HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

ՔԿՀ. «Առողջական ներկա վիճակով Շիրխանյանը չի կարող մասնակցել դատական նիստին»

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանն այսօր հետաձգեց ՊՆ նախկին տեղակալ Վահան Շիրխանյանի և մյուսների վերաբերյալ դատական նիստը: Շիրխանյանը դատարան չէր ներկայացվել:

«Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ից դատարան էր ուղարկվել գրություն այն մասին, որ ներկա առողջական վիճակով Վահան Շիրխանյանը չի կարող մասնակցել դատական նիստին:

Նշենք, որ կալանավորման պահից ի վեր Վահան Շիրխանյանը բարձրաձայնել է իր առողջական խնդիրների մասին: Շիրխանյանի կալանքի և առողջական խնդիրների վերաբերյալ Մարդու իրավունքների եվրոպական դատարան գանգատ է ներկայացվել, և օրեր առաջ ՄԻԵԴ-ը որոշում է կայացրել 39-րդ կանոնը կիրառելու մասին: Սա նշանակում է, որ ՄԻԵԴ-ը Հայաստանին պարտավորեցրել է անհապաղ միջոցներ ձեռնարկել՝ Շիրխանյանի առողջական վիճակը ճիշտ գնահատելու եւ անհրաժեշտ բուժումն ապահովելու համար, ըստ որում` այս գործընթացում պետք է ներգրավվեն ինչպես պետության նշանակած մասնագետները, այնպես էլ Շիրխանյանի հրավիրած բժիշկները:

Երբ այս գործը նոր էր ուղարկվել դատարան, ամիսներ շարունակ նիստեր տեղի չէին ունենում, քանի որ Շիրխանյանը հայտարարում էր, թե ի վիճակի չէ մասնակցել դատական նիստերին, և ՔԿՀ-ից դատարան գրություններ էին ուղարկվում այն մասին, որ Շիրխանյանը հրաժարվել է դատարան ներկայանալ:

Ի վերջո, դատավորը Շիրխանյանի առողջական վիճակը գնահատելու համար դատաբժշկական համալիր փորձաքննություն նշանակելու որոշում կայացրեց, և փորձագետները եզրակացություն տվին այն մասին, որ Շիրխանյանն ի վիճակի է մասնակցել նիստերին:

Վերջին մի քանի ամիսների ընթացքում «Զինված խմբի» գործով նիստերը կանոնավոր կերպով կայանում էին. Շիրխանյանին սայլակով դատարան էին բերում, երբեմն սայլակով էլ` դահլիճ ներկայացնում, միայն երբ դատական նիստերը երկար էին տևում, Շիրխանյանի փաստաբան Հայկ Ալումյանը հայտնում էր, որ իր պաշտպանյալն այլևս ի վիճակի չէ մասնակցել նիստին, ու դատավորը հետաձգում էր գործի քննությունը:

Այսօր, փաստորեն, Շիրխանյանը դարձյալ ի վիճակի չի եղել ներկայանալ դատարան, եւ առաջին անգամ Շիրխանյանին չներկայացնելու պատճառաբանության մեջ ՔԿՀ-ն ոչ թե գրում է` Շիրխանյանը հրաժարվել է ներկայանալ, այլ որ նրա առողջական վիճակը թույլ չի տալիս ներկայանալ:

Փաստաբան Հայկ Ալումյանը ենթադրում է, որ Շիրխանյանի առողջական վիճակն էլ ավելի է սրվել: Փաստաբանը պատրաստվում է այցելել իր պաշտպանյալին:

Ալումյանը հայտնեց նաև, որ Հայաստանի կառավարությունն առայժմ քայլեր չի կատարել Շիրխանյանի գանգատի վերաբերյալ ՄԻԵԴ-ի ցուցումները կատարելու ուղղությամբ, կամ առնվազն իրենց այդ ուղղությամբ քայլեր կատարելու վերաբերյալ որևէ տվյալ չի հայտնվել:

Ալումյանը նշեց նաև, որ այժմ իրենք բանակցում են մասնագետների հետ, որպեսզի վերջիններս մասնակցեն Շիրխանյանի առողջական վիճակը ճիշտ գնահատելու և անհրաժեշտ բուժումն ապահովելու ուղղությամբ կատարվելիք գործընթացին: Փաստաբանը պնդում է, որ այդ մասնագետներին պետք է վճարի պետությունը:

Հիշեցնենք, որ 2015-ի նոյեմբերի 25-ին ԱԱԾ-ն հայտարարություն տարածեց այն մասին, որ Նորքում վնասազերծվել է զինված խումբ: Հարուցված քրեական գործի շրջանակներում մեղադրանք առաջադրվեց մի խումբ անձանց, որոնց թվում՝ Վահան Շիրխանյանին:

Ըստ քրեական գործի' «2015-ի ապրիլից գտնվելով ՀՀ տարածքում՝ Արթուր Վարդանյանը ստեղծել ու ղեկավարել է ՀՀ քաղաքացիներից կազմված հանցավոր համագործակցություն, կազմակերպված խմբի կազմում ապօրինի կերպով ձեռք է բերել, պահել, փոխադրել և կրել մեծ քանակությամբ զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր, պայթուցիկ սարքեր` նպատակ ունենալով Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը յուրացնել, այսինքն զավթել՝ բռնություն գործադրելու կամ բռնություն գործադրելու սպառնալիքով, ինչն ավարտին չի հասցվել՝ նրա կամքից անկախ հանգամանքներում, քանի որ հանցավոր գործակցության մեջ ներգրավված անձինք բացահայտվել ու 2015թ. նոյեմբերի 25-ին վնասազերծվել են ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter