HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ամալյա Մարգարյան

Վկան պնդում է, որ Անդրիաս Ղուկասյանը կոչ է արել քարեր վերցնել ու ՊՊԾ գունդ շարժվել

Էրեբունի և Նուբարաշեն ընդհանուր իրավասության դատարանում տեղի ունեցած Անդրիաս Ղուկասյանի գործով այսօրվա նիստին հարցաքննվեց վկա Սալմանյան Գեւորգը, ով ՊՊԾ գնդում աշխատում է որպես ծառայության տեսուչ։

Վկան նշեց, որ Խորենացու փողոցում  հուլիսի 29-ին ծառայություն են իրականացրել, հետո հրաման են ստացել շարժվել Օպերա, որպես պահեստային ուժեր իրականացնել հանրահավաքին մասնակից անձանց անվտանգությունը։

«Հանրահավաքի մասնակիցները եկան մեզ հավասարվեցին, հետո գոռացին բոլորով ՝ դեպի Սարի թաղ, հինգ-վեց հոգով փորձեցինք խոչընդոտել։ Մեզ հրահանգավորեցին նորից Խորենացի գնալ։ Իսկ հավաքի մասնակիցները կոչեր էին անում, գոռում էին ՝ մենք Սասնա ծուռ ենք, նաեւ Պավլիկ էին գոռում»,- հայտնեց վկա Գեւվորգ Սալմանյանը։

Վկան պնդեց, որ երթի առջեւից շարժվել են Անդրիաս Ղուկասյանը, Արմեն Մարտիրոսյանը, Դավիթ Սանասարյանը. «Նրանք լիդերի վիճակում էին, երթը ուղեկցում էին։ Կոչերը առաջին շարքից էր, Դավիթ Սանասարյանի կողմից էր ոնց որ։ Նրանք փորձում էին աջակցել «Սասնա ծռերին»» ։

Ըստ վկայի ՝ ինքը մեջքին հարված է ստացել, երբ երթի մասնակիցների հետ հասել է Խորենացի փողոց, տեսել է նաև վնասվածք ստացած այլ ոստիկանների։ «Պոլկից կրակում էին դեպի Սարի թաղ, իսկ Նար-Դոսում լսվում էր։ Խորենացիում ավելի մեծ թվով ոստիկաններ կային, քան Սարի թաղում։ Հավաքն անկառավարելի էր դարձել»,- նշեց վկան, հետո ավելացրեց, որ ցուցարարներն ագրեսիվ վարքագիծ են դրսեւորել, Սարի թաղ են բարձրացել, իսկ ոստիկանները բանակցություններ են ունեցել երթի մասնակիցների հետ, որոնց մեջ եղել է նաեւ Անդրիաս Ղուկասյանը։

Հարցաքննվեց նաեւ վկա Արտակ Մկրտչյանը: Նա նշեց, որ Ղուկասյանը ելույթ է ունեցել հանրահավաքի ժամանակ. «Ասաց` տղերք ջան, քարեր հավաքենք, անցնենք մլիցեքի պատի վրայով, հասնենք տղերքին։ Մինչեւ էդ էլ կոֆե էինք խմում միասին» ։

Վկան Օպերայի եւ բալետի թատրոնի լուսանկարում չկարողացավ նշել, թե որտեղ է կանգնած եղել, չհիշեց նաեւ, թե ինչ հագուստներով է եղել։ Հարցաքննության ընթացքում պարզ դարձավ, որ  ալկոհոլի պատճառով առողջական խնդիրներ է ունեցել, սակայն պնդեց, որ 2016-ի հուլիսի 17-ին ալկոհոլ չի օգտագործել։

Հարցաքննության ընթացքում պարզ դաձավ, որ վկան դատապարտված է եղել, պատիժ է կրել եւ վաղաժամկետ ազատում կրել։ Պաշտպանական կողմի հարցին, թե ինչու է վաղաժամկետ ազատ արձակվեց, վկան չցանկացավ պատասխանել, հետո դատավոր Վարդան Գրիգորյանը ևս նույն հարցը կրկնեց և խնդրեց պատասխանել, այս անգամ վկան ասաց՝ ուղղված եմ եղել, ազատել են։

Փաստաբան Կարեն Մեժլումյանի այն հարցին` արդյոք վկան հոգեբուժարանում հաշվառված է եղել, վկան ասաց. «Անցած անգամ այդ հարցը տալուց չեմ իմացել, որ հաշվառված եմ եղել, սակայն պարզվել է, որ հաշվառված եմ»։

Հարցաքննության ընթացքում պարզվեց նաև, որ վկան ոստիկանությունում աշխատող եղբայր ունի, ով, վկայի պնդմամբ, ռազմական ոստիկանությունում է աշխատում, սակայն արդեն երեք-չորս տարի է` իրար հետ չեն շփվում։

Վկան հարցաքննության ընթացքում նշեց, որ Օպերայի տարածքում երկու անգամ է եղել։ Երկրորդ անգամը եղել է հավաքի ընթացքում, սակայն նշեց նաեւ, որ Հյուսիսային պողոտայի տեղը չգիտի, քանի որ փողոցները լավ չգիտի։

Դատավորի հարցին` Դուք Օպերայի տարածքում քարեր տեսե՞լ եք, որոնք պիտի հավաքեիք, վկան պատասխանեց, որ ճանապարհի եզրի քարերի մասին է խոսում։

Պաշտպան Կարեն Մեժլումյանը հարցրեց նաեւ, թե ինչու է վկան միայն Անդրիաս Ղուկասյանի մասով դեպքը հիշում եւ օրվա ընթացքում այլ գործողություններ չի հիշում: Վկան պատասխանեց, որ Ղուկասյանը լավ է տպավորվել։ «Վկան էդ մի բանն ա սովորել ու  դա է ասում»,- հավելեց պաշտպան Ինեսսա Պետրոսյանը ։

Այսօրվա նիստին դատարանը չթույլատրեց պաշտպանական կողմին հրապարակել վկայի նախաքննական ցուցմունքը ՝ մերժելով պաշտպանական կողմի ներկայացրած միջնորդությունը։ Նախագահող դատավորը պարզաբանեց, որ պաշտպանական կողմը նախաքննության ընթացքում տված ցուցմունքներից է մեջբերումներ անում։

Փաստաբան Կարեն Մեժլումյանը հայտարարությամբ հանդես եկավ՝ խնդրելով դատարանից պարզաբանել ՝ ինչպես պետք է մեջբերումներ անել, եթե դատավորը չի թույլատրում ընթերցել հատված ցուցմունքից։ Դատավորը նշեց, որ փաստաբանները հարցը պիտի իրեն չուղղեն, այլ գնան իրավաբանության ֆակուլտետ եւ հատուկ դասընթացներ անցնեն՝ քրեական դատավարության նորմերին ծանոթանալու համար։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter