
Երվանդ Զախարյանը շարունակում է հողերի վաճառքը
Քաղաքապետ Երվանդ Զախարյանի` 2003թ. դեկտեմբերի 26-ի որոշմամբ «Ակումբ համալիր» ՍՊԸ-ի` Հրազդանի կիրճում ունեցած 2050 քմ տարածքին 25 տարի ժամկետով հատկացվել է եւս 2050 քմ հավելյալ հողամաս:
Նշենք, որ Հրազդանի կիրճում կառուցված են 11 օբյեկտներ (ռեստորաններ, սրճարաններ, մոթելներ): Այս օբյեկտներից երեքն ընդհանրապես չունեն հողհատկացման փաստաթղթեր, իսկ մյուս օբյեկտների տարածքները հատկացրել են քաղաքապետեր Սուրեն Աբրահամյանը (1), Ալբերտ Բազեյանը (2), Ռոբերտ Նազարյանը (4), Երվանդ Զախարյանը (1): Այս տարածքում չկա կոյուղագիծ, եւ բոլոր օբյեկտների կեղտաջրերը լցվում են Հրազդան գետ, որի ջրերով էլ ոռոգվում են Երեւանի մերձակա գյուղերից շուկաներում վաճառվող բանջարեղենը:
Ի՞նչն է ստիպել քաղաքապետ Երվանդ Զախարյանին Նոր տարվա նախօրեին քաղաքի համար այդքան «կենսական» որոշում կայացնել:
Պարզապես նշենք, որ «Ակումբ համալիր» ՍՊԸ-ի հիմնադիրը ոստիկանության նախկին աշխատակից, Երեւանի քաղաքապետարանի նախկին պաշտոնյա, Արաբկիր համայնքի թաղապետ Լեւոն Հարությունյանն է, նույն ինքը` «Մոնտե Քրիստոյի» տերը:
Մեկնաբանել