HY RU EN

ՍԱՊԾ-ն կասեցրել է արտադրական երկու գործունեություն

Գյուղնախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը «ՇուշանԷլ» ՍՊԸ-ում իրականացրած ստուգման ընթացքում լաբորատոր փորձաքննությամբ հայտնաբերել է վտանգավոր սննդամթերքի թողարկման դեպք:

«ՍԱՊԾ»-ն հայտնում է, որ լաբորատոր փորձաքննության արդյունքներով՝ «Խաշ» և «Պելմենի ավանդական» արտադրատեսակների նմուշները մանրէաբանական ցուցանիշներով չեն համապատասխանել Մաքսային միության 034/2013 տեխնիկական կանոնակարգի պահանջներին: Տրվել է «Խաշ» (35 հատ՝ 1 կգ-անոց, արտադրության օրը՝ 30.10.2017թ., պիտանիության ժամկետը՝ 90 օր) և «Պելմենի ավանդական» (45 կգ,  արտադրության օրը՝ 01.11.2017թ., պիտանիության ժամկետը՝ 90 օր) խմբաքանակները ետ կանչելու և ոչնչացնելու կարգադրագիր:

«ՇուշանԷլ» ՍՊԸ-ի արտադրական գործունեության առանձին գործառույթը կասեցվել է, հանձնարարվել է թողարկել փորձնական արտադրանք և կրկին ներկայացնել նմուշները լաբորատոր փորձաքննության:

Վերահսկողության արդյունքում կասեցվել է նաև «Բուժ կենտրոն Ն.Ս.» ՍՊԸ-ի արտադրական գործունեությունը: Ընկերությանը պատկանող մսամթերքի կիսապատրաստվածքների արտադրամասում և խանութում խախտվել են սանիտարահիգիենիկ նորմերին ներկայացվող պահանջները: Բացի այդ՝ արտադրության տեխնոլոգիական գործելակարգն ու գործընթացը չեն համապատասախանել տվյալ տեսակի համար արտադրողի հաստատած տեխնոլոգիական հրահանգին, հումքը և պատրաստի արտադրանքը չեն ուղեկցվել որակը և անվտանգությունը հավաստող փաստաթղթերով, չի իրականացվել մսի և մսամթերքի լաբորատոր հսկողություն՝ մանրէաբանական, թունավոր տարրերի, հակաբիոտիկների և պեստեցիդների ցուցանիշներով: «Բուժ կենտրոն Ն.Ս.» ՍՊԸ-ին կթույլատրվի շարունակել արտադրական գործունեությունը հայտնաբերված խախտումները վերացնելուց հետո: