HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գագիկ Աղբալյան

«Կարմիր գծերը»` թակարդ. գծանշումները հակասում են օրենքին

Պրակտիկայում մի քանի հարյուր դատական գործեր կան, որոնք քննում են Ճանապարհային ոստիկանության եւ Երեւանի քաղաքապետարանի՝ «կարմիր գծերի» վերաբերյալ՝ միմյանց հակասող որոշումները:

Պատճառը մայրաքաղաքում վճարովի ավտոկայանատեղիների ծառայություն իրականացնող «Փարկինգ սիթի սերվիսի» կողմից սխալ կահավորումն է: Ընկերության աշխատակիցները, փորձելով հնարավորինս շատ տարածք գրավել, գծանշումներ են կատարում այնտեղ, որտեղ օրենքով արգելված է: Օրինակ՝ խաչմերուկներից հինգ մետրից պակաս կամ կանգառներից 15 մետրից պակաս հեռավորության վրա:

«Փարկինգ սիթին» գծում է, «Սեքյուրիթի դրիմը»՝ տուգանում

Կառավարության 2008 թվականի 113-Ն որոշմամբ սահմանված են ճանապարհային գծանշմանը ներկայացվող պահանջները եւ դրա կիրառման կանոնները: Ավտոկայանատեղի կահավորման եւ գետնանշման աշխատանքներն իրականացվում են Հայաստանի օրենսդրությամբ սահմանված պայմաններին համապատասխան` ավտոկայանատեղի կազմակերպչի կողմից, իսկ գծանշումը պետք է կատարվի նախագիծը Ճանապարհային ոստիկանության հետ համաձայնեցնելուց հետո:

Սակայն ՃՈ-ի ու քաղաքապետարանի գործողությունները ոչ միայն համաձայնեցված չեն, այլեւ հակասում են իրար:

«Փարկինգ սիթի սերվիս» ՓԲԸ-ն գծանշումներ է անում առանց ճանապարհային ոստիկանության հետ համաձայնեցնելու, «Սեքյուրիթի դրիմ» ընկերությունը, հաշվի չառնելով, որ վարորդները կայանել են կարմիր գծանշումներով կահավորված տարածքում, ելնելով օրենքից՝ նրանց տուգանում է խաչմերուկից 5 մետրից պակաս հեռավորությունում կայանելու համար, խախտումն ուղարկում ՃՈ, որտեղ էլ վարչական ակտ են կազմում: Այս անփութության արդյունքում տուժողը վարորդներն են:

Երեւանի մի բնակիչ հոկտեմբերի 3-ին իր ավտոմեքենան կայանել է «Անի» հյուրանոցի հարեւանությամբ, բակային անցումից մի քանի մետր հեռավորության վրա, կարմիր գծանշումներով տարածքում՝ քաղաքապետարանի կողմից սահմանված որպես վճարովի ավտոկայանատեղի: Մոտ 20 րոպե կայանելով, քաղաքացին «Փարկինգ սիթի սերվիսի» կողմից տուգանվել է կայանման դիմաց չվճարելու համար, եւ այդ ընթացքում տուգանվել նաեւ Ճանապարհային ոստիկանության կողմից՝ փողոցի եւ անցուղու հատման կետից 5 մետր պակաս հեռավորության վրա կայանելու համար:

Երկու ակտերի միջեւ ժամանակային տարբերությունն ընդամենը 9 րոպե է: Քաղաքացին վարչական ակտերը բեկանելու նպատակով դիմել է «Վարորդի ընկեր» հասարակական կազմակերպությանը:

Ըստ տրամաբանության, եթե մեքենան կայանված է կարմիր գծերի մեջ, ապա չպետք է տուգանվեր չթույլատրվող վայրում կայանելու համար։ Եվ սա միակ դեպքը չէ:

«Վարորդի ընկեր» հասարակական կազմակերպության փոխնախագահ Դավիթ Պեդանյանը «Հետք»-ի հետ զրույցում նշեց, որ ոչ միայն Ճանապարհային ոստիկանությունն ու քաղաքապետարանն են անհամաձայնեցված գործում, այլ նաեւ ՃՈ-ն վարորդներին 5 մետրից պակաս հեռավորության կայանելու համար տուգանում է աչքաչափով: «Ես եւ «Վարորդի ընկեր» կազմակերպության նախագահ Տիգրան Քեյանը Երեւանի փողոցները չափել ենք ու պարզել, որ բազմաթիվ հատվածներում «Փարկինգ սիթի սերվիսը» գծանշումներ է արել խաչմերուկներից 2-3 մետր հեռավորության վրա: Այս վիճակը միլիոնավոր դրամների տուգանքների պատճառ է: Բազմաթիվ վարորդներ չեն բողոքարկում ակտերը, լուռումունջ վճարում են տուգանքը: Բայց նրանք ոչ մի խախտում իրականում չեն արել, կայանել են այնտեղ, որտեղ կահավորած է»,- ասաց Դավիթ Պեդանյանը:

Նա պատմեց, որ Ճանապարհային ոստիկանության ներկայացուցիչները հավաստիացրել են՝ խնդիրը կլուծենք, կարմիր գծերը դեղինով կծածկենք, որպեսզի քաղաքացիներն անտեղի չտուգանվեն: Բայց, փաստորեն, նման դեպքերը շարունակվում են:

Այս ամենի վերաբերյալ շատ ուշագրավ մեկնաբանություն արեց «Փարկինգ սիթի սերվիս» ընկերության տնօրեն Վազգեն Հարությունյանը: «Չկա նման բան: Բոլոր տեղերում կահավորումը՝ գծանշումը իրականացվում է օրենքին համապատասխան: Խաչմերուկներից եւ բակային անցումներից 5 մետրից պակաս հեռավորությամբ գծանշումներ չկան եւ երբեք չեն եղել: Կարող եք մետրը վերցնել եւ անձամբ չափել»,- վստահ տոնով նշեց Վազգեն Հարությունյանը:

«Վարորդի ընկեր» ՀԿ նախագահ Տիգրան Քեյանը մեզ տրամադրեց մի տեսանյութ, որտեղ Դավիթ Պեդանյանի հետ չափում են գծանշումների հեռավորությունը խաչմերուկներից: Այնտեղ օրենքին հակասող բազմաթիվ գծանշումներ կան: Տիգրան Քեյանն ասաց, որ ապրիլ ամսից այս կողմ, չափումներից հետո, ոչինչ չի փոխվել:


Տուգանք՝ աչքաչափո՞վ

Վարորդների իրավունքներով զբաղվող կազմակերպությունները պնդում են՝ «Սեքյուրիթի դրիմը» որպես խախտում արձանագրում, իսկ ՃՈ-ն էլ վարչական ակտ է կազմում հստակ ապացույց չունենալով, թե քանի՞ մետր է կազմում ավտոմեքենայի կայանման տեղի եւ խաչմերուկի միջեւ հեռավորությունը: Ավելին, պրակտիկայում արձանագրվել է դեպք, երբ «Վարորդի ընկեր» ՀԿ-ն չափել է այդ տարածությունը եւ պարզել, որ ավտոմեքենան կայանված է ոչ թե կանգառից 15 մետր պակաս, այլ՝ ավելի քան 20 մետր հեռավորության վրա:   

Իրավաբանները դատարաններում պահանջում են, որպեսզի վարչական մարմինն ապացուցի հեռավորությունը:

Պեդանյանը պատմում է, որ ՃՈ-ում ժամանակին խոստացել էին՝ խաչմերուկներից եւ բակային անցումներից 5 մետր հեռավորությունը նշել դեղին գծանշումներով, որպեսզի վարորդները խուսափեն օրենք խախտելուց եւ անհարկի տուգանվելուց:

«Երբ նման դեպքերը բողոքարկում ենք ՃՈ-ում, բողոքը մերժում են, ասելով, թե հեռավորությունն ակնհայտ երեւում է: Դատարանում բազմաթիվ գործեր կան: Մենք գործով ապացուցել ենք, որ իրենց աչքաչափը ոչ միայն խաբում է, այլեւ՝ ավելի քան 10 մետրի սխալանք է տալիս: Վարորդներից մեկին մոտ մեկ տասնյակ անգամ տուգանել էին Օրբելի փողոցում, իր գրասենյակի մոտ կայանելու համար: ՃՈ դիտարկումը հետեւյալն էր՝ վարորդը կանգառից 15 մետր հեռավորություն չի պահպանել: Մենք ապացուցեցինք, որ այդտեղ 22 մետր հեռավորություն կա:

Անհնար է տեսախցիկների տեղադրման այդ անկյան տակ որոշել, թե ավտոմեքենան ինչ հեռավորություն է վերցրել կանգառից կամ խաչմերուկից: Իրենց տեսանյութերում չկա կոորդինատային մասշտաբ, որի օգնությամբ հնարավոր կլինի չափել տվյալ օրինգինալ հեռավորությունը»:

Պեդանյանն ասաց, որ հեռավորության հետ կապված գործերով մոտ 250 բողոքարկում ունեն, որից մոտ 70-ը հաղթել են, մի մասը՝ մերժվել, մի մասն էլ առաջին ատյանում ընթացքի մեջ է: «Վերջնական մերժված գործ դեռ չունենք: Բոլոր մերժված որոշումները բողոքարկել ենք ավելի բարձր ատյաններում»,-նշեց Պեդանյանը:

Ճանապարհային ոստիկանության պետի տեղակալ Արմեն Խաչատրյանը «Հետք»-ի հետ զրույցում ասաց, որ նախկինում շատ էին կայանման համար արգելված տեղերում գծանշումները: Հիմա, նրա խոսքով, նվազել են: 

«Երբ որեւէ դեպքի վերաբերյալ բարձրաձայնում են, անմիջապես վերացնում ենք: Դեպքեր կան, որ արգելված վայրում գծանշումները սեւ ներկով ծածկել ենք, բայց ժամանակի ընթացքում կարմիր գույնն էլի նկատելի է դարձել, եւ վարորդները տարածքն ընկալում են որպես կայանատեղի: Քաղաքացին տուգանվում է, բողոքարկելու դեպքում արագ բեկանում ենք»,- ասաց Խաչատրյանը:

Ինչ վերաբերում է այսպես ասած աչքաչափով տուգանելուն, Խաչատրյանը գտնում է, որ ոստիկանությունը գործում է օբեկտիվության սկզբունքով:  

«Քաղաքացին հետեւյալ պնդումն է անում՝ որտեղի՞ց իմացաք, որ տարածությունը 5 մետրից պակաս է, միգուցե ձեր օպտիկան ապակողմնորոշում է եւ այլն: Մենք սովորաբար ներկայացնում ենք չափելու մեր մոտեցումը. կա ավտոմեքենայի երկարության չափ, շատ հեշտ է կողմնորոշվել դրանով: Եթե կայանման վայրից մինչեւ խաչմերուկ կամ կանգառ տարածությունը փոքր է, քան ավտոմեքենայի երկարությունն է, ապա իհարկե կարող ենք պնդել, որ խախտում կա: Էլի բողոքում են, պահանջում, որ կոնկրետ նշենք, թե կոնկրետ քանի մետր հեռավորության վրա է կայանված եղել ավտոմեքենան»,- նշեց Խաչատրյանը:

Նա դժգոհեց, որ վարորդները հետիոտնային անցումից մեկ-երկու մետր հեռավորության վրա կայանում են, իսկ տուգանվելուց հետո պահանջում ապացուցել, թե հեռավորությունը որքան է:

ՃՈ պետի տեղակալն ասում է, որ խնդրի կարգավորման հեռանկարը կերեւա դատական պրակտիկայում: Հարցին՝ արդյո՞ք նոր գործիքներ չպետք է կիրառել քաղաքացու խախտումն ապացուցել կարողանալու համար, Խաչատրյանը պատասխանեց. «Սպասենք, տեսնենք դատական պրակտիկան ինչպե՞ս է ձեւավորվում, այսինքն՝ դատարանը ու՞մ է հավատում, ըստ այդմ էլ կորոշենք ինչ անել: Վերջիվերջո ճշմարտացիության, օբյեկտիվության եւ օրինականության չափանիշը դատական պրակտիկան է: Դատարանում այս հարցը վիճարկվում է: Արդյունքներից կերեւա՝ մենք լրացուցիչ քայլեր ձեռնարկելու անհրաժեշտություն ունե՞նք, թե՞ մեր վարչարարությունն իրավաչափ է»:

Եթե դատարանը վարորդների պնդումներին համարժեք որոշում կայացնի, ապա, ըստ սպայի, ոստիկանությունը լրացուցիչ քայլեր կձեռնարկի:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter