
Ինն ամսում 93 մլն դոլարի մարդասիրական օգնություն է եկել Հայաստան
Այս տարի մարդասիրական օգնության կարգով Հայաստան ներմուծվող ապրանքների ծավալն արդեն իսկ գերազանցել է 90 մլն ԱՄՆ դոլարը։
Ինչպես տեղեկանում ենք Ազգային վիճակագրական ծառայությունից (ՀՀ ԱՎԾ), այս տարվա հունվար-սեպտեմբերին Հայաստանը արտասահմանից ստացել է 93.4 մլն դոլարի (կամ ավելի քան 45 մլրդ դրամ) մարդասիրական օգնության ապրանքներ։ Այս ցուցանիշը 2.5 անգամ գերազանցում է 2016 թվականի նույն ժամանակաշրջանի ցուցանիշը։
Համեմատության համար նաև նշենք, որ ամբողջ 2016 թվականին ներմուծված մարդասիրական օգնության ծավալը կազմել է մոտ 46 մլն դոլար, իսկ 2015-ին՝ ավելի քան 49 մլն դոլար։
Ստացված ապրանքների ցանկում 85%-ը միայն քիմիայի և դրա հետ կապված արդյունաբերության ճյուղերի արտադրանքն է՝ ավելի քան 79 մլն դոլար։ Աճը նախորդ տարվա նույն ժամակաշրջանի համեմատ 3.9 անգ. է։ Այսինքն՝ մարդասիրական օգնության ընդհանուր ցուցանիշի աճը պայմանավորված է այս ապրանքախմբի ծավալների ավելացմամբ։
Համեմատաբար զգալի են նաև մանածագործական իրերի, սարքավորումների ու ապարատների ցուցանիշները։
Կտրուկ աճել է «անհայտ» երկրներից եկող օգնության ծավալը
Վիճծառայության տրամադրած տվյալները թույլ չեն տալիս հասկանալ, թե որ երկրներից եկող մարդասիրական օգնության ծավալներն են աճել այս տարի։ Բանն այն է, որ երկրների ցանկը, որը ներկայացրել է ծառայաթյունը, սահմանափակ է։ Այստեղ վերջին տողում նշված է «Մնացած երկրներ», որտեղից ներմուծված օգնության ծավալներն այս տարվա հունվար-սեպտեմբերին, 2016 թվականի նույն ամիսների համեմատ, աճել են 9.2 անգամ ու կազմել մոտ 58 մլն դոլար։
Գլխավորապես հենց այս տողով էլ պայմանավորված է մարդասիրական օգնության ընդհանուր ծավալների աճը։ Սակայն փակագծերը չեն բացվում, և հասկանալի չէ, թե որ երկրների մասին է խոսքը։
Հայաստանին մարդասիրական օգնություն տրամադրած երկրների շարքում առանձնանում են նաև Շվեյցարիան, Միացյալ Նահանգները, Չինաստանը, Գերմանիան և այլն։
Մեկնաբանել