HY RU EN

Արաքս Մամուլյան

Դատավոր Արտուշ Գաբրիելյանի հարցազրույցը`«Սասնա ծռերի» գործով ինքնաբացարկի հիմք

Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում «Սասնա ծռերի» վերաբերյալ դատական նիստին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացվեց դատավոր Արտուշ ԳաբրիելյանինՊատճառն օրեր առաջ «Հրապարակ»-ին  Արտուշ Գաբրիելյանի տված հարցազրույցն էր, որում դատավորը մեղադրանքներ է հնչեցնում գործում ներգրաված փաստաբանների հասցեին:

Հրապարակված հոդվածում դատավորը խոսում է իր վարույթում քննվող քրեական գործում ներգրավված փաստաբանների վարքագծի ու դատական կարգադրիչների գործողությունների մասին:

Պաշտպանական կողմը բարձրաձայնեց այն մասին, որ դատավոր Գաբրիելյանն առանց տեսնելու կարգադրիչների վարքագիծն ու ականատես լինելու նրանց գործողություններին, հարցազրույցում նշել է, որ կարգադրիչներն իրենց լիազորությունները կատարել են, որ նրանք զննություն են իրականացրել, մինչդեռ ամիսներ շարունակ գործում ներգրավված փաստաբանները պնդել են, որ իրենց նկատմամբ զննություն չի իրականացվել, այլ ըստ էության, խուզարկության պահանջ է ներկայացվել:

Պաշտպանական կողմի պնդմամբ՝ ամիսներ շարունակ իրենք այս ամենի մասին բարձրաձայնել են, սակայն դատավորը միջոցներ չի ձեռնարկել փաստաբանների անխոչընդոտ մուտքը նիստերի դահլիճ ապահովելու ուղղությամբ, ավելին՝ որոշել է հարցազրույց տալ և  արդարացնելով դատական կարգադրիչներին` հանրության աչքերում հեղինակազրկել փաստաբաններին և նրանց խոսքը:

Նշված հարցազրույցում դատավոր Գաբրիելյանը բառացիորեն ասել է. «Եթե ուզում եք իմանաք, իմացե՛ք, ամեն մեղավորը, որ նիստերը չեն ընթացել, դա փաստաբանների պատճառով է, որ չեն ներկայացել դատական նիստին։ Կամ էլ հայտարարում են, որ էդ անձնավորությանը չեք թողնում գա, մենք լքում ենք դատական նիստերի դահլիճը, վեր էին կենում, գնում էին։ Ես էլ սանկցիաներ էի կիրառում։ Խնդրում եմ՝ հիշեք, որ էդ 4 ամիսը, եթե դատական նիստը չի եղել, չի եղել էն պատճառով, որ դատական նիստին չեն ներկայացել պաշտպանները, ներկայացած պաշտպաններն էլ լքել են դատական նիստերի դահլիճը»:

Վերը նշվածը, ըստ պաշտպանական կողմի` ընդգծված բացասական վերաբերմունք է արտահայտում գործում ներգրավված փաստաբանների նկատմամբ, քանի որ պաշտպաններին բացահայտ մեղադրում են նիստերը տապալելու համար:

Այսպիսով, դատավորը ցույց է տալիս իր կողմնակալ վերաբերմունքը պաշտպանական կողմի նկատմամբ:

Նշենք, որ եվրոպական դատարանն ընդունում է, որ կապված քննվող գործի կամ այլոց պաշտպանության հետ կարող է առաջ գալ անվտանգության ապահովման պահանջ: Անվտանգության միջոցառումները, սակայն, ինքնանպատակ լինել չեն կարող. դրանք պետք է լինեն հիմնավորված և համապատասխանեն անհրաժեշտության չափանիշին:

Դատավորը, խոսելով «Սասնա ծռերի» վերաբերյալ այժմ դատարանում քննվող երեք գործերի և դրանցում ներգրավված նույն փաստաբանների մասին, ասում է հետևյալը. «Հիմա այդ նույն անձիք, որոնք էն ժամանակ չէին մտնում, հիմա պայուսակը թողնում են մեքենայի մեջ, գալիս են դատական նիստերի դահլիճ։ Ես էլ ասում եմ՝ ա՛յ ընկեր ջան, եթե էն ժամանակ էլ կարայիր պայուսակդ թողների մեքենայի մեջ գայիր, ինչի՞ 4 ամիս չէիր գալիս։ Իզուր տեղը մենք 4 ամիս ներվեր քայքայեցինք»:

Ըստ պաշտպանական կողմի՝ դատարանին այս գործընթացում միայն ձևական կողմը, փատաբանների՝ միայն ֆիզիկական ներկայությունն ապահովելն է հետաքրքրում և նրան ամենևին չի մտահոգում հանգամանքը, որ փաստաբաններն առանց աշխատանքային իրերի են ստիպված լինում ներկա գտնվել դատական նիստին, ինչը վնասում է նրանց պաշտպանյալների արդյունավետ պաշտպանության իրավունքը:

Ըստ պաշտպանների՝ դատավորի մոտ բացակայում է դատական չեզոքության սկբունքով պահանջվող անհրաժեշտ ձեռնպահությունը, առկա է օբյեկտիվորեն հիմնավորված մտավախություն, որ նրա մոտ բացակայում է անկողմնակալությունը, և հետևաբար դատավորը չի կարող իրականացնել արդար դատաքննություն:

Իսկ բոլոր այն դեպքերում, երբ դատավորը չի կարող արդար որոշում կայացնել կամ անաչառ դիտորդին կարող է թվալ, որ նա չի կարող արդարացի որոշում կայացնել, դատավորը պարտավոր է ինքնաբացարկ հայտնել:

Վերը նշված հանգամանքներն են, որ պաշտպանական կողմին` դատավորին ինքնաբացարկ հայտնելու հիմք են տվել:

Մեղադրող կողմն առարկեց միջնորդության դեմ:  Ըստ մեղադրող դատախազ Հակոբ Ենոքյանի՝ դատավորի հարցազրույցը վերջինիս կողմնակալ կամ աչառու լինելու վերաբերյալ տվյալներ չի պարունակում: Մեղադրողը նշեց, որ դատավորը հարցազրույցում  պարզապես նիստերի հետաձգման պատճառների մասին է խոսել, այլ ոչ` բուն դատական գործի: Իսկ թե նիստերի դահլիճից դուրս ինչ է կատարվել, ըստ մեղադրող կողմի, դատարանի լիազորությունների մեջ չի մտնում:

Դատավոր Արտուշ Գաբրիելյանը մինչ խորհրդակցական սենյակ հեռանալը հայտարարեց, թե այն ամենն, ինչ ինքն ասել է հարցազրույցում, ասել է նաև դատական նիստերի ընթացքում:

Խորհրդակցական սենյակից վերադառնալով՝ դատավորը մերժեց միջնորդությունը: