
Թռչկանցիները կհետևեն, որ Մոզրովի քարանձավին վնաս չհասցվի
Ինչպես վերջերս նշվել էր «Թռչկան» քաղաքացիական նախաձեռնության մի խումբ ակտիվիստների կողմից, նրանք, մտահոգված լինելով Մոզրովի քարանձավի ճակատագրով, որոշել էին միջոցներ ձեռնարկել տվյալ և ևս մի քանի այլ քարանձավների պահպանման և հետագա ճիշտ շահագործման ուղղությամբ: Այսպիսով, առաջին քայլերը արդեն կատարված են:
Դեկտեմբերի 20-ին «Թռչկանի զավակները» այցելեցին Վայոց ձորի մարզում գտնվող Մոզրովի քարանձավ՝ մուտքը չափագրելու և մոնիտորինգ իրականացնելու համար: Ըստ նրանց՝ քարանձավի վիճակը ոչ մի լավ բան չէր խոստանում: Ձյունը դեռ նոր էր եկել, բայց այնտեղ արդեն նշմարվում էին անկոչ հյուրերի թողած ոտնահետքերը և դատարկ շշերը:
Բնապահպանները ցավով էին շեշտում, որ քարանձավում եղած շիթաքարերից ու կաթիլաքարերից միայն ստվերն է մնացել: Իսկ մնացածը փրկելու, պահպանելու և սերունդներին փոխանցելու համար թռչկանցիները պատրաստվում են կատարել իրենց քաղաքացիական պարտքը՝ փակել առաջին սրահի մեծ ճեղքը՝ խոնավությունը պահպանելու, զբոսաշրջիկների մուտքը համաձայն օրենքի սահմանափակելու, քարանձավը դրսի փոշուց առանձնացնելու և քարանձավի ներսում կաթոցները վերականգնելու նպատակով:
Քարանձավի փլվածքը, որը նաև մուտք է հանդիսանում, բավականին մեծ է, իսկ ծախսերը, հետևաբար, զգալի: Սակայն բնապահպանները հավաստիացնում են, որ դա չի կարող խոչընդոտ հանդիսանալ, և համատեղ ուժերով ամեն ինչ կիրականացվի հավուր պատշաճի:Կվերականգնվի նաև «Արջերի» կոչվող քարանձավի մուտքին կից գտնվող քանդված անցքը, որը նույնպես ժամանակին ծառայել է որպես գաղտնի հետնամուտք:
Ակտիվիստ Գոռ Հովհաննիսյանի խոսքերով, այդ ամենը պատճառն է այն բանի, որ քարանձավի ելումուտը չէր կանոնակարգվում համաձայն պահանջվող ստանդարտների: Հարկավոր է, որ համապատասխան մարմինների կողմից մշակվի քարանձավներից օգտվելու և այցելություններ իրականացնելու որոշակի ձև, որը պարտադիր կլինի բոլորի համար: Վերոնշյալ ձևը արդեն մշակվում է թռչկանցիների, նրանց աջակցող բնապահպանական կազմակերպությունների և մասնագետների կողմից:
Պատրաստ լինելուց անմիջապես հետո, այն անմիջապես կառաջարկվի համապատասխան պետական մարմիններին՝ կիրառության համար: «Թռչկան» քաղաքացիական նախաձեռնության մեջ ընդգրկված քարանձավախույզներն անձամբ կհետևեն, որպեսզի քարանձավին լրացուցիչ վնաս չհասցվի:
Թռչկան քաղաքացիական նախաձեռնություն
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել