Արտակարգ իրավիճակների կառավարումը Հայաստանում կատարելագործվելու է նաև Գերմանիայի փորձով
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է Գերմանիայից ժամանած պատվիրակությանը՝ Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մաթիաս Քիսլերի գլխավորությամբ. պատվիրակության կազմում են եղել Գերմանիայի Տեխնիկական աջակցության գրասենյակի (THW) երկկողմ համագործակցության պատասխանատու Թոմաս Հյունիքը, Գերմանիայի Բնակչության պաշտպանության և աղետների աջակցության դաշնային գրասենյակի ներկայացուցիչ Օրսալա Լուսինյոլին, Գերմանական կարմիր խաչի ներկայացուցիչ Մայքլ Ույուբելը:
Հանդիպման ընթացքում քննարկվեցլ են արտակարգ իրավիճակների կառավարման ոլորտում հայ-գերմանական երկկողմանի համագործակցության ընդլայնման և խորացման հնարավորությունները: Գերմանական կողմը պատրաստակամություն է հայտնել փորձագիտական աջակցություն ցուցաբերել Հայաստանում կամավորական փրկարարական ուժերի ձևավորման, հրշեջ-փրկարարների հմտությունների և անտառային հրդեհների մարման աշխատանքների կատարելագործման գործընթացներում:
Ընդգծելով գերմանական լավագույն փորձը բնակչության պաշտպանության և պատրաստվածության, աղետների ռիսկի նվազեցման բնագավառում՝ ԱԻ նախարարը շեշտել է համատեղ ուսումնավարժությունների իրականացման կարևորությունը: Գերմանական կողմը պատրաստակամություն է հայտնել ուսումնավարժությունների միջոցով աջակցել նաև ՀՀ ԱԻՆ միջազգային որակավորում ունեցող INSARAG որոնողափրկարարական թիմի վերաորակավորման գործընթացում:
Պայմանավորվածություն ՝ ձեռք բերվել նաև ուսումնասիրել գերմանական փորձը հանրային իրազեկման և ճգնաժամային հաղորդակցության բնագավառում, ինչը բնակչության դիմակայունության մակարդակի բարձրացման կարևոր բաղադրիչներից մեկն է:
Հանդիպման ավարտին նախարար Տոնոյանը գերմանական պատվիրակությանը հրավիրել է եկող տարում մասնակցել դեկտեմբերի 7-ին Սպիտակում տեղի ունեցած երկրաշարժից ուղիղ 30 տարի անց Դիմակայունության օրվա միջոցառումներին:
Դեկտեմբերի 3-ից 6-ը Հայաստան կայցելի Գերմանիայի Հրդեհային ծառայության միության նախագահ Հարթմուդ Զիեբսը՝ հակահրդեհային անվտանգության ոլորտում հայ-գերմանական համագործակցության ուղիները քննարկելու նպատակով:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել