HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Արամ Սարգսյան. «Բյուջեի ներկայացված նախագիծը հաշվապահական փաստաթուղթ է՝ մուտքային ու ելքային մասերով»

Այսօր խորհրդարանում քննարկվում է 2018թ. պետական բյուջեի նախագիծը: ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր, նախկին վարչապետ Արամ Սարգսյանը կառավարության ներկայացրած նախագծի վերաբերյալ իր ելույթում նկատեց, որ այն պետք է քաղաքական փաստաթուղթ լինի, ուստի ֆինանսների նախարար Վարդան Արամյանի կողմից խորհրդարանում բյուջեի տնտեսագիտական ներկայացումն այնքան էլ ընդունելի չէ: Նրա խոսքով` դահլիճում գտնվող պատգամավորները, որոնք տնտեսագետ չեն, պարտավոր չեն նման տնտեսագիտական տերմինների տիրապետել:

«Բյուջեն` որպես քաղաքական փաստաթուղթ, պետք է ունենա հստակ քաղաքական ուղեգիծ և երկարաժամկետ ծրագիր։ Որո՞նք են այն ուղղությունները, որոնք Հայաստանին` որպես պետության պետք է ապահովեն եկամուտներ»,- հարցրեց Ա. Սարգսյանը:

Նա դժգոհեց, որ գիտության եւ կրթության ոլորտների համար ընդամենը մեկ միլիարդ դրամի չափ գումար է նախատեսվել: «Տարեկան 10-12 երիտասարդ է արտերկրում սովորում «Լույս» հիմնադրամի  միջոցներով, որոնց մի մասը չի վերադառնում, մյուս մասն էլ պարտավոր է դառնալ հանրապետական, սա՞ է մեր մոտեցումը, ի՞նչ ենք անում այս ուղղությամբ, կա՞ բյուջեում այս խնդրի լուծումը, ես նման բան չեմ տեսել»,- նկատեց պատգամավորը։

Երկրորդ ոլորտը, որը «շոգեքարշի նման կարող է տնտեսությունը պոկել», Ա. Սարգսյանի կարծիքով, արդյունաբերությունն է․«Վաղուց ժամանակն է, որ Սյունիքում ունենանք մետաղաձուլական գործարան: Մենք 150 հազար տոննայի չափ գունավոր մետաղներ որպես կոնցենտրատ արտահանում ենք, դրա հնգապատիկ պակասն ուղղակի պատրաստ ապրանքի տեսքով կարող ենք արտահանել» ։

Պատգամավորի համոզմամբ` Հայաստանը էներգետիկայի ոլորտը զարգացնելու ռեսուրսներ ունի, մասնավորապես` արևի և քամու էներգիաների հնարավորությունները. «Հայաստանի տարածքների 55%-ը չի մշակվում, մշակվելու համար պիտանի չէ, բայց արևային էներգիա ստանալու համար հրաշալի տարածքներ են: Կա՞ այդ գնահատականը, որ, օրինակ, Բուլղարիայում նստած բուլղարը տեսնի` այստեղ այսքան քամի կա ու ներդրում անի»։

Արամ Սարգսյանի խոսքով՝ պետությունը կարող է օգտագործել նաեւ ջուրը. «Մենք 3 տարին մեկ Սևանա լճի չափ ջուր ենք կորցնում, լցվում է Արփա, գնում տարբեր ուղղություններով, գիտեք որ: Ե՞րբ պիտի դառնանք ջուր վաճառող երկիր, խոսքը «Ջերմուկ», «Բջնի» վաճառելու մասին չէ, ապրեն այդ մարդիկ, որ շշերով վաճառում են, խոսքը խողովակաշարով ջուր վաճառելու մասին է։ Մենք կարող ենք ջրի մաքրման գործարաններ դնել: Ամբողջ արաբական աշխարհում ջուրն ավելի թանկ է, քան նավթը: Ի՞նչ ենք անում այս ուղղությամբ, ոչինչ» ։

Պատգամավորի կարծիքով` անհրաժեշտ ջանքեր չեն գործադրվում նաև գյուղատնտեսության ոլորտը զարգացնելու համար․«Իհարկե, մեր գյուղմթերքը համեղ է, գուղացուն պետք է ապահովենք էժան ջրով, ա´յ, եթե ջուր վաճառենք, գյուղացուն կարող ենք էժան ջուր վաճառել»։

Ա. Սարգսյանը շեշտեց, որ եթե ներկայացված լիներ նման փոխլրացնող բյուջե, կողմ կքվեարկեր, սակայն ներկայացված նախագիծը միայն հաշվապահական փաստաթուղթ է՝ ներառված մուտքային ու ելքային մասերով։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter