HY RU EN

Արաքս Մամուլյան

«Եթե Բաբայանն ամբաստանյալ է, չի նշանակում, որ պետք է մոռանալ նրա անցյալը». պաշտպանին վրդովեցրել է դատախազի վերաբերմունքը

ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի մեղադրանքի հիմքում դրված են ապացույցներ, որոնք պետք է անթույլատրելի ճանաչել: Այսօր «Իգլայի» գործով դատական նիստի ժամանակ նման համոզմունք հայտնեց Բաբայանի պաշտպան Ավետիս Քալաշյանը:

Սամվել Բաբայանը, հիշեցնենք, մեղադրվում է մի խումբ անձանց նախնական համաձայնությամբ, ապօրինի կերպով ռազմամթերք հանդիսացող «Իգլա» ձեռք բերելուն, փոխադրելուն և պահելուն դրդելու, ինչպես նաև փողերի լվացման մեջ:

Ավետիս Քալաշյանն  այսօր  պահանջեց երկու դրվագով էլ արդարացնել իր պաշտպանյալին:

Փաստաբանը, մեկնաբանելով մեղադրանքի հիմքում դրված ապացույցներն անթույլատրելի ճանաչելու վերաբերյալ իր պնդումը, նշեց, որ դրանք չբացահայտված կամ անհայտ աղբյուրից ստացված նյութեր են:

Այսպես, դրվագներից մեկով Սամվել Բաբայանը մեղադրվում է «Իգլա» զենիթահրթիռային համալիր ձեռք բերելուն, փոխադրելուն և պահելուն դրդելու մեջ:  Ինչպես հայտնի է, այս գործը բացահայտվել է Իգլայի խողովակն ԱԱԾ-ին հանձնած Հրաչյա Մայիլյանի հեռախոսային խոսակցությունները գաղտնալսելու հետևանքով:

Հրաչյա Մայիլյանի վերաբերյալ դեռևս 2014 թվականին քրեական գործ է հարուցվել, որը դատարան չի հասել: Ըստ Քալաշյանի` 2017-ին հանկարծ որոշում է կայացվել Մայիլյանի հեռախոսային խոսակցությունները գաղտնալսել: Ավետիս Քալաշյանը դատարանում  հարց էր բարձրացրել, թե Մայիլյանի վերաբերյալ գործի քննությունից 4 տարի անց ինչո՞ւ են հանկարծ որոշել նրան գաղտնալսել: Քալաշյանը միջնորդել էր Հրաչյա Մայիլյանի հեռախոսային խոսակցությունների գաղտնալսումները թույլատրելու վերաբերյալ նյութերը պահանջել և դրանք դատարանում հետազոտել: Նշենք, որ Հրաչյա Մայիլյանի հեռախոսային խոսակցությունների գաղտնալսումից հետո միայն ԱԱԾ-ն սկսել է գաղտնալսել նաև Սամվել Բաբայանին, ինչպես նաև «ներքին դիտում» օպերատիվ հետախուզական միջոցառում իրականացրել: Բաբայանի մեղադրանքի հիմքում դրված են հիմնականում նրա հեռախոսային խոսակցությունների և «ներքին դիմում» օպերատիվ հետախուզական միջոցառման շրջանակներում ձեռք բերված նյութերը:

Մայիլյանի հեռախոսային խոսակցությունների գաղտնալսումը թույլատրելու նյութերը պահանջելիս, ըստ էության Ավետիս Քալաշյանը ցանկանում է, որպեսզի դրանք դատարանում հետազոտվեին և պարզ լիներ՝ արդյոք դրանց գաղտնալսման թույլտվությունն օրինական է եղել: Եթե, ենթադրենք, թույլտվության որոշումն օրինական չլիներ, ապա կստացվեր, որ Սամվել Բաբայանի մեղադրանքի հիմքում ևս դրված են անօրինական ճանապարհով ձեռք բերված ապացույցներ: Իսկ անօրինական ճանապարհով ձեռք բերված ապացույցները անթույլատրելի են, չեն կարող դրվել մեղադրանքի հիմքում:

Դատավոր Արշակ Վարդանյանը Քալաշյանի միջնորդությունը բավարարել էր և պահանջել նյութերը, սակայն դրանք չէին տրամադրվել՝ պատճառաբանությամբ, որ այդ նյութերը դեռևս օրենքով սահմանված կարգով չեն գաղտնազերծվել:


Դատավոր Արշակ Վարդանյանը

Ստացվում է, որ Սամվել Բաբայանի մեղադրանքի հիմքում պաշտպանական կողմի համար անհայտ, չբացահայտված նյութեր են:

«Նման պարագայում ստացվում է, որ գաղտնալսումների արդյունքում ձեռք բերված տեղեկությունները, որոնք վճռորոշ նշանակություն ունեն մեղադրանքի հիմքում դրված ապացույցների ծավալի մեջ, ստացվել են պաշտպանության կողմի համար չբացահայտված աղբյուրից»,- ասաց Քալաշյանն ու նշեց, որ Եվրոպական դատարանն իր բազմաթիվ որոշումներով հստակ դիրքորոշում է արտահայտել, որ տվյալ ապացույցի աղբյուրը չբացահայտելու անհրաժեշտությունը կարող է  իրավաչափ համարվել միայն այն դեպքում, երբ հանրային շահը գերակա է անձի իրավունքի պաշտպանության շահից,  և դրա հետ մեկտեղ ապացույցի աղբյուրը բացահայտվելու դեպքում դրանից ակնկալվող վտանգը պետք է  լինի ռեալ:

Քալաշյանը նշեց, որ ՄԻԵԴ-ն իր մի շարք որոշումներում ստացված ապացույցի աղբյուրը չբացահայտելը գերակա շահ է համարել այն դեպքերում, երբ անհրաժեշտ է եղել այդպիսով ապահովելու պետության անվտանգությունը, տեռորիստական ակտերը և այլ վտանգավոր հանցագործությունները կանխելու համար:

«Այս դեպքում չեմ կարծում, որ Հրաչյա Մայիլյանի կողմից ինչ-որ շրջադարձային փական վաճառելու վերաբերյալ փաստաթղթերը կեղծելն այնպիսի ռեալ վտանգ է պետության համար, որ պետք է այն անձի իրավունքից գերակա համարել»,- ասաց Ավետիս Քալաշյանը:

Ըստ փաստաբանի՝ տվյալ դեպքում պաշտպանական կողմը զրկվել է գաղտնալսումների համար հիմք հանդիսացած  ապացույցները վիճարկելու հնարավորությունից:

«Նման կերպ ստացված ապացույցների օգտագործումն ու դրանք մեղադրանքի հիմքում դնելը Եվրոպական դատարանի դիրքորոշման համաձայն՝ համարվում է արդար  դատաքննության և մրցակցության սկզբունքի խախտում: Հետևաբար Հրաչյա Մայիլյանի հեռախոսային խոսակցությունները, ինչպես նաև դրա հիման վրա ձեռք բերված այլ ապացույցները պետք է ճանաչել անթույլատրելի»,- հայտարարեց փաստաբանը:

Ինչ վերաբերում է փողերի լվացման դրվագով ապացույցներն անթույլատրելի համարելու հանգամանքին, ապա Քալաշյանը հիշեցնում է, որ ըստ Բաբայանին առաջադրված մեղադրանքի` վերջինս հաստատապես տեղեկանալով, որ ՌԴ-ում բնակվող իր մտերիմ Sիգրան Հարությունյանի՝ գործով դեռևս չպարզված ծանոթներն ունեն հափշտակված, ինկասացիոն և բանկոմատային անվտանգության նպատակներով օգտագործվող հատուկ նյութով ներկված և օրինական շրջանառությունից հանված, այսինքն՝ հանցավոր ճանապարհով ստացված եվրո թղթադրամների մեծ խմբաքանակ, միջոցներ է ձեռնարկել այն ձեռք բերելու, քիմիական մաքրման և վերամշակման եղանակով դրա հանցավոր ծագումը և իրական բնույթը խեղաթյուրելու ու հետագայում ՀՀ տարածքում շրջանառության մեջ դնելու համար: 

Քալաշյանն ուշադրություն հրավիրեց այն հանգամանքին, որ գործում առկա չէ որևէ տվյալ այն մասին, որ իրեղեն ապացույց ճանաչված եվրոները ձեռք են բերվել հանցավոր ճանապարհով:

«Մինչև այսօր չի հաջողվել պարզել` այդ թղթադրամները հանցավոր ճանապարհով են ձեռք բերվել, ինչի՞ վրա է մեղադրանքի կողմը հիմնվում նման պնդում կատարելիս»,- ասաց Քալաշյանն ու ընդգծեց, որ առ այսօր  այս գործի շրջանակներում ձեռք չի բերվել գոնե մեկ տվյալ այն մասին, որ այս փողերի հափշտակման վերաբերյալ քրեական գործ կա հարուցված: Ավելին, գործում առկա է Եվրոպոլից ստացված գրություն այն մասին, որ այս գործով իրեղեն ապացույց ճանաչված եվրոները հետախուզման մեջ գտնվող եվրոների հետ համընկնումներ չունեն:

Քալաշյանն ուշադրություն հրավիրեց նաև այն հանգամանքին, որ Ինտերպոլի միջոցով օտարերկրյա պետություններից բազմաթիվ գրություններ են ստացվել այս դեպքի առնչությամբ,  և այդ գրություններից մեկում նշված է եղել փողերի ներկոտման հնարավոր պատճառներ: Պատճառներից մեկն այն է, որ դրանք կարող են լինել ինկասացիոն և բանկոմատային անվտանգության նպատակներով օգտագործվելու համար արտադրված ու հափշտակված: Փողերը կարող են ներկոտվել նաև մարդկային գործոնի ազդեցությամբ` պատահաբար: Ընդ որում, եթե փողերը պատահաբար են ներկոտվել, ապա դրանք բանկերում փոխանակման ենթակա են:

Քալաշյանն ընդգծեց, որ նախաքննություն իրականացնող մարմինն առանց որևէ տվյալ ունենալու հիմք է ընդունել փողերի ներկոտման  պատճառներից միայն այն տարբերակը, ինչը ձեռնտու է, ու պնդել, որ փողերը հափշտակված են:

Պաշտպանն ընդգծեց, որ, ըստ էության, հայտնի չէ` երբ է այդ գումարը հափշտակվել, որտեղից, ով է հափշտակել: Այսինքն` տվյալ դեպքում ևս, ըստ Քալաշյանի, մեղադրանքի հիմքում անհայտ աղբյուրից ստացված կամ չբացահայտված ապացույցներ են, որոնք պետք է անթույլատրելի ճանաչել:

Սակայն ապացույցներն անթույլատրելի համարելով հանդերձ` Քալաշյանը հարկ է համարում անդրադառնալ իր պաշտպանյալներին` Սամվել Բաբայանին, ինչպես նաև փողերի լվացման դրվագով անցնող Անդրանիկ  և Կարեն Քոչարյաններին մեղսագրվող արարքների վերաբերյալ որոշ հանգամանքների:

Քալաշյանը կարծիք հայտնեց, որ իր պաշտպանյալներին վերագրվող փողերի լվացման դրվագում առհասարակ առկա չէ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի՝ հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույքն օրինականացնելու  հատկանիշներին համապատախան հանցակազմ:

Քալաշյանը պնդեց այն, ինչ իր ցուցմունքներում ասել է Սամվել Բաբայանը: Վերջինիս պարտք են եղել և ներկոտված  եվրոները, որոնք ուղարկվել են Հայաստան, Բաբայանի պարտքը մարելու համար են եղել: Նշենք, որ Բաբայանի ցուցմունք տալու ժամանակ մեղադրող դատախազ Արամ Արամյանը նրան հարց էր տվել, թե ինչու է համաձայնել, որպեսզի իր պարքը վերադարձվի ներկոտված թղթադրամներով, և Բաբայանը պատասխանել էր, որ ինքը Հայաստանում բանկերում խնդիրներ ուներ, ցանկացել է արագ մարել այստեղ ունեցած իր պարտքերը, այդ իսկ պատճառով համաձայնել է, որ ներկոտված գումարով մարեն պարտքը: Բաբայանը հայտնել է նաև, որ ինքը վստահ է եղել, որ գումարը, որն իրեն ուղարկվելու է, օրինական է:

Անդրադառնալով «իգլայի» դրվագով  ապացույցներին՝ Քալաշյանը նշեց, որ  Սամվել Բաբայանը Սանասար Գաբրիելյանին չի դրդել  «Իգլա» ձեռք բերել, որ այն ձեռք բերելու մտադրությունը Գաբրիելյանի մոտ ավելի վաղ է առաջացել, քան Սամվել Բաբայանն իմացել է այդ մասին, որ այդ հարցում Սամվել Բաբայանի միակ առնչությունն այն է եղել, որ Սանասար Գաբրիելյանը նրան ցույց է տվել «իգլայի» խողովակի լուսանկարը, ու Բաբայանը հայտնել է, որ դրանից մասեր են պակասում:

Ըստ մեղադրանքի՝ Սամվել Բաբայանը նյութապես շահագրգռել է Սանասար Գաբրիելյանին, որպեսզի վերջինս 50 հզ դոլար արժեքով «իգլա» ձեռք բերի: Միևնույն ժամանակ գործում առկա է 50 հզ դոլարի մասին խոսակցություն՝ Սանասար Գաբրիելյանի և Սամվել Բաբայանի միջև: Քալաշյանը, ընդգծելով, որ Գաբրիելյանի ու Բաբայանի միջև զենքի առնչությամբ գումարային խոսակցություն չի եղել, հարց բարձրացրեց, թե ինչպես է Բաբայանը նյութապես շահագրգռել Սանասարին, եթե Սանասարը նրանից հենց 50 000 դոլար է պահանջել, այսինքն՝ ըստ նախաքննական մարմնի վարկածի՝ ճիշտ այնքան, որքան «իգլայի» արժեքն է:

Քալաշյանը հարկ համարեց նաև անդրադառնալ այս դրվագով Սանասար Գաբրիելյանին առաջադրված մեղադրանքին. ըստ փաստաբանի՝  Սանասար Գաբրիելյանի արարքը սխալ քրեաիրավական որակում է ստացել. թեև Սանասար Գաբրիելյանն այդպես էլ «Իգլան» ձեռք չի բերել, նրա արարքը որակվել է որպես  ձեռք բերել, այլ ոչ թե ձեռք բերելու փորձ:


Սանասար Գաբրիելյանը

Մեղադրող դատախազ Արամ Արամյանը նախորդ դատական նիստին մեղադրական ճառ ասելիս տարօրինակ էր համարել հանգամանքը, որ պաշտպանության ոլորտում բարձր պաշտոն զբաղեցնող Սամվել Բաբայանը «տրուբան զենիթահրթիռային համալիրից չի տարբերում»:

Ավետիս Քալաշյանը, անդրադառնալով այս հանգամանքին, կարծիք հայտնեց, որ պետք չէր նման արտահայտություն անել:

«Եթե Սամվել Բաբայանն այսօրվա դրությամբ նստած է ամբաստանյալի աթոռին, ամենևին չի նշանակում, որ պետք է մոռացության մատնել նրա անցյալը: Իսկ ով մոռացել է, հիշեցնեմ. Սամվել Բաբայանն այն անձն է, ով անուրանալի ծառայություններ է մատուցել հայրենիքին, այն անձն է, ով իր ահռելի մեծ ներդրումն է ունեցել Արցախի բանակի կազմավորման և կայացման հարցում. բանակ, որ Կովկասի տարածաշրջանում համարվել է ամենամարտունակը: Ի վերջո մենք գործ ունենք հերոսի հետ. մի քիչ հարգանք պետք է ունենալ: Ի՞նչ է նշանակում. տրուբան չի տարբերում զենքից: Ես չեմ կարծում, որ որևէ  մեկն իսկապես մտածում է, որ Սամվել Բաբայանը չի կարող տրուբան տարբերել զենքից»,- ասաց Քալաշանն ու ընդգծեց, որ մեղադրող դատախազն իր ճառում անձը բնութագրող հանգամանքներ նշելիս մեկ բառ անգամ չի ասել այս ամենի մասին:

Փոխարենն Արամ Արամյանը հարկ է համարել ընդգծել, թե Բաբայանը առանձնապես ակտիվ դերակատարում է ունեցել դատարանում քննվող գործում և այդ հանգամանքը նշել որպես ծանրացուցիչ հանգամանք:

«Ո՞րն  է եղել Բաբայանի ակտիվ դերակատարումը, որ խողովակի նկարը նայել ու Սանասարին ասել է, որ դրանից մասե՞ր են պակասում»,- հարցրեց Ավետիս Քալաշյանը:

Դատարանում այսօր պաշտպանական ճառ ասացին նաև փողերի լվացման դրվագով անցնող Դավիթ Հարությունյանի և Ժորա Զաքարյանի պաշտպանները:

Դավիթ Հարությունյանը դատաքննության սկզբում հայտարարել է, որ իրեն մեղավոր չի ճանաչում, բայց այժմ դիրքորոշումը փոխել է: Վերջինիս պաշտպան Վաղարշակ Գևորգյանն այսօր պաշտպանական ճառ ասելիս նշեց, որ թեև ինքը համարում է, որ փողերի լվացման դրվագով ամբաստանյալների արարքներում բացակայում է հանցակազմը, և ինքը պատրաստվում էր այս առնչությամբ կառուցել իր պաշտպանական ճառը, Դավիթ Հարությունյանին հանձնարարություն ունի ասելու, որ վերջինս իրեն մասնակի մեղավոր է ճանաչում ու զղջում:

Փողերի լվացման դրվագով անցնող մյուս ամբաստանյալի՝ Ժորա Զաքարյանի պաշտպանը ևս միջնորդեց արդարացնել իր պաշտպանյալին:

Այսօր ամբաստանյալ Սանասար Գաբրիելյանն, ով դատաքննության մեկնարկին հրաժարվել էր իր պաշտպաններից, հայտնեց, որ պաշտպանական ճառ ասելու համար ինքը ևս պաշտպան է ցանկանում ունենալ, և դատարանը բավարարեց նրա միջնորդությունը:

Պաշտպանական ճառերն այսօր չավարտվեցին ու կշարունակվեն հաջորդ դատական նիստին:

Գլխավոր լուսանկարում՝ Սամվել Բաբայանի պաշտպան Ավետիս Քալաշյանը