HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գագիկ Աղբալյան

Վարչապետի խորհրդականի հայտարարությունը՝ ծառին

«Ֆինլեգալ-Կոնսալտ» ՓԲԸ-ն շարունակում է պայքարել Արշակունյաց պողոտայում մեկ-երկու ավտոկայանատեղի ունենալու համար։

Կարեն Կարապետյանի գլխավոր խորհրդական Հայկ Դավթյանի հետ առնչություն ունեցող այս ընկերությունը, հիշեցնենք, խախտելով ճանապարհային երթեւեկության կանոնները, ավտոմեքենաների ազատ տեղաշարժը խոչընդոտելով՝ տարբեր առարկաներով գրավում էր գրասենյակին կից «կարմիր գծերը»։  

Ճանապարհային ոստիկանության կողմից բանավոր զգուշացումից հետո «Ֆինլեգալ-Կոնսալտ» ՓԲԸ-ում հրաժարվել են երթեւեկությանը խոչընդոտող առարկաներից, բայց միեւնույն ժամանակ փոխել են մարտավարությունը։ Այստեղ շարունակում են պայքարել «իրենց» կայանատեղիների համար, բայց արդեն՝ հայտարարության միջոցով

Ինչպես արձանագրել է «Հետք»-ի տեսախցիկը, ՃՈ կողմից տուգանվելուց խուսափելով, Հայկ Դավթյանի գրասենյակի աշխատակիցները հիմա էլ համապատասխան հայտարարություն են փակցրել ծառին, վարորդներին խնդրելով գրասենյակի մուտքի դիմաց մեքենա չկայանել։ Թե ի՞նչ իրավական կատեգորիա է խնդրանքը՝ «Ֆինլեգալ-Կոնսալտ» իրավաբանական գրասենյակի իրավաբանները դժվար թե որեւէ մեկին կարողանան բացատրել։

Վարչապետի գլխավոր խորհրդականը տեղական տուրքը վճարելու եւ իր համար մեկ-երկու ավտոմեքենայի տեղ ապահովագրելու փոխարեն նախընտրում է բարեխիղճ վարորդների հաշվին, օրենքով չամրագրված եղանակներով իրեն տեղ պահել Արշակունյաց պողոտայում։

Նշենք, որ «Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական տուրքի մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ ֆիզիկական եւ իրավաբանական անձինք կարող են դիմել համայնքի ղեկավարին` ավագանու որոշմամբ իրենց կողմից նշված տարածքում ավտոկայանատեղ նախատեսելու համար եւ վճարել ամսական կամ տարեկան տուրք ամբողջ ավտոկայանատեղի տարածքի համար: Տուրքի չափը հաշվարկվում է ըստ տվյալ ավտոկայանատեղում ավտոտրանսպորտային միջոցների կայանման տեղերի թվի եւ ավագանու կողմից սահմանված մեկ ավտոտրանսպորտային միջոցի դրույքաչափի:

Ավտոկայանատեղի ամբողջ տարածքի համար տուրք վճարած ֆիզիկական եւ իրավաբանական անձինք կարող են սահմանափակել կամ չսահմանափակել տվյալ ավտոկայանատեղում այլ անձանց կողմից ավտոտրանսպորտային միջոցների կայանման իրավունքը։ 

Երեւանում տասնյակ կամ միգուցե հարյուրավոր կազմակերպություններ ընտրել են այս՝ օրինական ճանապարհը։ Վարչապետի գլխավոր խորհրդականը բացառություն է։

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter