
«Նորաշեն 2007»-ի տուժած շահառուները նամակով դիմում են երկրի իշխանություններին
ՀՀ նախագահ պարոն Ս. Սարգսյանին,
պատճեն՝ ՀՀ ԱԺ նախագահ պարոն Ս. Նիկոյանին,
պատճեն՝ ՀՀ Գլխավոր դատախազ պարոն Ա. Հովսեփյանին,
պատճեն՝ ՀՀ ԿԱ ՊԵԿ-ի նախագահ պարոն Գ. Խաչատրյանին
Գ. Չաուշի 14/3 շենքի տուժած բնակիչներից
Մեծարգո պարոն նախագահ.
Հերթական անգամ Ձեզ ենք դիմում «Նորաշեն 2007» սպառողական կոոպերատիվից տուժված բնակիչներս և հայտնում, որ Ձեր անմիջական հսկողության տակ գտնվող քրեական գործը շուրջ 10 ամիս վարում էր ՀՀ Հատուկ քննչական ծառայության քննչական խումբը` Վաղինակ Ջանազյանի ղեկավարությամբ: Այդ ընթացքում մեր բազմաթիվ հանդիպումների ժամանակ, թե ՀՀ Նախագահի վերահսկողության ծառայության պետ Հովհաննես Հովսեփյանը, թե ՀՀ ՀՔԾ-ի պետ Անդրանիկ Միրզոյանը մեզ բազմիցս վստահեցրել են, որ գործը գտնվում է Ձեր անմիջական վերահսկողության ներքո, որի արդյունքում, տուժած բնակիչների մի զգալի մաս դարձավ իր բնակարանի սեփականատերը, իսկ դեռ շուրջ 40 բնակարան իրական տերերին դեռևս չեն հատկացվել: Անցած 10 ամիսների ընթացքում քննչական խմբի ղեկավարը ինչպես նաև ծառայության պետ Անդրանիկ Միրզոյանը բազմիցս հայտարարել են, որ ապացուցվել է ՀՀ ԱԺ պատգամավոր Հերմինե Նաղդալյանի ամուսնու` Արարատի հարկային տեսչության պետ Դավիթ Բեգլարյանի կողմից «Նորաշեն 2007» ՍԿ-ի նախագահ Արմեն Թադևոսյանին և նրա գործընկեր Լուսաբեկ Սամվելյանին ամսական 5% տոկոսադրույքով գումար տալու փաստը:
Նախաքննությունն ավարտվել է և մնացած բնակիչներն էլ նախաքննության ընթացքում հիմնավորված փաստերով կարող էին դատարանի վճռով ետ ստանալ իրենց բնակարանները:
Սակայն, մեզ համար անսպասելիորեն, քննչական խմբի ղեկավարի մի որոշում է փոփոխվել, որի պատճառով իսպառ վերացել է բնակարանները ետ ստանալու հնարավորությունը:
Մեջբերում ենք ՀՀ ՀՔԾ-ի քննիչ Վաղինակ Ջանազյանի այս տարվա նոյեմբերի 11-ի որոշումը` ՀՀ Աժ պատգամավոր Հերմինե Նաղդալյանի ամուսնու` Դավիթ Բեգլարյանի մասով. «Նախաքննությամբ պարզվել է, որ Դավիթ Գարունի Բեգլարյանը Երևան քաղաքի Գևորգ Չաուշի 14/3 հասցեում բազմաբնակարան շենքի կառուցապատող, «Նորաշեն 2007» սպառողական կոոպերատիվի նախագահ Արմեն Թադեւոսյանի եւ նրա գործընկեր Լուսաբեկ Սամվելյանի հետ ձեռք բերած պայմանավորվածության համաձայն, 2009 թվականի նոյեմբերին, ամսական 5 տոկոս՝ ՀՀ Կենտրոնական բանկի սահմանած բանկային տոկոսի ամսական հաշվարկային դրույքաչափը մի քանի անգամ գերազանցող տոկոսադրույքով նրանց տրամադրել է 300 հազար ԱՄՆ դոլար գումար, իսկ որպես գումարի վերադարձելիության երաշխիք՝ ինչպես անձամբ, այնպես էլ հարազատներն ու մտերիմները Արմեն Թադեւոսյանի հետ կնքել են հիշյալ շենքի 14 բնակարանների առուվաճառքի ձեւական պայմանագրեր»:
Ընդամենը 4-օր հետո՝ նոյեմբերի 15-ին, մեզ անհայտ պատճառներով ՀՀ դատախազությունը փոխել է գործի էությունը` գտնելով, որ քննիչի կայացրած գործողությունը չի բխում ՀՀ Քրեադատավարական օրենսգրքի պահանջներից և քրեական գործի նյութերից` քննիչին տալով ցուցում` փոխել որոշումը:
Հաջորդ օրը՝ նոյեմբերի 16-ին, քննիչի կողմից կայացվել է նոր որոշում, մեջբերում ենք. «Դավիթ Բեգլարյանն իր ցուցմունքում ժխտել է Լուսաբեկ Սամվելյանին եւ Արմեն Թադեւոսյանին տոկոսով գումարներ տալու հանգամանքը եւ հայտնել, որ բնակարանները նրանցից ձեռք է բերել՝ 1 քմ մակերեսի համար վճարելով 260 ԱՄՆ դոլար գումար: Դավիթ Բեգլարյանն իր ցուցմունքը պնդել է նաեւ վերջինիս առերես:
Դավիթ Բեգլարյանի՝ Արմեն Թադեւոսյանին եւ Լուսաբեկ Սամվելյանին որոշակի տոկոսադրույքով գումար տալու հանգամանքը չի հաստատվել նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցներով, ավելին՝ հերքվել է՝ ապացույցների համադրմամբ, համատեղ վերլուծությամբ եւ գնահատմամբ»:
Այն դեպքում, երբ նույն քննչական մարմնի կողմից նույն ապացույցների հիման վրա, նույն տոկոսադրույքով գումար տված ավելի քան 2 տասնյակ անձանց արարքը որակվել է որպես վաշխառություն` ՀՀ Քրեական օրենսգրքի 213 –րդ հոդվածի 1-ին մասով և ընդունվել դատավարական որոշում: Սակայն այդ շարքերից դուրս է մնացել նաև ՀՀ ԿԱ ՊԵԿ-ի իրավաբանական վարչության պետ` Ռազմիկ Ավագյանը, որի մոտ է մեր շենքի բնակարաններից մեկը և նա է միջնորդ հանդիսացել Դավիթ Բեգլարյանի և «Նորաշեն 2007» ՍԿ-ի ղեկավարների միջև` միջնորդությամբ տանելով մի կլորիկ գումար:
Հարց է առաջանում, որտեղ է օրինականությունը կամ մի՞թե օրենքը մեկնաբանելիս` պարտադիր է սորտավորված մոտեցումը:
Մեծարգո պարոն նախագահ, մեր համոզմամբ որոշումը փոփոխվել է ոչ թե օրենքի պահանջներից ելնելով, այլ գործել են Հերմինե Նաղդալյանի թելադրանքով: Մի՞թե ԱԺ աղմկահարույց մեկ պատգամավորի համար արժեր ոտնահարել մոտ 20 ՀՀ քաղաքացիների իրավունքը և սպանել բնակարան ստանալու երկար տարիների նրանց հույսը:
Մեծարգո պարոն նախագահ, մենք եկել ենք այն եզրակացության, որ ՀՀ-ն ի զորու չեղավ պաշտպանել իր քաղաքացիների օրինական շահերն ու բնակարան ունենալու սահմանադրական իրավունքը և այն զոհաբերվեց երկրի օրենքները ոտնահարող պատգամավորի պաշտոնին: ՈՒնենք մտավախություն, որ նույն գործելակերպը շարունակվելու է ապագա ընտրություններից հետո, ուստի, մեզ զգալով լրիվ անպաշտպան, ավելորդ ենք համարում օգտվել ընտրություններին մասնակցելու մեր սահմանադրական իրավունքից և ցանկանում ենք օր առաջ լքել ՀՀ-ը` հրաժարվելով ՀՀ քաղաքացիությունից:
Մեծարգո պարոն նախագահ, ուստի, հայտնում ենք Ձեզ ՀՀ քաղաքացիությունից հրաժարվելու մեր որոշման մասին և առաջիկայում դիմելու ենք օտարերկրյա դեսպանատներին` իրենց պետություններում մեզ համապատասխան կարգավիճակով ապաստան տալու խնդրանքով:
Գ. Չաուշի 14/3 շենքի բնակիչներ
Մեկնաբանություններ (61)
Մեկնաբանել