
Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Իսպանիայի եւ Իռլանդիայի արտաքին գործերի նախարարներին
Նոյեմբերի 24-ին Բրյուսելում ՀՀ Նախագահի գլխավորած պատվիրակության կազմում գտնվող ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Իսպանիայի արտաքին գործերի և համագործակցության նախարար Ալֆոնսո Դաստիսի հետ:
ԱԳՆ լրատվական ծառայության հաղորդմամբ` հանդիպման ընթացքում արտգործնախարարներն անդրադարձան հայ-իսպանական հարաբերությունների օրակարգային հարցերին, կարևորեցին ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերով փոխգործակցության առավել խորացման անհրաժեշտությունը՝ ընդգծելով, որ համատեղ ջանքերով հնարավոր է նոր լիցք հաղորդել դրան: Այս առումով, Էդվարդ Նալբանդյանը և Ալֆոնսո Դաստիսը կարևորեցին քաղաքական խորհրդատվությունների պարբերական անցկացումը և իրավապայմանագրային դաշտի ընդլայնումը:
Զրուցակիցներն անդրադարձան տարածաշրջանային ու միջազգային մի շարք հրատապ խնդիրների։
Էդվարդ Նալբանդյանը ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ջանքերը:
Նախարար Ալֆոնսո Դաստիսը ներկայացրեց Կատալոնիայի շուրջ ստեղծված իրավիճակի վերջին զարգացումները և լուծումներ գտնելուն ուղղված քայլերը։
Զրուցակիցները մտքեր փոխանակեցին նաև Հայաստան-ԵՄ հարաբերությունների, Արևելյան գործընկերության գագաթաժողովի, ինչպես նաև Հայաստան-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շուրջ:
Մինչ այդ Էդվարդ Նալբանդյանը հանդիպել էր Իռլանդիայի արտաքին գործերի և առևտրի նախարար Սայմոն Քովենին:
Արտգործնախարարները մտքեր են փոխանակել հայ-իռլանդական հարաբերություններն առավել սերտացնելու հնարավոր ուղիների շուրջ:
Զրուցակիցները երկուստեք ընդգծել են երկկողմ քաղաքական երկխոսության ակտիվացման, առևտրատնտեսական համագործակցության խորացման կարևորությունը:
Հանդիպման ընթացքում արծարծվել են իրավապայմանագրային դաշտի ընդլայնմանը, միջխորհրդարանական կապերի աշխուժացմանը, երկկողմ փոխայցելությունների կազմակերպմանը, միջազգային կառույցներում փոխգործակցությանն առնչվող հարցեր:
Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստան-ԵՄ հարաբերություններին, մտքեր փոխանակել Հայաստան-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շուրջ:
Մեկնաբանել