HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Պատգամավորը վստահեցնում է՝ Հողային օրենսգրքի փոփոխությամբ օրենսդիրն անձի ձեռքից չի խլում սեփականությունը

Խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունել է «Հողային օրենսգրքում լրացումներ ու փոփոխություններ կատարելու մասին» Կառավարության կողմից ներկայացված օրենքի նախագիծը, որը նախատեսում է գյուղատնտեսական նշանակության հողամասի հարկադիր օտարում այն դեպքում, եթե ՀՀ քաղաքացին հրաժարվել է քաղաքացիությունից:

«Եթե օրենքով թույլատրվող հիմքերով անձին որպես սեփականություն անցել է այնպիսի գույք, որն օրենքի ուժով չի կարող նրան պատկանել, սեփականատերն այդ գույքը պետք է օտարի դրա նկատմամբ սեփականության իրավունքի ծագման պահից մեկ տարվա ընթացքում, եթե այլ ժամկետ նախատեսված չէ օրենքով: Այն դեպքերում, երբ սեփականատերը նշված ժամկետում գույքը չի օտարում, նման գույքը` դրա բնույթի և նշանակության հաշվառմամբ, պետական մարմնի դիմումի հիման վրա կայացված դատարանի վճռով, վաճառվում է հարկադիր կարգով և ստացված գումարը հանձնվում է նախկին սեփականատիրոջը կամ վերածվում է պետական սեփականության, իսկ նախկին սեփականատիրոջը հատուցվում է գույքի արժեքը: Այդ դեպքում հանվում են գույքն օտարելու ծախսերը»,-ասված է նախագծում:

ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ռուստամ Մախմուդյանը հստակեցնում է՝ մտավախություն չպետք է լինի, որ այս փոփոխությամբ օրենսդիրն անձի ձեռքից ուզում է  խլել իր սեփականությունը:

«Ցանկացած պետության ներսում անձի մոտ հողի սեփականության իրավունք ծագում է քաղաքացիության հանգամանքով, պետությունն ասում է՝ քեզ տալիս եմ սեփականության իրավունք հաշվի առնելով, որ դու իմ քաղաքացին ես: Այս նախաձեռնությամբ քաղաքացուն չենք զրկում սեփականության իրավունքից, քանի որ նա այլևս ՀՀ քաղաքացի չէ, ուստի ըստ  Սահմանադրության՝ չի կարող հողի սեփականության իրավունքով օժտված լինել: Ասում ենք՝ դու վաճառի, նվիրատվություն արա, ինչ գործարք ուզում ես կնքի, պետությունը նման հնարավորություն տալիս է, որ մեկ տարվա ընթացքում ինքդ որոշես գործարքի տեսակը»,-«Հետք»-ի հետ զրույցում ասաց Մախմուդյանը՝ հավելելով, որ փոփոխությունը վերաբերում է ոչ միայն քաղաքացիությունից հրաժարվածներին, այլև կացության հատուկ կարգավիճակ ունեցող անձանց:

Պատգամավորի խոսքով՝ նման օրենսդրական նախաձեռնության անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ պետությունը խնդիր ունի նաև հստակեցնելու, թե քանի քաղաքացի է ՀՀ քաղաքացիությունից հրաժարվելուց հետո հաշվառված որպես հողի սեփականատեր:

«Այն Սահմանադրությունից բխող կարգավորում է, ոչ թե քաղաքացուն պատժում են նրա համար, որ դու մեր քաղաքացին չես, այլ այն Սահմանադրությամբ է ամրագրված, որ հողի սեփականության իրավունքից չեն օգտվում օտարերկրյա քաղաքացիները և քաղաքացիություն  չունեցող անձինք»,-նկատեց Մախմուդյանը:

Պատգամավորը հիշեցրեց, որ հասարակության մեջ մտավախություն կար, ըստ որի՝ սեփականությունից զրկելու խնդիրը տարածվում է բոլոր տեսակի սեփականության օբյեկտների վրա, սակայն օրենսդրական նախաձեռնությունը նման փոփոխություն չի նախատեսում:

«Խոսքը վերաբերում է բացառապես գյուղատնտեսական նշանակության հողերին: Իմ առաջարկությունը Կառավարությունն ընդունել է. նախագծում հստակ գրվում է, որ ՀՀ քաղաքացի չհանդիսացող անձը, ունենալով բնակարան կամ այլ տեսակի հող, մտավախություն չունենա, որ այս դրույթը տարածվում է իր վրա»,-ասաց պատգամավորը:

Իսկ թե ինչպես է պետությունը գտնելու այն քաղաքացիներին, որոնք հրաժարվել են քաղաքացիությունից և հողային սեփականություն ունեն, Մախմուդյանն ասաց, որ նախկին կարգավորումներում, որոնք Կառավարությունն առաջարկել էր, հստակեցված չէր այդ ամենը:

«Առաջին անգամ այս հարցն օրակարգից դուրս եկավ այդ պատճառով, քանի որ գրված էր, որ համայնքի ղեկավարը մեկ տարվա ընթացքում պետք է ձեռնամուխ լինի, որ գույքը վաճառվի, ու հարց առաջացավ՝ համայնքի ղեկավարն ինչպե՞ս կարող է իմանալ քաղաքացու՝ քաղաքացիությունից զրկվելու և այլնի մասին: Փոփոխությունների արդյունքում կադաստրի պետական կոմիտեն բնակչության  պետական ռեգիստրի հետ համատեղ  ստանում են  պարտավորություն երեսնօրյա ժամկետում համայնքի ղեկավարին տեղեկացնելու, որ համապատասխան մարդուն հանեն ցանկից»,-մանրամասնեց պատգամավորը:

Նախագծի արձանագրության մեջ նշվում է, որ ընդունման արդյունքում կկարգավորվի ՀՀ քաղաքացի հանդիսացող և քաղաքացիությունը դադարեցված կամ հատուկ կացության կարգավիճակ ունեցող և այդ կարգավիճակը դադարեցված անձանց սեփականության իրավունքով պատկանող գյուղատնտեսական նշանակության հողերի հետագա ճակատագիրը:

«Նախագծերի փաթեթով նախատեսվում է սահմանել, որ անձին, որին որպես սեփականություն անցել է գույք, որն օրենքի ուժով չի կարող նրան պատկանել, այդ գույքը սեփականության իրավունքի դադարման հիմքի առաջացման պահից մեկ տարվա ընթացքում սեփականատիրոջ կողմից չօտարելու դեպքում, նաև տեղական ինքնակառավարման մարմնի դիմումի հիման վրա կայացված դատարանի վճռով, տվյալ գույքը վաճառվում է հարկադիր կարգով և ստացված գումարը հանձնվում է նախկին սեփականատիրոջը կամ վերածվում է պետական կամ համայնքային սեփականության, իսկ նախկին սեփականատիրոջը հատուցվում է գույքի արժեքը»,-նշված է նախագծում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter