HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տաթևիկ Շալջյան

«Հրապարակը» պետք է ծանոթանա հերքման տեքստին

Այսօր Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում կայացավ Մարգարիտա Խաչատրյանի' հերքումը տպագրելու և պատճառված վնասը փոխհատուցելու հայցով դատական նիստն ընդդեմ «Հրապարակ» օրաթերթի:

Հիշեցնենք, որ Մարգարիտա Խաչատրյանը վիճարկում է 2011թ.-ի ապրիլի 21-ին «Հրապարակ» օրաթերթի 1-ին էջում հրապարակված «Ծեծկռտո՞ւք է եղել» հոդվածը: Նա պահանջում է հերքում տպագրել և փոխհատուցել պատճառված վնասը:

Հայցվորը դատարանում հատկապես վիճարկում է հրապարակման այն հատվածը, որտեղ ասվում է, որ նա ԼՂՀ զորամասերից մեկում վիճաբանություն է սկսել հրամանատարական կազմի հետ, և բանը հասել է նույնիսկ քաշքշոցի ու ծեծի: Հրապարակումից հետո, ինչպես գրել է օրաթերթը, հայցվորը արշավել էր խմբագրություն՝ ջարդել, փշրել, հայհոյել ու անիծել ներկաներին՝ լրագրողներին ու խմբագրին և հեռացել:

Այսօրվա նիստին հայցվորի փաստաբան Դավիթ Թումասյանը միջնորդություն ներկայացրեց դատարանին, որը բաղկացած էր երկու մասից. առաջինում միջնորդություն էր արվում, որպեսզի պատասխանողը հայցվորին տրամադրեր իր եկամուտների մասին տեղեկություն, քանի որ, համաձայն Սահմանադրական դատարանի նոյեմբերի 15-ի որոշման, հայցվորը դրամական փոխհատուցում պահանջելիս պետք է հաշվի առնի պատասխանողի ֆինանսական վիճակը:

Այդ պատճառով հայցվորը միջնորդում էր իրեն տրամադրել համապատասխան տվյալները, որպեսզի հարկ եղած դեպքում փոփոխություններ արվի հայցապահանջի մեջ: Միջնորդության երկրորդ մասում հայցվորը դատարանին ներկայացրեց իր կազմած հերքման տեքստը, համաձայն որի' «Հրապարակ» օրաթերթը պետք է հերքի Մարգարիտա Խաչատրյանի վերաբերյալ ապրիլի 21-ին հրապարակած տեղեկությունները, ինչպես նաև հետագայում հայցվորի վերաբերյալ որևէ վիրավորական նյութ չհրապարակի:

Դատավոր Ս.Թադևոսյանը միջնորդության առաջին մասը չբավարարեց՝ մեկնաբանելով, որ վճիռ կայացնելիս դատարանին միգուցե և պետք գա պահանջվող տեղեկությունը, հարկ եղած դեպքում դատարանը այն կպահանջի պատասխանողից: Իսկ երկրորդ մասով դատարանը բավարարեց հայցվորի միջնորդությունը և պատասխանող կողմին հատկացրեց օրենքով սահմանված 14-օրյա ժամանակահատված, որպեսզի պատասխանողը ծանոթանա հայցադիմումին, քանի որ միջնորդությունից հետո հայցապահանջը փոխվել է, այն է՝ ավելացել է նաև հերքման տեքստը:
Արդեն 2012-ին կայանալիք դատական նիստի մասին կողմերը գրավոր կծանուցվեն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter