգի ընթացքում վկան ասել է, որ Գագիկ Եղիազարյանը ցանկանում է խոսել Ղուկասյանի հետ, սակայն չի կարողանում եւ խնդրել է Ղուկասյանին կապվել նրա հետ։ Ղուկասյանը հայտնեց, որ ինքն այդ օրը՝ հուլիսի 17-ի առավոտյան, խոսել է Գագիկ Եղիազարյանի հետ եւ չի հավատացել Սահակյանի ասածներին։
Անդրիաս Ղուկասյանը նշեց նաեւ, որ ինքը չի կազմակերպել երթը դեպի Սարի թաղ եւ երթին միացել է վերջում։ «Իմ նպատակը «Սասնա ծռերի» եւ իշխանության միջեւ բանակցություններ սկսելն էր, որպեսզի եղբայրասպան գործողություններ չկատարեին, ես բռնության կոչեր կամ ՊՊԾ գնդում գտնվողներին միանալու կոչեր չեմ արել։ Երթերը, ասուլիսները, կոչերը ուղղված էին բանակցություններ սկսելուն,- հայտնեց Ղուկասյանը եւ հայտարարեց,- իշխանությունն է մեղավոր եղելության համար»։ Ամբաստանյալն անդրադարձավ նաեւ այն հանգամանքին, որ վկա Սահակյանը հայտնել էր Ղուկասյանի մոտ եղած արբանյակային լուսանկար լինելու եւ ճանապարհներին ոստիկանների տեղակայման վերաբերյալ տեղեկություն ունենալու մասին։ Անդրիաս Ղուկասյանը բացառեց այդ հանգամանքը։
Մեկնաբանել