
Վարչապետը հանձնարարեց հեշտացնել շինթույլտվությունների տրամադրումը
2017-ի հունվար-սեպտեմբերին Հայաստանում շինարարության ծավալը կազմել է 220 միլիարդ դրամ։ 2016-ի նույն ամիսների համեմատությամբ՝ այն նվազել է 7 տոկոսով։ Նախորդ տարվա համեմատությամբ աճել է միջազգային վարկերով և բնակչության միջոցներով արված շինարարությունը, ֆինանսավորման մնացած աղբյուրները նվազեցրել են շինարարությանն ուղղված գումարները։
Կառավարության այսօրվա նիստի մեկնարկին վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարեց կատարելագործել շինարարական թույլտվությունների տրամադրման գործընթացը, պարզեցնել այդ ոլորտում իրականացվող վարչարարությունը և բարձրացնել դրա մատչելիության աստիճանը։ Բացի այդ, նշեց, որ շինարարական թույլտվությունների տրամադրման ոլորտում արձանագրվել են որոշ խնդիրներ:
«Ստեղծված իրավիճակը բացասաբար է ազդում նաև առհասարակ շինարության ոլորտի զարացման վրա։ Օրենսդրության համաձայն՝ նշված թույլտվությունները տրամադրվում են տեղական ինքնակառավարման մարմինների կողմից, սակայն դրանց տրամադրման նորմատիվային մեխանիզմները պետք է լինեն հստակ կանխատեսելի, իսկ կայացվող որոշումները` խիստ պատճառաբանված»,- նշեց Կարապետյանը։
Ելնելով այս հանգամանքներից՝ գործադիրի ղեկավարը տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Դավիթ Լոքյանին, քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանին և Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին հանձնարարեց մինչ դեկտեմբերի 3-ը համատեղ մշակել շինարարական թույլտվությունների տրամադրման գործընթացի պարզեցման, հստակեցման, էլեկտրոնային գործիքների ներդման, ողջամիտ վերահսկողական մեխանիզներ սահմանելու առաջարկություններ։
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել