HY RU EN

Արաքս Մամուլյան

Նախաքննության ավարտից մեկ տարի անց «Սասնա ծռերի» փաստաբաններից ոմանք հայտնում են, թե գործի նյութերն ամբողջությամբ չեն ստացել

«Սասնա ծռեր»-ի գործով Պավել Մանուկյանի, Արայիկ Խանդոյանի, Վարուժան Ավետիսյանի և մյուսների վերաբերյալ դատավոր Մեսրոպ Մակյանի վարույթում քննվող գործը երեկ անցավ լարված մթնոլորտում: 

Ժամեր շարունակ դատարանում միևնույն հարցերի վերաբերյալ կարծիքներ ու դիրքորոշումներ էին հնչում, ապա հնչած դիրքորոշումների ու կարծիքների շղթան, կարելի է ասել, կրկնվում էր

Իսկ վիճահարույց հարցերը մի քանիսն էին:

Փաստաբան Հայկ Ալումյանը կրկին ներկայացրեց նախորդ դատական նիստի ընթացքում արված միջնորդությունը, որից հրաժարվել էր, որպեսզի ներկայացներ բոլոր պաշտպանների մասնակցութամբ:

Ալումյանը գտնում է, որ  ՊՊԾ գնդի գրավման  ենթադրյալ դեպքի առթիվ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում տարբեր դատավորների կողմից քննվող գործերը պետք է միացնել մեկ վարույթում. դա  բխում է արդարադատության շահից:

Ալումյանը, ըստ էության, կրկնեց նախորդ դատական նիստին արված միջնորդությունը՝ նշելով,  որ երեք գործով նույն տուժողներն ու վկաներն են անցնում, ամբաստանյալներից յուրաքանչյուրն իր վերաբերյալ քննվող քրեական գործից զատ նաև մյուս գործերով պետք է ցուցմուքներ տա, որոնք էական են լինելու այս գործերով ելքի համար:

Փաստաբանը գտնում է, որ եթե քննվող երեք գործերի շրջանակներում նույն անձինք միմյանցից տարբերվող ցուցմունքներ տան, ապա յուրաքանչյուր գործով կարիք է առաջանալու` գնահատելու ոչ միայն տվյալ դատավորի վարույթում գտնվող, այլ նաև մյուս երկու գործերով տված ցուցմունքները: Բացի այդ, մի գործով ամբաստանյալները հնարավորություն չեն ունենալու նույն դեպքի առնչությամբ այլ դատավարության ժամանակ վկայի տված ցուցմունքի վերաբերյալ իրենց առարկությունները ներկայացնել:

Ըստ Ալումյանի՝ գործով դատավճիռ  հրապարակելու համար որոշ հանգամանքների գնահատական տալու անհրաժեշտություն է առաջանալու, որոշ հանգամանքներ հաստատված են համարվելու, որոնք լինելու են Հայաստանի Հանրապետության կողմից հաստատված համարված հանգամանքներ:

Այսինքն՝ ստեղծվելու է իրավիճակ, երբ նույն հանգամանքները մեկ դատական ակտով  Հայաստանի Հանրապետության կողմից հաստատված են համարվելու, իսկ  այլ դատական գործերով, որոնք դեռևս ավարտված չեն լինի, վիճարկվելու են այդ նույն հանգամանքները:

Փաստաբանի խոսքով՝  այն պահից, երբ այս գործերից որևէ մեկով  վճիռ կայացվի, խախտվելու է այս գործով անցնող և այլ դատավորների կողմից քննվող մյուս գործով անցնող ամբաստանյալների անմեղության կանխավարկածը:

Փաստաբան Արայիկ Պապիկյանը կարծիք հայտնեց, որ գործերը մեկ վարույթում միացնելն օբյեկտիվ քննություն իրականացնելու միակ ճանապարհն է:

Փաստաբան Լուսինե Սահակյանը, միջնորդությանը միանալով,  նշեց, որ գործերը կարելի է անջատել, եթե դրանից չի տուժի դրանց քննության օբյեկտիվությունն ու լրիվությունը, մինչդեռ այս պարագայում, ըստ Սահակյանի, ակնհայտ է, որ գործի քննության օբյեկտիվությունն ու լրիվությունը վտանգված է: Միջնորդությանը միացած մյուս փաստաբանները ևս դիրքորոշում հայտնեցին, որ միևնույն դեպքի վերաբերյալ գործն առանձին վարույթների բաժանելն ի սկզբանե չի բխել քրեական դատավարության օրենսգրքից, քանի որ դրանում  չկա գործը տեխնիկական պատճառներով բաժանելու վերաբերյալ որևէ դրույթ:

Մեղադրողները առարկեցին միջնորդության դեմ: Դատախազ Պետրոս Պետրոսյանը նշեց, որ նախաքննության ընթացքում քրեական գործից մասեր անջատելն ու դատարան ուղարկելը բացառապես պայմանավորված են եղել տվյալ պահին  ձեռք բերված ապացույցների գնահատմամբ,  և  գործով անցնող մյուս անձանց վերաբերյալ գործի նախաքննությունը շարունակելու անհրաժեշտությամբ: Ինչ վերաբերում է դատաքննության ընթացքում շուրջ երեքուկես ամիս անց գործերից մասեր անջատելուն ու երկու գործը երեք դարձնելուն, Պետրոսյանը նշեց, որ դա պայմանավորված է եղել այն հանգամանքով, որ ողջամիտ կասկածներ ու մտահոգություններ էին առաջացել գործը  ողջամիտ ժակետում քննելու առումով: Պետրոս Պետրոսյանը հիշեցրեց, որ դատավոր Արտուշ Գաբրիելյանի վարույթում քննվող երկու գործերը երեքուկես ամիս քննությունից  հետո դեռևս  գործի նախապատրաստական փուլում էին գտնվում, որը  պայմանավորված էր նաև ամբաստանյալների կողմից դատական կարգը բազմիցս խախտելու հանգամանքով: 

Ուստի դատարանն, ըստ մեղադրողի, իրավունքների հավասարակշռում իրականացնելու՝  արդար դատաքննության և մի շարք այլ իրավունքներ ապահովելու համար է որոշել իր վարույթում քննվող երկու գործերից մասեր անջատել: Դատախազը նշեց, որ միայն այն հանգամանքը, որ դատարանում ՊՊԾ գնդի գրավման դեպքի առթիվ քննվող երեք գործերով մեկ-երկու դատական նիստերի ընթացքում հնարավոր է եղել հասնել միջնորդությունների քննարկման փուլին, արդեն իսկ ցույց է տալիս, որ Արտուշ Գաբրիելյանի կողմից գործերից մասեր անջատելու որոշումը տեղին և ճիշտ է եղել: Ինչ վերաբերում է Ալումյանի կողմից հայտնած դիրքորոշմանը, թե երեք գործերից մեկով դատավճիռ լինելու դեպքում խախտվելու է մյուս երկու գործով անցնող անձանց անմեղության կանխավարկածը, Պետրոսյանն այս առնչությամբ նշեց, որ նրանց անմեղության կանխավարկածը չի կարող խախտվել, քանի որ յուրաքանչյուր դատարանում գործը կոնկրետ մեղադրանքի և կոնկրետ անձանց վերաբերյալ է քննվում:

Դատարանը մերժեց Հայկ Ալումյանի միջնորդությունը: Մեսրոպ Մակյանը նշեց, որ եթե բոլոր գործերն իր վարույթում լինեին, ապա դրանք կմիացվեին Քրեական օրենսգրքի պահանջների պահպանմամբ: Բայց այժմ, փաստորեն, իրավիճակն այլ է: Ինչ վերաբերում է պաշտպանական կողմի բարձրացրած խնդրին, որ նույն անձինք նույն դեպքի վերաբերյալ տարբեր դատարաններում կարող են տարբեր ցուցմունքներ տալ,  դատավորը նշեց, որ դատարանը ցանկացած դեպքում պետք է ղեկավարվի քրեական դատավարության օրենսգրքի 309 հոդվածով, որը սահմանում է, որ «գործի քննությունը կատարվում է միայն ամբաստանյալի նկատմամբ և միայն այն մեղադրանքի սահմաններում, որում նրան մեղադրանք է առաջադրված»: Այսինքն՝ Մակյանի խոսքով, անկախ նրանից, որ դատարաններում քննվում են նույն դեպքի առնչությամբ քրեական գործեր, դատարանն առաջնորդվելու է այն ապացույցներով, որոնք իր վարույթում քննվող գործի շրջանակներում են առկա:

Դատավորը նշեց նաև, որ որևէ փաստի՝ ինչ-որ տեղ կամ ինչ-որ ակտով հաստատված լինելու հանգամանքը դեռևս չի նշանակում, որ այդ փաստի հետ հնարավոր  առնչություն ունեցող անձը կարող է մեղավոր ճանաչվել և դատապարտվել:

Այս միջնորդության լուծումից հետո պաշտպանական կողմը հարց բարձրացրեց այն մասին, որ  իրենք չեն ստացել Մեսրոպ Մակյանի վարույթում քննվող քրեական գործի նյութերը:

Բանն այն է, որ Արտուշ Գաբրիելյանի վարույթում քննվող գործը վերաբերել է «Սասնա ծռերի» 14 անդամի, ապա այդ գործից մաս է անջատվել, և Մակյանի վարույթում քննվում է այդ 14 անձից 10-ի վերաբերյալ գործը: Այսինքն՝ պաշտպանական կողմի պնդմամբ՝ պետք է իրենց նոր գործի նյութեր տրամադրվեն:

Այս հարցի քննարկումը ևս երկար տևեց, և դրա ընթացքում պարզվեց մեկ այլ խնդրահարույց հանգամանք: Այս ամբաստանյալների վերաբերյալ քրեական գործի նախաքննության ավարտից շուրջ մեկ տարի անց որոշ պաշտպաններ բարձրաձայնեցին այն մասին, որ իրենց գործի ամբողջական նյութերը չեն տրամադրվել: Օրինակ՝ Հրանտ Գևորգյանը հայտարարեց, որ  75  հատորից բաղկացած գործի միայն 69 հատորն է ստացել: Արմինե Ֆանյանն ասաց, որ ողջամտորեն չէր կարող ենթադրել, որ գործում առկա են տեսագրություններ ու ձայնագրություններ:

Փաստաբաններ Ինեսսա Պետրոսյանն ու Մուշեղ Շուշանյանը հայտարարեցին այն մասին, որ գործում առկա տեսագրությունները չստանալու խնդրի վերաբերյալ բարձրաձայնել են, դիմել՝ դրանք ստանալու համար, այսինքն՝ այդ ուղղությամբ կատարել են քայլեր, բայց առ այսօր տեսագրությունները նրանց չեն տրամադրվել:

Փաստաբան Լուսինե Սահակյանն, ով ստացել էր ամբողջական գործը, այդ թվում՝ տեսագրություններն ու ձայնագրությունները, մեկ այլ հարց բարձրացրեց. վերջինս դատարանին խնդրեց ապահովել, որպեսզի իր պաշտպանյալները գործը թղթային տարբերակից բացի ստանան նաև էլեկտրոնային տարբերակով, ինչպես նաև ստեղծել պայմաններ, որպեսզի ամբաստանյալները հնարավորություն ունենան ծանոթանալ գործում առկա տեսագրություններին ու ձայնագրություններին:

Այս հարցի քննարկման ժամանակ առաջ եկավ մյուս հարցը. ինչպես պարզվեց, տեսագրություններն ու ձայնագրությունները դատավոր Մեսրոպ Մակյանի տրամադրության տակ չեն, դրանք գտնվում են դատավոր Արտուշ Գաբրիելյանի վարույթում քննվող գործում: Դատավորը նշեց, որ բարձրացված հարցերին լուծումներ տալու ուղղությամբ դատական նիստի ավարտից հետո անհապաղ քայլեր կձեռնարկվեն:

Սակայն բարձրացված հարցերն իրականում այնքան էլ հեշտ լուծումներ չեն ակնկալում: Խնդիրն այն է, որ գործում առկա տեսա և ձայնասկավառակները կնիքված են, դրանց ամբողջականությունը կարող է խախտվել միայն դատական նիստի ընթացքում, դատավոր Մակյանի դիրքորոշմամբ՝ ապացույցների հետազոտման փուլում, մինչդեռ պաշտպաներն էլ արդարացիորեն պնդում են, որ իրենք իրավունք ունեն գործի ամբողջական նյութերին ծանոթանալ ի սկզբանե, քանի որ գուցե այդ սկավառակների բովանդակությանը ծանոթանալով՝ պիտի կառուցեն իրենց պաշտպանական մարտավարությունը:

Դատավոր Մակյանի հավաստիացումներն այն մասին, որ ապացույցների հետազոտման այնպիսի հաջորդականություն կսահմանվի, որպեսզի դատավարության մասնակիցների իրավունքներն ու շահերը չտուժեն, կարելի է ասել, ապարդյուն անցան: Պաշտպանները շարունակում էին մնալ  իրենց տեսակետին:

Նշենք, որ վերը նշված իրավական հարցերից զատ դատարանում իրավիճակը լարված էր նաև՝ պայմանավորված ամբաստանյալներից ոմանց վարքագծով:

Պաշտպանական կողմի միջնորդություններից մեկի վերաբերյալ դատախազ Պետրոս Պետրոսյանն առարակեց, և ամբաստանյալներից մեկը տեղից արձագանքեց, թե դատախազի մոտ բնավորություն է առարկելը: Դատավորը Խանդոյանին դիմելով՝ հարցրեց թե արդյոք նա էր խոսում, և Խանդոյանը հերթական անգամ վիճաբանության մեջ մտավ դատավորի հետ: Հետո Մակյանին հորդորեց «չստրկանալ»: Դատավորը Արայիկ Խանդոյանի պաշտպան Արա Ղարագյոզյանին հորդորեց կարգի հրավիրել  իր պաշտպանյալին:

«Իշխանությունների´ն կարգի հրավիրեք»,- հակադարձեց Խանդոյանը: Դատավորը նախազգուշացրեց, որ եթե ամբաստանյալները շարունակեն նույն գործելաոճով, ինքը իր իրավասությունների շրջանակներում ծանրահեղ քայլերի կդիմի:

«Կկարգադրեմ բարձրախոսներն անջատել, չեմ արել, բայց կանեմ, եթե առանց թույլտվության բացականչություններ հնչեն»,- ասաց դատավորն ու պարզաբանեց, որ այսպիսով ամբաստանյալներին չի զրկի խոսքի իրավունքից, այլ բարձրախոսները կմիանան այն դեպքում, երբ  ամբաստանյալները օրենքով սահմանված կարգով դատարանի թույլտվությունը կունենան խոսելու համար:

Երեկ դատարանը մերժեց  ամբաստանյալ Գագիկ Եղիազարյանի խափանման միջոց կալանքը վերացնելու վերաբերյալ միջնորդությունը: Դատական  նիստն ավարտվեց: Հաջորդը նոյեմբերի 22-ին է: