
«Հայրենիքս չեմ լքել, բախտ չեմ որոնում»,-ասում է Վահե Ավետյանը
Պարոն Ավետյան, ո՞րն էր այն հիմնական պատճառը, որ ստիպեց Ձեզ լքել Հայրենիքը եւ «բախտ» որոնել հեռավոր Շվեդիայում:
Ձեր հարցը երկու պնդում է պարունակում, որոնց հետ համաձայն չեմ։ Հայրենիքս չեմ լքել, բախտ չեմ որոնում։ Հայրենիքից ժամանակավոր գնացել եմ, ինչպես դեսպանը, ինչպես զինվորը։ Բախտս էլ, անկախ լավ-վատ լինելուց, իմն է, հետս է՝ անկախ գտնվելուս վայրից։ Գնացի, որովհետև Արցախյան պատերազմից հետո հայտնվեցի այն ժամանակվա համար նորմալ վիճակում՝ անգործ, անտուն, առանց ապրելու միջոցների, երկու մանր երեխայի հոգսը վզիս։ Հանրապետական կուսակցության եղբայրներս ինձ քաղաքականությունից մեկուսացրին, որովհետև անընդհատ պահաջում էի, որ զենքը հանձնեն կառավարությանը, իսկ նրանք սկսել էին այդ զենքով ապրուստ հայթայթել։ Բնական եմ համարում, որ ավազակները ոչ ավազակներին մեկուսացրին։ Պատասխանատվությունից հաջող խուսափածները դառնալու էին Հայաստանի բուրժուազիան, որն անհրաժեշտ էր շուկայական հարաբերություններ հաստատելու համար։
Հանրապետությունն ու բանակը հիմնադրած ոչ ավազակները բնական է, որ պետք է հալածվեին, որովհետև նրանց ներկայությունը հանցագործությունները թաքցնելու հնարավորություն չէր տալու։ Նայելով, թե ինչպես են մեկը մյուսի հետևից Եռաբլուր տեղափոխվում տարօրինակ հանգամանքներում զոհված հրամանատարները, շատ խելք պետք չէր ունենալ հասկանալու համար, որ պատերազմի հունն ու նպատակը փոխվեց։ «Ախպերությունն» այնքան լկտիացավ, որ ինձ անգամ զինաթափելու մի քանի փորձ արեց, բնականաբար` անհաջող։ Սարսափելի հյուծված էի ֆիզիկապես ու բարոյապես, ողնաշարս վնասված էր: Հասկացա, որ կամ մեկն ու մեկին կրակելու եմ, գնամ բանտ, կամ պարզապես այնքան եմ թուլանալու, որ լակոտ-լուկուտն ինձ ստորացնի։ Սպանելու կամ մեռնելու միակ այլընտրանքն այդ ժամանակ հեռանալն էր։ Նույնիսկ այսօր, 13 տարի անց, չգիտեմ, թե ուրիշ ինչ կարող էի անել։ Շվեդիան պատահականորեն մեջտեղ եկավ։ Մոսկվայում մի տուրիստական կազմակերպության դիմեցի որևէ տեղի «վիզա» ստանալու պատվերով, շվեդականը ստացվեց։ Առաջին վեց ամսվա ընթացքում հիմնականում քնեցի։ Զարթնում էի, սուրճ խմում, ինչ-որ բան ուտում, զբոսնում մի տաս րոպե ու նորից քնում, քնում… վեց ամիս անընդհատ։
Այս տարիների ընթացքում պաշտպանե՞լ եք, արդյոք, կապը Հայաստանի ձեր ընկերների, գործընկերների հետ:
Անդադար։ Ասացի արդեն, չեմ լքել Հայաստանը, պարզապես ժամանակավորապես քաշվեցի մի կողմ, երբ եղբայրներս մարդակերությամբ սկսեցին զբաղվել։ Մտածեցի, որ բազմաթիվ ուրիշ աշխատանքի դաշտեր կան, որտեղ «մրցակցություն» չկա։ Ստոկհոլմում հավաքվեցինք հինգ ընկերներով, տունս դարձավ գրասենակ։ Հասկանալի էր, որ թալանին չենք մասնակցում, բայց Հայաստանի ներքին կյանքին չմասնակցել չենք կարող, որովհետև բոլորս ունենք բազմաթիվ ազգականներ, որոնք թալանվում էին մնացածի պես։ Շատ արագ մի չորս բիզնես սկսեցինք։ Սկսեցինք դրանով հոգալ Հայաստանում մնացած ազգականների կարիքները` դուրս եկածներին աշխարհի տարբեր ծայրերից իրար գլուխ հավաքելով, տնավորելով, կյանքի համար նորմալ պայմաններ ստեղծելով։ Մեկ-երկու տարում մեր ազգականների հարցերը լուծեցինք, բայց Եվրոպայով մեկ շաղ էին եկել մերոնք, ու մենք դեռ մի երկու տարի հայկական կենտրոններ էինք ստեղծում Եվրոպայի տարբեր երկրներում, մարդկանց մի երկրից հասցնում մի ուրիշ, երեխային՝ մորը, կնոջն՝ ամուսնուն… Սա պլանավորած գործունեություն չէր, պարզապես չէինք կարողանում չազդվել, երբ, օրինակ, լսում էինք, որ մի հայ աղջնակ զավակ է ունեցել լեհական անտառում, ու չկա մեկը, որ հանի նրանց այնտեղից, իսկ աղջկա մայրիկը հայ մի խեղճ մայրիկ է, որն ականջիդ հեռախոսով մղկտում է ու ասում, որ լսել է, որ ամեն ինչ կարող ենք, արել ենք… Մեր քույրերն ու եղբայրները դժոխքով են անցել։ Այսօր դրա մասին դեռ չի խոսվում, վաղ է երևի… ։
Հանրապետականների և անկախութան բանակի զինվորների հետ պարբերաբար հանդիպել եմ։ 1995-ին հանդիպումներ եմ ունեցել «Մալխասի» հետ Մոսկվայում, Նավասարդյան Աշոտի հետ` Երևանում։ Մի անգամ էլ պետք է հանդիպեինք հետո, չեղավ։ Աշոտը մահացավ։ Հին ոչ ավազակներից էլ մարդ չմնաց, կապերս համարյա խզված են Հանրապետականների հետ։ Մի երկու-երեք նամակ ուղարկել եմ այնուամենայնիվ, գաղափարական դիտողություններով, բայց պատասխան չեմ ստացել։ Չէի էլ սպասում, պետք է խոստովանեմ, որովհետև գավառականացել է կուսակցությունը ու բնական է, որ էթիկան կկաղա։
Դուք եղել եք նաեւ «Հանրապետական» կուսակցության հիմնադիրներից մեկը: Ինչպիսի՞ն է երեւում հեռվից կուսակցության ներկայիս գործունեությունը, արդյոք ի կատա՞ր են ածվում այն բոլոր դրույթները, որոնք ամրագրվել էին ստեղծման պահին:
Կուսակցությունը չի հարմարեցրել իրեն անկախ Հայաստանին։ Հիմա ինչ-որ «Տարոնականություն» են մեջտեղ գցել մի քանի թալինցի ու ապարանցի «գեղացի»` դրանով իրենց վեր դնելով, օրինակ, Նժդեհի «Նախիջևանականությունից» կամ Թումանյանի ու Շիրազի «Լոռականությունից» ու «Շիրակականությունից»։ Իրականում նման «ազգայնական» խմբավորումներ արդեն ազգայնացած ժողովրդի մեջ առաջացնում են քրեական տարրերը։ Ես վատատես չեմ, կաշառակերությունն ու ավազակությունը պատահում են ամեն տեղ, որտեղ նոր պետականություն են կերտում։ «Հանրապետական» կուսակցությունն անհրաժեշտ է Հայաստանում, ունի փայլուն անցյալ, ունի նաև ամոթալի էջեր, որոնց համար կզղջա, կազատվի թափթփուկից և կշարունակի ծառայել հայրենիքին:
Դուք հիմնադրել եք 3K կազմակերպությունը: Ինչո՞վ է այն զբաղվում, ի՞նչ ծրագրեր է իրականացնում եւ ո՞վ է դրանք ֆինանսավորում:
3K-ն մի քանի բազմապրոֆիլ կազմակերպությունների ոստայն է, զբաղվում է արվեստով, բնապահպանական, հասարակական հարցերով, մարդու իրավունքներով, քաղաքականությամբ։ Հայաստանում երկու հարյուր հոգու կրթություն է տվել կազմակերպությունը և մինչ օրս արել 30 000 եվրոյի արժողությամբ ներդրում համակարգիչների, սարքավորումների ձևով։
Այս գումարը կազմակերպության անդամների անհատական ներդրումներից է առաջացել։ Շվեդական և միջազգային ծրագրերի «դոնորներն» այնքան շատ են եղել, որ թվել չարժե, մանավանդ որ դա Հայաստանի հետ անմիջապես կապ չունի, բացի նրանով, որ Եվրոպայի տարբեր երկրներում իրականացրած միջոցառումներին հնարավորինս մասնակից ենք դարձրել Հայաստանից հեռացած մեր հայրենակիցներին։
Վերջին հինգ տարվա մեջ կառուցել ենք Սկանդինավիայի առաջին մանկական պերմանենտ պատկերասրահը, կինոդահլիճ, երկու վիդեոստուդիա, մեկ աուդիո ստուդիա, չորս ինտերնետ-սրճարան, մեկ հաղորդակցական կենտրոն, արտադրել ենք երեսուն ֆիլմ, մասնակցել ութ միջազգային մրցույթների, շահել մրցանակներ, այդ թվում՝ առաջին, թողարկել ենք հինգ երաժշտական ալբոմ, կազմակերպել երեսուն ցուցահանդես, տասնհինգ համերգ։ «Քաղաքացիական նախաձեռնություն» կազմակերպությունն առաջադրեց երկու թեկնածու մունիցիպալ և նահանգային ընտրություններում, մեկին էլ` Շվեդիայի խորհրդարան։
Այսօր Դուք զբաղվում եք մարդու հիմնարար իրավունքների եւ ազատությունների պաշտպանությամբ: Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության առումով ինչպիսին է իրավիճակը Ձեր կարծիքով: Ըստ Ձեզ` ինչո՞վ պետք է զբաղվի Հայաստանի Օմբուդսմենը:
Գնահատում եմ վատ, բայց ոչ անհույս։ Շվեդիայում նույնպես մարդու իրավունքների վիճակը վատ եմ գնահատում։ Տարբերությունն այն է, որ այստեղ մեծ մասամբ հարստահարում են օտար քաղաքացիների իրավունքները, Հայատանում՝ հայկազուններինը։
Կարծում եմ, որ չկա այսօր Օմբուդսմենի ինստիտուտի հետ ինձնից շատ աշխատած Հայաստանի որեւէ քաղաքացի, որովհետև դրանով զբաղված եմ այդ ինստիտուտը ծնած երկրում, ու բացի նպատակների, աշխատանքի ձևի մասին իմացությունից գիտեմ, թե ինչը չի աշխատում, այն դեպքում, երբ Հայաստանի լավագույն «մասնագետները» մեկ-երկու անգամ Լեհաստանում «ֆռացել» են ու փոխանակ զբաղվեն Լեհաստանում իրենց հարստահարվող հայրենակիցների իրավունքները պաշտպանելով, ուզում են սովորել, ոնց լղոզեն համատարած հանցագործությունը։
Օմբուդսմենը պետք է բոլորի կողմից վստահելի լինի, Հայաստանի նորանշանակ Օմբուդսմենը չունի այդ վստահությունը, անկախ չէ։ Օմբուդսմենի ինստիտուտը դատապարտված է։ Հետաքրքիր է իմանալ` ի՞նչ է կարծում տիկինը հենց իր պաշտոնի վերաբերյալ։ Որտե՞ղ տրվեց հայտարարություն, ի՞նչ մրցություն եղավ, ինչպե՞ս որոշվեց, ինչպե՞ս է ընտրվում աշխատակազմը։
Արդյոք ցանկություն, մտադրություն ունե՞ք Հայաստանում ծրագրեր իրականացնելու կամ գուցե քաղաքական թատերաբեմ վերադառնալու: Ի՞նչ դերում եք Դուք Ձեզ տեսնում Հայրենիքում:
Հիմա ղեկավարում եմ Շվեդական «Democracy support» ծրագիրը Հայաստանում։ Քաղաքականությունից չեմ հեռացել երբևէ, տասներեք տարվա ամենօրյա պարտադիր զբաղմունքս եղել է ամբողջ հայկական տեղեկատվությունը կարդալ, շվեդական հնարավորություններս օգտագործել եմ Հայաստանի մասին համաշխարհային տեղեկատվությունը ստանալու համար։ Այս աշխատանքին տրամադրել եմ նվազագույնը օրական չորս ժամ։ Բացի այդ, Հայաստանում ապրում են իմ հազարավոր եղբայրները, որոնցից շատերի հետ պահել եմ անհատական կապերս, բազմաթիվ քննարկումների մասնակցել, կարծիքներ փոխանակել բոլոր խմբավորված և անհատ ու բոլոր մակարդակներում գործող քաղաքական գործիչների հետ։
Հայաստանում ուզում եմ ապրել մարդու պես, ազատ։ Ես իմ անձնական ազատությունները ամենուր շատ հաջող պաշտպանել եմ, բայց նաև իրավունք և նպատակ ունեմ ապրել ազատ մարդկանց մեջ, ազատ հայրենիքում։ Երբ ոտնահարում են կողքինիս ազատությունը, իսկ ես՝ վկայելով անարդարությունը, ոչինչ չեմ կարողանում անել, մեռնում եմ ամոթից։
Ուզում եմ լինել քաղաքացի։ Դերեր շատ կան։
Կարող եմ լինել նախագահ, վարչապետ, նախարար, օմբուդսմեն, պատգամավոր, հյուսն, խառատ, շինարար… Անկախ դերից պետք է վայելեմ քաղաքացու ազատությունը, իրավունքն ու պաշտպանվածությունը, եթե ոչ, չունենք համաձայնություն։
Դուք հաճախ եք շփվում Սփյուռքի հայկական կազմակերպությունների հետ: Ի՞նչ մթնոլորտ է այնտեղ տիրում, ինչպիսի՞ կարծիքներ կան Հայաստանի բռնած ուղու վերաբերյալ:
Իրեն Հայաստանի քաղաքացի՝ անկախ անձնագիր ունենալ-չունենալու հանգամանքից, չհամարող մարդիկ իրավունք չունեն Հայաստանի քաղաքականությամբ զբաղվելու։ Սփյուռքահայ կազմակերպությունները այսօր ղեկավարում են պիցցա սարքողները, վիդեո կասետ վաճառողներն ու գրպանահատները։ Ակնկալիքներ չունեմ։ Համատարած ուծացումը վկայություն է տգետ ղեկավարության։ Կարծում եմ` արժե հույս կապել Հայաստանից հեռացած մտավորականության հետ։ Այս խումբը միայն կարող է համախմբել Սփյուռքը և ռեսուրսների ներհոսք առաջացնել Հայաստան, այդ թվում՝ մարդկային։
Մեկնաբանել