HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Թրաֆիքինգի դեպքերի ճնշող մեծամասնությունը Արաբական Միացյալ Էմիրություններում

Գլխավոր դատախազության մարդու դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության կողմից ուսումնասիրվել եւ ամփոփվել են 2010թ. եւ 2011թ. ինն ամիսների ընթացքում թրաֆիքինգի փաստով հարուցված քրեական գործերի նախնական քննության նկատմամբ իրականացվող դատախազական հսկողության վիճակն ու մեղադրանքի պաշտպանության պրակտիկան:

Մասնավորապես` ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ Հայաստանի` որպես զարգացող պետության հետ կապված, բնորոշ են վերը նշված արևելյան երկրներին հատուկ թրաֆիքինգի դրսևորման առանձնահատկությունները և դա բնական է, քանի որ նախ` Հայաստանը տարածաշրջանային, սոցիալ-տնտեսական ու քաղաքական զարգացման վիճակից ելնելով, այսպես թե այնպես նմանատիպ սերտ հարաբերությունների մեջ է գտնվում այդ պետությունների հետ: Հայաստանը հիմնականում թրաֆիքինգի զոհ դարձող մարդկանց` հատկապես կանանց յուրահատուկ բազա է հանդիսանում արևելյան երկրների համար և դեպքերի մեծամասնությունում հանցագործությունը սկսվում է հենց Հայաստանում /հատկապես մարդկանց հավաքագրելու և փոխադրելու հետ կապված գործողությունները/ ու ավարտվում է արտերկրներում:

Այս նկատառումներով վարչության կողմից նախ մշակվել են բազմաթիվ օրենսդրական փոփոխությունների նախագծեր, որոնք կյանքի են կոչվել` ապահովելով այս հանացատեսակի համակարգային քրեաիրավական կարգավորումը և սանկցիաների խստացումը, գծեր, որոնք կյանքի են կոչվել` ապահովելով այս հանացատեսակի համակարգային քրեաիրավական կարգավորումը և սանկցիաների խստացումը:

ՀՀ գլխավոր դատախազության կողմից միջազգային փորձի, կոնվենցիաների  ուսումնասիրության արդյունքում վերջին 4 տարիների ընթացքում նախաձեռնած օրենսդրական փոփոխությունները իրենց ամբողջության մեջ միտված էին հետևյալին.

1.    երեխայի (մինչև 18 տարեկան անձի), ինչպես նաև հոգեկան խանգարման հետևանքով իր արարքի բնույթն ու նշանակությունը ամբողջությամբ կամ մասամբ գիտակցելու կամ ղեկավարելու հնարավորությունից զրկված անձի հավաքագրումը, փոխանցումը, տեղափոխումը, թաքցնելը կամ ստանալը շահագործման նպատակով, համարվի թրաֆիքինգ նույնիսկ այն դեպքում, երբ դրանք կապված չեն ազդեցություն գործելու` բռնություն կամ դրա գործադրման սպառնալիքի կամ օրենքում թվարկված ազդեցության մյուս միջոցների հետ: 

2.    Թրաֆիքինգի համար ազատազրկման ձևով պատժաչափերի խստացումն ու որպես լրացուցիչ պատիժ` գույքի բռնագրավումը նախատեսելը. 

3.    մարդկանց առևտրի զոհ դարձած անձանց քրեական պատասխանատվությունից ազատելու հարցի լուծումը:

2009թ. ԱՄՆ պետքարտուղարության կողմից հրապարակված ամենամյա զեկույցում արձանագրվել է այս ոլորտում Հայաստանի Հանրապետության առաջընթացը` հանրապետությունը հատուկ վերահսկվող 3-րդ խմբի երկրների ցանկից տեղափոխվել է 2-րդ առանց վերահսկողության խումբ: 2010թ. ԱՄՆ պետքարտուղարության ամենամյա զեկույցում ևս Հայաստանը պահպանել է իր տեղը:

Անդրադառնալով այս հանցատեսակի վիճակագրությանը` հարկ է նշել, որ ՀՀ ոստիկանության տեղեկատվական կենտրոնի տվյալներով 2010 թվականի ընթացքում հանրապետությունում արձանագրվել է թրաֆիքինգի 13 դեպք /2009թ.` 11/, 2011թ. 9 ամիսների ընթցքում դարձյալ 13 դեպք /2010թ. ինը ամիսներին` 11/: Վիճակագրությունը վկայում է, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի  համեմատ ունենք 2 դեպքերի աճ:

Ակնհայտ է, որ Հայաստանի Հանրապետությունում նշված բնույթի գրանցված հանցագործությունների ցուցանիշները չեն արտահայտում իրական պատկերը, քանի որ այս բնույթի հանցագործություններն ունեն լատենտայնության բարձր մակարդակ: Թրաֆիքինգը դասվում է ոչ ակներևության պայմաններում կատարվող այն հանցագործությունների շարքին, որի հատկապես սկզբնական փուլերը /հավաքագրման, փոխադրման և այլն/ աչքի են ընկնում հանցավորի իրական նպատակների քողարկմամբ, մոլորության մեջ գտնվող տուժողների կողմից հոժարակամ և գիտակցված վարքագծի դրսևորմամբ, իսկ այդ գործողությունների հանցավոր բնույթը մեծամասամբ ի հայտ է գալիս հանրորեն վտանգավոր հետևանքները վրա հասնելուց հետո: թրաֆիքինգի փաստերով հարուցված քրեական գործերով բացահայտված դեպքերը առավել վաղ տարիներին արձանագրված դեպքեր են:

Այսպես. 2010-11թթ. բացահայտված դեպքերով շահագործման ենթարկված 39 տուժողներից 17-ի նկատմամբ հանցավոր ոտնձգությունը կատարվել է 2005-2009 թվականների ընթացքում, իսկ 18-ի նկատմամբ` 2010թ. ընթացքում և միայն 4-ի նկատմամբ` 2011թ. ընթացքում:  

2010թ. ընթացքում ընդհանուր առմամբ դատախազական հսկողություն է իրականացվել թրաֆիքինգի փաստերի վերաբերյալ քննվող 15 քրեական գործերի նախաքննության նկատմամբ, որոնցից 10-ը հարուցվել են 2010թ.-ին, 2-ը վերսկսվել են 2010թ-ին` հետախուզվողների հայտնաբերման հիմքով, 1 քրեական գործից մաս է անջատվել, 1 քրեական գործ փոխանցվել է 2009թ.-ից: Նշված քրեական գործերով մեղադրանք է առաջադրվել 15 անձանց, որոնցից 14-ի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը, 1-ի նկատմամբ` ստորագրություն չհեռանալու մասին: 

2010թ. ընթացքում 5 քրեական գործ 6 անձանց վերաբերյալ ուղարկվել է դատարան, 1 քրեական գործի վարույթը կասեցվել է` մեղադրյալի հետախուզման հիմքով, 6 քրեական գործի վարույթ փոխանցվել է 2011թ.: 2010թ. ընթացքում 4 քրեական գործերով  դատապարտվել են 5 անձինք, բոլորն էլ ազատազրկման, ընդ որում` 4 անձինք դատապարտվել են 7-10 տարի ժամկետով ազատազրկման, իսկ մեկ անձ, ում աջակցությամբ հնարավոր էր եղել մերկացնել թրաֆիքինգ իրականացրած կազմակերպված խմբի ղեկավարին ու անդամներին և ապահովել նրանց քրեական պատասխանատվությունը, դատապարտվել է 3 տարի ժամկետով ազատազրկման:

2011թ. դատախազական հսկողություն է իրականացվել թրաֆիքինգի փաստերի վերաբերյալ քննվող 14 քրեական գործերի նախաքննության նկատմամբ, որոնցից 6-ը փոխանցվել են 2010թ.-ից, 4-ը հարուցվել են 2011թ.-ին, 2-ը վերսկսվել են 2011թ-ին հետախուզվողների հայտնաբերման հիմքով, 2 քրեական գործերից էլ մասեր են անջատվել: Հաշվետու ժամանակահատվածում 6 քրեական գործեր 13 անձանց վերաբերյալ ուղարկվել են դատարան, 3 քրեական գործերի վարույթ կասեցվել է` մեղադրյալների հետախուզման հիմքով, 1 քրեական գործի վարույթ կարճվել է, 4 քրեական գործերով  նախաքննություն շարունակվում է:

2011թ. ընթացքում 7 քրեական գործով դատապարտվել են 11 անձինք, բոլորն էլ ազատազրկման, ընդ որում` 8 անձինք դատապարտվել են 7-9 տարի ժամկետով ազատազրկման, իսկ երեք անձինք` 4-7: Նշված դատական ակտերից երկուսի դեմ մեղադրողների կողմից բերվել են վերաքննիչ բողոքներ, որոնք ընթացքի մեջ են, իսկ ամբաստանյալների կողմից բոլոր գործերով բերվել են վերաքննիչ բողոքներ, որոնք մերժվել են:

Մասնավորապես, քրեական գործերի ուսումնասիրությունը վկայում է, որ դեպքերի ճնշող մեծամասնությունն արձանագրվել են Արաբական Միացյալ Էմիրություններում /հաշվետու ժամանակահատվածում շահագործման ենթարկված 39 տուժողներից 11-ը շահագործման են ենթարկվել ԱՄԷ-ում/, որի հետ թեև փոխադարձ իրավական օգնության մասին հուշագիր է ստորագրվել, սակայն այդ երկրի քրեական հետապնդման մարմիններին ուղարկված իրավական օգնության միջնորդությունները երկար ժամանակ անպատասխան են մնում կամ ոչ լիարժեք պատասխաններ են ստացվում:

Քիչ չեն նաև Թուրքիայում արձանագրված թրաֆիքինգի դեպքերը /հաշվետու ժամանակահատվածում շահագործման ենթարկված 39 տուժողներից 10-ը շահագործման են ենթարկվել Թուրքիայում/, որոնց քննության ընթացքում վերը հիշատակված խնդիրներն առավել քան ակնառու են` պայմանավորված այդ երկրի հետ դիվանագիտական հարաբերությունների բացակայությամբ: Հանցավորության դեմ պայքարում համագործակցելու դատախազության առաջարկությունները թուրքական կողմից չի արձագանքվել:

Այս հանցագործության կատարման եղանակով ստացված եկամուտները շատ դեպքերում փորձ է արվում օրինականացնել, մասնավորապես թաքցնել այդ եկամուտների իրական աղբյուրները: Այս իմաստով, թրաֆիքինգը սերտորեն կապված է հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացման հանցակազմի հետ: Պատահական չէ, որ մարդկանց շահագործելու հանցակազմերը (ՀՀ քր. օր-ի 132-րդ և 132.1-րդ հոդվածներ) ՀՀ քր. օր-ի 190-րդ հոդվածի 5-րդ մասում դիտվում են որպես հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացմանը նախորդող հանցակազմեր: 

Թերևս ասվածով է պայմանավորված ՀՀ գլխավոր դատախազությունում այն պրակտիկայի ձևավորումը, երբ ՀՀ քր. օր-ի 132 և 132.1-րդ հոդվածներով հարուցված քրեական գործերով նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազների կողմից մարդկանց շահագործման ճանապարհով ստացված եկամուտների օրինականացման ողջամիտ կասկածի առկայության պարագայում, տրվում են գրավոր ցուցումներ ՀՀ քր. օր-ի 190-րդ հոդվածով նախատեսված հանցակազմի հատկանիշների առկայության ուղղությամբ քննություն կատարելու վերաբերյալ: 2 քրեական գործերով արդեն իսկ մեղադրյալներին մեղադրանք է առաջադրվել նաև ՀՀ քր. օր-ի 190-րդ հոդվածով, որոնցից մեկով Մալաթիա-Սեբաստի վարչական շրջանի առաջին ատյանի դատարանի դատավճռով  Ամալյա Մատուլյանը մեղավոր է ճանաչվել այդ հոդվածով և հանցագործությունների համակցությամբ դատապարտվել է ազատազրկման 11 տարի ժամկետով: 

Մյուս քրեական գործով Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավճռով ամբաստանյալներ Վերա և Ելենա Կալյակինաները մեղավոր են ճանաչվել միայն թրաֆիքինգի համար, իսկ փողերի լվացման համար անհիմն արդարացվել են: Նշված դատական ակտի դեմ մեղադրողների կողմից բերվել է վերաքննիչ բողոք, որը դեռևս չի քննարկվել:

Համառոտ անդրադարձ կատարելով հաշվետու ժամանակահատվածում արձանագրված թրաֆիքինգի գործերով տուժողների և մեղադրյալների քրեագիտական բնութագրին, հարկ է նշել հետևյալը.
2010թ. և 2011թ. 9 ամիսների ընթացքում դատախազական հսկողություն իրականցված 21 քրեական գործերով հայտնաբերվել են 39 տուժողներ, որոնք բոլորն էլ կանայք են: 

Անդրադառնալով թրաֆիքինգի զոհերի տարիքային կազմին, պետք է նշել, որ այս հանցատեսակի զոհեր են դառնում հիմնականում երիտասարդ տարիքի անձինք, որոնք կազմում են տուժողների 58.9%-ը:

16-18 տարեկան             5 անձ /12.8%/
18-24 տարեկան             11 անձ /28.2%/
25-29 տարեկան              7 անձ /17.9%/
30-49 տարեկան              16 անձ /41.1%/

Վերլուծությունը միաժամանակ ցույց է տալիս, որ թրաֆիքինգի զոհերի ճնշող մեծամասնությունը` 97.4%-ը չեն աշխատել:

 աշխատող                           1 անձ /2.6%/
չաշխատող                          38 անձ /97.4%/

Ինչ վերաբերվում է տուժողների կրթական մակարդակին, ապա մեր ուսումնասիրություններով թրաֆիքինգի զոհերի ճնշող մեծամասնությունը /94.9%/ ունի ութամյա կամ միջնակարգ կրթություն:

տարրական և ութամյա կրթություն         10 անձ /25.7%/
միջնակարգ կրթություն                             27 անձ /69.2%/
բարձրագույն կրթություն                           2 անձ /5.1%/

Թրաֆիքինգի զոհերից 38-ը /97.4%-ը/ ՀՀ քաղաքացիներ են, 1-ը /2.6%-ը/` Ուկրաինայի քաղաքացի: 
Ինչ վերաբերվում է նշված անձանց ընտանեկան վիճակին, ապա ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ նրանց ճնշող մեծամասնությունը /89.7%-ը/ ամուսնացած չեն կամ ամուսնալուծված են:

չամուսնացած                                  19 անձ /48.7%/
ամուսնալուծված                              16 անձ /41%/
այրի                                                    1 անձ /2.6%/
ամուսնացած                                      3 անձ /7.7%/

39 տուժողներից 23-ը շահագործման են ենթարկվել արտերկրում, իսկ 16-ը` ՀՀ-ում:

2010թ. և 2011թ. 9 ամիսների ընթացքում դատախազական հսկողություն իրականցված 21 քրեական գործերով մեղադրանք է առաջադրվել 27 անձի, որոնք բոլորն էլ ՀՀ քաղաքացիներ են: 
Անդրադառնալով թրաֆիքինգ կատարած անձանց տարիքային կազմին, պետք է նշել, որ այս հանցատեսակի սուբյեկտ են դառնում հիմնականում երիտասարդ և միջին տարիքի անձինք, որոնք կազմում եմ մեղադրյալների 63%-ը:

18-24 տարեկան             2 անձ /7.4%/
25-29 տարեկան              5 անձ /18.5%/
30-49 տարեկան              17 անձ /63%/
50 տարեկանից բարձր      3 անձ /11.1%/

27 մեղադրյալներից 16-ը կամ 59.2% կանայք են, իսկ 11-ը կամ 40.8 %` տղամարդիկ:
Վերլուծությունը միաժամանակ ցույց է տալիս, որ թրաֆիքինգ կատարած անձանց ճնշող մեծամասնությունը` 92.6%-ը չեն աշխատել:

 աշխատող                          2 անձ /7.4%/
չաշխատող                          25 անձ /92.6%/

Ինչ վերաբերվում է մեղադրյալների կրթական մակարդակին, ապա մեր ուսումնասիրություններով թրաֆիքինգի սուբյեկտների մեծամասնությունը /88.9%/ ունի ութամյա կամ միջնակարգ կրթություն: 27 մեղադրյալներից միայն 3-ը կամ 11.1 %-ն ունեն բարձրագույն կրթություն:

տարրական և ութամյա կրթություն         6 անձ /22.2%/
միջնակարգ կրթություն                             18 անձ /66.7%/
բարձրագույն կրթություն                           3 անձ /11.1%/

Թրաֆիքինգի զոհերից 38-ը կամ 97.4%-ը ՀՀ քաղաքացի են, 1-ը /2.6%-ը/` Ուկրաինայի քաղաքացի: 

Նշված անձանցից 4-ը նախկինում եղել են դատված, որոնցից 3-ը ոչ համասեռ հանցագործությունների համար, 1-ը ՀՀ քրեական օրենսգրքի 261-րդ հոդվածով:

11 անձինք հանցանքը կատարել են նախնական համաձայնությամբ 5 խմբերի կազմում: 5 անձինք հանցանքը կատարել են կազմակերպված խմբի կազմում:

Այս մասին հայտնում է գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը: Ուսումնասիրությունների արդյունքներն ամբողջությամբ զետեղված է դատախազության կայքէջի «Գերատեսչական փաստաթղթերի բաժնում»: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter