HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արարատ Դավթյան

Սյունիքի մարզպետի գործի՝ ծեծի մասով որոշումը բողոքարկվել է

ՀՀ հատուկ քննչական ծառայությունը Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի կողմից գործարար Սիլվա Համբարձումյանին հարվածելու (անցավ ապտակելու) փաստի առթիվ հարուցված քրեական գործի վարույթը դեկտեմբերի 12-ին կարճեց:

Սկզբում Սիլվա Համբարձումյանը հայտարարեց, որ քննիչի որոշումից բավարարված է, քանի որ դրանում տեղ էր գտել մարզպետի զղջման մասին ձեւակերպումը: Այնուհետեւ, անդրադառնելով Սուրեն Խաչատրյանի՝ ներողություն չխնդրելու կամ չզղջալու մասին հայտարարություններին, գործարար Համբարձումյանը նշեց, որ եթե մարզպետը շարունակի իր այդ պնդումները, ապա, «ամենայն հավանականությամբ, գործը կարճելու մասին որոշումը կբողոքարկվի»:

Բողոքարկման ժամկետի վերջին օրը կին գործարարի փաստաբան Կարեն Թունյանը ՀՔԾ քննիչ Արշալույս Մինասյանի որոշման դեմ բողոք է ներկայացրել գլխավոր դատախազին: Սակայն բողոքը, ինչպես փաստաբանն է ասում, գրված է շատ համառոտ. «Ընդամենը որոշակի ընդհանուր գծերով նշել եմ, որ քննությունը լրիվ, օբյեկտիվ եւ բազմակողմանի չի եղել»:

Բողոքը համառոտ գրելու պատճառը, ըստ Թունյանի, այն է, որ քննիչն իրեն թույլ է տվել «ընդամենն աչքի ծայրով տեսնել, թե ինչ կա գործի նյութերի մեջ»: Իսկ «աչքի ծայրի» տեսածը փաստաբանի մոտ առաջացրել է կասկածներ: «Հնարավոր է՝ որոշակի ոչ օբյեկտիվություն դրսեւորված լինի (քննիչը) եւ որոշակի անհամաձայնություն լինի քրեական որակման հետ, որ մեկ ապտակը քրեորեն հետապնդելի արարք չէ»,- ասում է Կարեն Թունյանը:

Հիշեցնենք՝ Սուրեն Խաչատրյանի ակտիվ մասնակցությամբ միջադեպը տեղի էր ունեցել նոյեմբերի 14-ին «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցի սրճարանում: Քննիչի կողմից առգրավվել եւ քրեական գործի նյութերին կցվել է նաեւ միջադեպի տեսագրությունը, որը վերջին ասուլիսի ժամանակ Սիլվա Համբարձումյանը խոստացավ ստանալուն պես տրամադրել լրագրողներին: Սակայն քննիչ Մինասյանը հրաժարվել է գործարարի փաստաբանին տրամադրել ոչ միայն տեսագրության կրկնօրինակը, այլեւ գործում եղած փաստաթղթերի պատճեները:

«Պարոն Մինասյանը պատճառաբանում է, թե նման իրավունք ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքը չի վերապահում Սիլվա Համաբարձումյանին, քանի որ նա գործով տուժող չի ճանաչվել»,- մանրամասնում է փաստաբան Թունյանը:

Գործարար կնոջ հետ կատարվածի առնչությամբ ՀՔԾ-ում քրեական գործ էր հարուցել «Ծեծ» հոդվածի հատկանիշներով: Իսկ նույն Քրեական դատավարության օրենսգրքի 183-րդ հոդվածն ուղղակիորեն նախատեսում է, որ նշված հոդվածով քրեական գործ կարող է հարուցվել բացառապես տուժողի բողոքի հիման վրա:

«Հետեւաբար, տուժողի կարգավիճակը քրեական գործի հարուցման փաստով արդեն իսկ շնորհված էր Սիլվա Համբարձումյանին: Նա տուժող է, այլ կերպ հնարավոր չէ»,- ասում է փաստաբան Թունյանը: Ըստ նրա՝ քննիչի նման մոտեցման պարագայում ինքնին անհեթեթ է դառնում բողոքարկման ինստիտուտը՝ տուժող անձի կողմից:

«Իսկ հպանցիկ ընթերցելով բավականին մեծ ծավալ ունեցող նյութերը՝ անհապաղ դատողություններ կատարել, թե ի՞նչն էր ճիշտ, ինչը՝ սխալ, հնարավոր չէ: Դրա համար էլ բողոքում չեմ նշել եւ այս պահին չեմ էլ կարող ասել՝ պետք է (Սուրեն Խաչատրյանին) մեղադրանք առաջադրվեր, թե գործը պետք է քննվեր նաեւ մարզպետի արարքում այլ հանցակազմի առկայությունը բացահայտելու համար»,- ասում է Կարեն Թունյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter