HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

ENPARD-ի համակարգող. «Ակնկալում ենք, որ մինչև տարեվերջ հնդկացորենի վերամշակման գործարանները կգազիֆիկացվեն»

2015 թվականին Հայաստանում մեկնարկեց Եվրոպական հարևանության գյուղատնտեսության և գյուղական շրջանների զարգացման (ԵՀԳԳԶԾ/ENPARD) ծրագիրը, որը ֆինանսավորում են Եվրոպական միությունն ու Ավստրիայի զարգացման գործակալությունը։  Նպատակն է աջակցել գյուղատնտեսության զարգացմանը։ Այս ծրագրի շրջանակներում էլ Հայաստանում սկսվեց նաև հնդկացորենի աճեցումը։  Մի շարք համայնքներում, մասնավորապես՝ Շիրակում, Գեղարքունիքում, Լոռիում, Կոտայքում և Արագածոտնում գյուղացիները սկսեցին հնդկացորեն աճեցնել։ Զուգահեռաբար կառուցվեցին հնդկացորենի վերամշակման երկու գործարանները, որոնցից մեկը Շիրակի  Բավրա համայնքում է, մյուսը՝ Գեղարքունիքի Ծովագյուղ համայնքում։ Գյուղացիներն արդեն երկրորդ տարին է՝ հավաքել են աճեցրած հնդկացորենը, սակայն բերքը դեռևս վերջնական չի վերամշակվել, գյուղացին էլ եկամուտ չի ստացել, քանի որ նշված երկու գործարանները  գազիֆիկացված չեն։  Հնդկացորենի մշակման ու վերամշակման խոչընդոտների մասին «Հետք»-ը զրուցել է ENPARD ծրագրի համակարգող Սերգեյ Մաթևոսյանի հետ։ 

- Պրն Մաթևոսյան, այս ծրագիրը մոտ երեք տարի է, ինչ գործում է, սակայն շուկայում դեռևս չի վաճառվում տեղական հնդկաձավար, միայն որոշ խանութներում կարելի է գտնել կանաչ, չբոված հնդկաձավար։ Գործարանների գազիֆիկացման խնդիրները նախապես հաշվի չէի՞ն առնվել։ 

- Ի սկզբանե նախատեսված չէր, որ այդ գործարանները պետք է գազով աշխատեն։ Ամբողջ աշխարհում, որտեղ հնդկացորեն են վերամշակում՝ Լեհաստանում, Ռուսաստանում, Ուկրաինայում, աշխատում են հնդկացորերի թեփի հիման վրա՝ օգտագործելով այն որպես վառելիք շոգեխաշման համար: Նրանք էներգատարերից շատ կախված չեն, ինքնարժեքը շատ ցածր է։ Դրա ջերմատվությունը մի քանի անգամ բարձր է գազից։ Սակայն մեզ մոտ կա բարձրադիր գոտու խնդիրը։ Պարզ օրինակ՝ Երևանում ձուկը եփվում է 25 րոպեում, Ծովագյուղում՝ 45 րոպեում։ Այդ պատճառով էլ որոշում ընդունվեց ընտրել բովելու մեթոդը, անցնել գազի, որը ստաբիլ որակ կապահովի։ 

Կոնկրետ Ծովագյուղի համար գործարանի գազիֆիկացումը պահանջում էր 6 մլն դրամի ներդրում։ Հիմա Ծովագյուղն այդ հարցը լուծում է պետական ծրագրի  միջոցով։ Աշխատանքներն ընթանում են։ Իսկ Բավրայում, որտեղ կոոպերատիվը մեծ է, որոշել են վարկ վերցնել՝ արդեն իսկ վերցրել են, որ իրենց ուժերով այդ հարցը լուծեն։ 

- Իսկ ինչու՞ գործարանների համար ընտրվեցին հենց Ծովագյուղն ու Բավրան, որոտեղ գազիֆիկացումն ավելի մեծ ծախսեր է պահանջում, քան մայրաքաղաքին մոտ բնակավայրերում։ 

-  Ծրագրով նախատեսված է եղել, որ գործարանների շենքերի կառուցումը կամ ձեռքբերումը, ինչպես նաև՝ հետագայում վերամշակման համար անհրաժեշտ ծախսերը, ծրագրի բյուջեում չեն ներառվում։ Ի սկզբանե որոշում էր ընդունվել, որ մենք կապիտալ շինարարության մեջ ներդրումներ չենք կատարելու։ Դրանք պետք է կամ համայնքը կոոպերատիվի հետ համատեղ հոգար, կամ պետական ծրագիր լիներ։ Այսինքն՝ դոնորների պայմանն էր դա։ Այդ գործարանները, տեսականորեն, կարող էին լինել Արարատում, բայց համայնքը կամ կոորպերատիվը պատրաստ չլիներ ներդրում անել։ Նման պարտականություն համաձայնեցին ստանձնել Բավրայում և Ծովագյուղում։ Երկու համայնքներում էլ համապատասխան շենքեր չկային, հետևաբար նոր շենքեր կառուցվեցին գործարանների համար։ Բավրայի գործարանի հարցում օգնեց Համահայկական հիմնադրամը։ Իսկ Ծովագյուղում այն կառուցվեց համայնքի միջոցներով։ Իսկ սարքավորումները տրամադրվել է ծրագրի կողմից։ 

Այսօր 600-ից ավելի գյուղացիներ ընդգրկված են հնդկացորենի աճեցման ու վերամշակման ծրագրում։ Շիրակի գործարանը միավորում է Շիրակի, Լոռու և Արագածոտնի գյուղացիներին։ Իսկ Ծովագյուղի գործարանը միավորում է Գեղարքունիքի և Կոտայքի մարզի հնդկացորեն վերամշակողներին։  Այս տարի 5 մարզերում ստացվել է մոտ 420 տոննա բերք։ 

- Նշեցինք, որ Ծովագյուղում այժմ գազիֆիկացման աշխատանքներն ընթանում են, իսկ Բավրայում գումարն արդեն ձեռք են բերել։ Երբվանի՞ց այս գործարանները կսկսեն աշխատել։ 

- Մենք ակնկալում ենք, որ մինչև տարեվերջ երկու գործարաններն էլ սկսեն շահագործվել գազով:  

Գազիֆիկացմանը զուգահեռ որոշ նորամուծություններ ենք մտցրել, որը հնարավորություն կտա ավելի շատ արտադրանք տալ։ Մենք ավելի շատ ենք շահագրգռված, քան գյուղացիները։ Դոնորները ևս անհագստացած են։ Այս ծրագիրը մի քանի արժեշղթաներ ունի։ ENPARD-ի շրջանակներում սկսել են բարձրորակ պանիր արտադրել, ոչ ավանդական մշակաբույսեր և այլն։ Հնդկաձավարի թեմայի ֆոնին մյուս նվաճումները մղվել են հետին պլան։ Մենք դիվերսիֆիկացիա անելու համար նույն մարզերի շահառուներին նաև տվել ենք ոլոռի, ոսպի, սիսեռի ու կտավատի սերմեր, որ հնդկացորենին զուգահեռ նաև դրանք աճեցնեն։ 

- Գործարանների հետ կապված մյուս խնդիրը սարքավորումների որակն է։ Տեղեկություններ կան, որ դրանք պատշաճ որակի չեն։ 

- Տեխնիկայի որակի հետ կապված որևէ խնդիր չկա։ Դրանք ներկրվել են Ուկրաինայից։ Այն ընկերությունները, որոնցից գնվել են սարքերը, շուկայում մոտ 20 տարվա փորձ ունեն։ Մենք զանգել ու հարցրել ենք իրենց հաճախորդներին, գնացել, տեսել ենք։ Մեր խնդրանքով այդ սարքավորումներն ավելի են կատարելագործվել։ Միակ հարցը հետևյալն է՝ այս գործարաններն ավելի շատ մարդկային գործոն են պահանջում, քան այն գործարանները, որոնք ավելի թանկ են արժեցել։ Այսինքն՝ ավելի շատ աշխատուժ են պահանջում։ Իսկ թանկ արժողությամբ գործարանները կարող են ընդամենը երկու բանվոր ունենալ։ 

- Ընդհանուր առմամբ, մինչ այսօր որքա՞ն գումար է հատկացվել Հայաստանում հնդկացորենի աճեցման ու վերամշակման ծրագրին։ 

- Ծրագրի կողմից հատկացվել է ավելի քան 600 հազար եվրո՝ ներառյալ սարքավորումները, սերմը և պարարտանյութը, դասընթացները և ուսումնասիրությունը: 

- Իսկ գնային քաղաքականության հարցն ինչպե՞ս է լուծվելու։  Շուկայում չփաթեթավորված հնդկացորենը բավականին ցածր գնով է վաճառվում։ Հնդկացորեն աճեցնողներն ու ծրագրի պատասխանատուներն ասում են, որ միտումնավոր է ցածր գին սահմանվել՝ տեղական հնդկացորենը շուկայից հանելու համար։ 

- Գնային քաղաքակության լուրջ խնդիր կա։ Այդ հարցը բարձրացվել է նաև կառավարությունում։ Մեր հաշվարկերն այսպիսին էին. եթե խոսում ենք չբովված՝ կանաչ հնդկացորենի մասին, ապա գնով բավականին մրցունակ կլինենք շուկայում ներկրվող կանաչ հնդկացորենի կողքին։ Ներկրվածի մեկ կիլոգրամն արժե մոտավորապես 2800-2900  դրամ։ Իսկ մեր արտադրածը՝ շուրջ 1600 դրամ։ 

Սակայն մեր քաղաքացիները հիմնականում սպառում են բոված հնդկաձավար։ Ի սկզբանե հաշվարկել էինք, որ վաճառքի գինը պետք է լիներ մոտավորապես 450-500 դրամ, որից մոտ 300 դրամն այն գինն էր, որով պետք է հնդկացորենը մտներ վերամշակման գործարան, իսկ 70-80-ը՝ վերամշակման ծախսերը։  Սակայն այն օրվանից, երբ հայտարարվեց, որ Հայաստանում հնդկացորեն է աճեցվում, սկսվեց լուրջ գնային  «պատերազմ» ներմուծողների հետ։ Ներմուծողները կտրուկ իջեցրին գները։ Այսօրվա դրությամբ «Երևանի սիթի» և «Նոր Զովք» սուպերմարկետներում չփաթեթավորված հնդկաձավարը վաճառվում է կիլոգրամը սկսած 300-350 դրամից։ Սա այն դեպքում, երբ չփաթեթավորված հնդկաձավարի գինը չի իջել այս ընթացքում։ Մեր ուսումնասիրություններով՝ այսօր 11 ընկերություն կա, որը Հայաստան հնդկացորեն է ներկրում։ Նրանց մի մասը փաթեթավորում է, մյուս մասը՝ առանց փաթեթավորման վաճառում։ Մենք նայել ենք Ռուասատանի գների մոնիտորինգը։ Հիմնականում այնտեղից է Հայաստանը հնդկաձավար բերում։ Տարիների ընթացքում հնդկացորենի գինը տատանվել է, բայց ոչ՝ շատ։ Այսինքն՝ եթե Հայաստանում  հնդկացորենի մշակումը չսկսվեր, ապա նույն խանութներում ներմուծվածը կվաճառվեր շուրջ 500 դրամով։ 

Մեր տեղական հնդկացորենը տարբերվում է ներկրվածից և որակական, և համային հատկանիշներով։ Մեր մարքեթինգային ռազմավարությունն է աշխատելու։ Տեղական սպառողը գերադասելու է տեղական արտադրանքը։ Մենք այսօրվա դրությամբ ուզում ենք շուկա մտնել փաթեթավորված ապրանքով, որ մրցունակ լինենք ներմուծվածի կողքին։ 

- Ամեն դեպքում, կարծում եք ներմուծողները զգուշացե՞լ են տեղական արտադրողներց այն պարագայում, երբ տեղական հնդկաձավարը դեռևս շուկա չի մտել, մտնելու պարագայում էլ շուկայի առավելագույնը, ըստ տարբեր հաշվարկների,  5%-ը կարող է զբաղեցնել։ 

- Ես կարծում եմ՝ այո, որովհետև սա միտումնավոր է արված ինչ-որ չափով։ Եթե մենք խոսում են մեծ ներկրողների մասին, որոնք գերիշխող դիրք ունեն Հայաստանում, իրենց համար խնդիր չկա, կարող են երկար ժամանակ հնդկացորենի այս գինը պահել՝ նույնիսկ առանց շահույթ ստանալու, զուտ հայկականը «սպանելու» համար։ Կարևոր է հասկանալ, որ մենք խոսում ենք չփաթեթավորված հնդկաձավարի մասին։ Մեր մրցունակության խնդիրն այստեղ է։ Իսկ փաթեթավորված հնդկաձավարի շուկայում հայկական հնդկաձավարն իր գնով մրցունակ է լինելու ներմուծվածի կողքին։ 

Գլխավոր լուսանկարում՝ Ծովագյուղի հնդկացորենի վերամշակման գործարանը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter