HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Կառավարությունը թաքցնում է անվանական զենք ստացած անձանց անունները

2006-2017թթ. Հայաստանի վարչապետը 107 հոգու պարգևատրել է անվանական զենքով։ Թե ում են նախկին և ներկա վարչապետները անվանական զենքերով խրախուսել՝ անհայտ է։

Կառավարության աշխատակազմը հրաժարվում է մեզ տրամադրել անվանական զենք ստացած անձանց ցանկը՝ պատճառաբանելով, որ զենքով պարգևատրելու վերաբերյալ վարչապետի որոշումները անհատական իրավական ակտեր են, ունեն «Ծառայողական օգտագործման համար» դրոշմագիր և պարունակում են անձնական տվյալներ:

Դեռևս 2008 թ. դեկտեմբերին, «Հետք»-ի հարցմանն ի պատասխան, կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Սարգսյանը տրամադրել է 2007թ. ապրիլից մինչև 2008թ. դեկտեմբերի 12-ը վարչապետից իբրեւ պարգեւ զենք ստացած անձանց ցուցակը։ Այն ժամանակ պարզվել էր, որ այդպիսի զենքով Տիգրան Սարգսյանը խրախուսել էր Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Սամվել Կճոյանին։

Կառավարության կայքում ևս հրապարակված է տեղեկություն այն մասին, որ 2002 թվականին այն ժամանակ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն ընդունել է ՌԴ Դաշնային սահմանապահ ծառայության տնօրեն Կոնստանտին Տոցկունուն և պարգևատրել անվանական զենքով՝ նկատի առնելով նրա անձնական մեծ ներդրումը Հայաստանի սահմանների պաշտպանության գործի կազմակերպման հարցում: 

2011 թվականին էլ վարչապետ Տիգրան Սարգսյանը դատախազության աշխատողի օրը և դատախազության 93-ամյակին նվիրված հանդիսավոր նիստին անվանական զենքով պարգևատրել է այն ժամանակ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին:

2009 թվականին կրկին Տիգրան Սարգսյանի հրամանագրով ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը, որպես նվեր, անվանական զենք է ստացել:

Այս մասին պետական մարմինները լրատվամիջոցներով պաշտոնական հաղորդագրություններ են տարածել, մինչդեռ կառավարությունը այս պահին այդ տեղեկատվությունը համարում է անձնական տվյալ։

Նախորդ տարի էլ նույնաբովանդակ մեր հարցմանն ի պատասխան՝ կառավարությունից հայտնել են, որ անվանական զենքով պարգևատրելու որոշումները հրապարակային են, և լրագրողը անձամբ կարող է դրանք գտնել։

Կառավարությանը հիշեցրել էինք իր փոխանցած այս պատասխանների մասին, սակայն ապարադյուն։

Գործադիրի կողմից  հիմնավոր փաստեր չեն բերվում, թե ինչ է փոխվել մեկ տարվա ընթացքում, որ այդ որոշումները փակ և ոչ հրապարակային են դարձել։ Կառավարությունը համառորեն թաքցնում է այն անձանց տվյալները, ովքեր արժանացել են խրախուսանքի՝ զենքի տեսքով։

Վարչապետի տրամադրած անվանական զենքերից երեքը 2015-2016 թվականներին ուժը կորցրած են ճանաչվել։ Նման որոշման համար հիմք է հանդիսացել ոստիկանության տեղեկատվությունը։ Կամ այդ զենքերով հանցագործություն է կատարվել, և ոստիկանությունը այդ մասին հաղորդել է կառավարությանը, որն էլ որոշել է հետ վերցնել նվիրած զենքերը, կամ էլ պարգևատրված անձն է դիմել ոստիկանություն՝ այն հետ հանձնելու խնդրանքով:

Տարիներ առաջ պարզվեց, որ վարչապետի նվիրած զենքերով հանցագործություններ են կատարվել։ Մասնավորապես՝ 2005 թվականին Նոր Հաճնում քաղաքապետ Արմեն Քեշիշյանը վարչապետ Անդրանիկ Մարգարյանի նվիրած անվանական զենքով սպանել էր «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության Արզնիի մասնաճյուղի տնօրեն Աշոտ Մխիթարյանին։

Կառավարության աշխատակազմից հետաքրքրվել էինք նաև, թե վերջին երեք տարիներին պետական բյուջեից որքան գումար է հատկացվել այդ զենքերի ձեռքբերման համար։ Գործադիրից հայտնել են, որ պետբյուջեի միջոցներից կառավարության աշխատակազմին այդ նպատակով գումար չի հատկացվել։ Իսկ թե որտեղից է ձեռք բերել այդ զենքերը, կառավարությունը կրկին չի տեղեկացնում։ Ասում է՝ այդ զենքերը ձեռք են բերվել տարբեր աղբյուրներից, այդ թվում՝ անվանական զենքով պարգևատրելու թեկնածություն ներկայացրած կառույցների կողմից: Թե որոնք են «տարբեր աղբյուրները» և անվանական զենքով պարգևատրելու թեկնածություն ներկայացրած կառույցները, կառավարության աշխատակազմից կրկին չեն հայտնում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter