
«Տարոն-Ավիան» մեկնարկել է Երեւան-Մոսկվա ուղղության շահագործումը
Այսօր առավոտյան «Տարոն-Ավիա» ավիաընկերությունը կատարել է իր առաջին չվերթը Երեւան-Մոսկվա («Վնուկովո» օդանավակայան) ուղղությամբ: Հիշեցնենք, որ Գյումրիում բազավորվող ավիաընկերությունն այս տարվա ապրիլից է սկսել կանոնավոր մարդատար փոխադրումներ կատարել Հայաստանից: «Շիրակ» օդանավակայանից ամեն շաբաթ իրականացվում են թռիչքներ դեպի Կրասնոդար, Սամարա եւ Մոսկվա («Դոմոդեդովո»):
Նախկինում Գյումրուց իրականացվում էին նաեւ չվերթներ դեպի Դոնի Ռոստով: Ներկայում այս քաղաքի փոխարեն ընկերությունն ավելացրել է թռիչքների քանակը դեպի Մոսկվա: Օրինակ՝ եթե նախկինում դեպի ՌԴ մայրաքաղաք Գյումրուց կարելի էր մեկնել ամեն ուրբաթ եւ կիրակի, հոկտեմբերի 31-ից թռիչքներ են կատարվում նաեւ երեքշաբթի օրերին, իսկ դեկտեմբերի 2-ից՝ նաեւ շաբաթ օրերին:
Ինչ վերաբերում է Երեւանից «Վնուկովո» չվերթներին, դրանք ամենօրյա են: Այս պահին սա միակ հայկական ընկերությունն է, որ իրականացնում է Երեւան-Մոսկվա թռիչքներ:
«Տարոն-Ավիան» ունի 4 օդանավ՝ «Boeing 737-500», որոնցից երկուսը (EK-73797, EK-73776) ընկերության անմիջական տրամադրության տակ են, իսկ մյուս երկուսը (EK-73775, EK-73772) շահագործվում են Սուդանում վարձակալական հիմունքներով:
Մեկնաբանել