
Առգրավված զենքերը ոչնչացվում են, վաճառվում կամ հանձնվում ոստիկանությանը
2010 թվականից մինչև 2017-ի սեպտեմբեր ոստիկանությունը հայտնաբերել է 4183 ապօրինի զենք և առգրավել դրանք: Ինչպես արդեն հայտնել էինք, այդ ժամանակաշրջանում ոստիկանությունը ապօրինի զենք կրելու ամենաշատ դեպքերը բացահայտել է նախորդ տարի: Այդ տարի, 729 ապօրինի զենք է հայտնաբերվել:
2010-ից մինչև 2017-ի սեպտեմբերն ընկած ժամանակահատվածում հայտնաբերված ապօրինի զենքերի տարեկան տվյալներին կարող եք ծանոթանալ գծապատկերով.
Ոստիկանությունից տեղեկացրել են, որ առգրավված զենքերով ոստիկանության փորձաքրեագիտական վարչությունում նշանակվում է դատաձգաբանական փորձաքննություն: Հետազոտելուց և համապատասխան եզրակացություն տալուց հետո այդ զենքերը պահվում են փորձաքրեագիտական վարչությունում, եթե վարույթն իրականացնող մարմինը տվյալ զենքը վերադարձնելու կապակցությամբ նախօրոք պահանջ ներկայացրած չի լինում: Զենքերը պահվում են դրանց համար նախատեսված համապատասխան զինանոցում, մինչև նախապատրաստված նյութերով կամ քրեական գործով համապատասխան որոշում կկայացվի: Որոշման մեջ պարտադիր կերպով նշվում է, թե ինչ պետք է արվի տվյալ զենքի հետ:
Այդ որոշումները ստանալուց հետո փորձաքրեագիտական վարչությունում պահված բոլոր ինքնաշեն զենքերը, գործարանային արտադրության այն զենքերը, որոնք ենթարկված են ձևափոխությունների կամ որոնց գործարանային համարները անդառնալի ոչնչացված են, ոչնչացվում են: Նույն «բախտին են արժանանում» նաև այն զենքերը, որոնք պիտանի չեն ըստ նշանակության օգտագործման համար, իրենցից որևէ արժեք չեն ներկայացնում:
Հետագա օգտագործման համար պիտանի զենքերը ոստիկանությունն է տնօրինում, և հատկացնում ստորաբաժանումներին` որպես հաշվեցուցակային զենք:
Իսկ որսորդական ողորկափող և ակոսափող զենքերը ոստիկանությունը հանձնում է լիցենզիա ունեցող որսորդական խանութներին, որոնք վաճառվում են քաղաքացիներին:
Թե ինչ են արվում առգրավված թանկարժեք զենքերը, անհայտ է: Ոստիկանությունից հայտնել են, որ «բարձրարժեք զենք» հասկացություն օրենսդրությամբ նախատեսված չէ, այդ իսկ պատճառով ոստիկանությունում զենքի արժեքով պայմանավորված գործելակերպի առանձնահատկություններ գոյություն չունեն:
Մեկնաբանել