Նույնիսկ ձմռանը խցի պատուհանը բաց եմ պահում
Մհեր Ենոքյան, «Հետքի» թղթակիցը «Նուբարաշեն» բանտից
Խցի պատուհանը Երկնքի, Ազատության հետ կապի միջոց է. նույնիսկ ձմռան ցրտերին՝ արթուն ժամանակ բաց եմ պահում: Երեկոյան սովորաբար չեմ պարապում, քայլում եմ պատից պատ, զբոսնում եմ երևակայածս այգով: Մի քանի օր առաջ էր, նույն պատից պատ զբոսանքի ժամին, տեսա մուգ կապույտ գիշերային երկնքից պսպղուն սպիտակ աստղեր են թափվում: Առաջին ձյունն էր: Տիեզերանավս նորից շարժվեց դեպի մանկություն… մեր բնակարանը Մասիվում էր՝ 8-րդ հակում: Երբ ձյուն էր գալիս, քիթս կպցնում էի պատշգամբի լուսամուտին, երկար նայում երկնքից թափվող մեծ փաթիլներին: Ֆիզիկապես երևի զգում էի, որ մեր բարձրահարկը արագ սլանում է ձյան փաթիլների միջով դեպի տիեզերք: Համոզված եմ` եթե դուք էլ այդ վիճակում երկար նայեք միայն թափվող ձյան փաթիլներին, կհայտնվեք տիեզերանավի մեջ:
Ձմեռները մանկությանս նկարների վրա ծառեր էի պատկերում` ճյուղերին ձյուն նստած: Խանութներում փնտրում էի ամենաբաց գույնի կապույտ մատիտը, կամ ջրաներկը, որ սպիտակ թղթի վրա ձյունը երևա, իսկ գիշերային պատկերներն անում էի սև թղթի վրա` ձյունը սպիտակով: Իսկ այնտեղ, որտեղից Ձեզ եմ գրում, արդեն 22-րդ տարին ներկեր չեն թույլատրվում: Բանտում այս տարիներին նկարել եմ սև մատիտով ու գրիչներով, այն էլ՝ մահապատժի տարիներից հետո:
Արդեն երկրորդ ձմեռն է «Նուբարաշեն տիեզերանավի» տանիքը ծածկել են և զբոսախցերում այլևս ձյուն չի «նստում»: Բնության այս հաճույքից էլ զրկեցին, փոխարենը խցերում ջուր չի կաթում, նաև ջեռուցում կա:
Թե՛ փոքր տարիքում, թե՛ 8 տարի առաջ, երբ կարճատև ազատության մեջ էի, այս օրերն էին: Երկար քայլում էի անտառների ու սարերի ձների միջով, նույնիսկ երբ արդեն ուշ գիշեր էր: Յուրահատուկ կախարդանք կա, երբ մոլորակի վրա տիեզերքից փաթիլներ են շաղ գալիս, ու հողը սպիտակ, փափուկ գորգով է ծածկվում:
Մոտ 10 տարեկան էի, ձմռան մի օր որոշեցի ձների միջով սարերով ու ձորերով գնալ դեպի Գառնու տաճար: 5-րդ մասիվից սկսեցի ճանապարհորդությունս: Հետս թերմոսով տաք թեյ էի վերցրել ու հաց-պանիր: Հյուսիսային բևեռը հայտնաբերող գիտնական էի ինձ զգում, բայց երբ հասկացա, որ մութը շուտով վրա կտա, իսկ ես դեռ երկար ճանապարհ ունեմ, որոշեցի տուն վերադառնալ, որ մի ուրիշ հարմար օր դեռ լույսը չբացված սկսեմ ճանապարհորդությունս: Հոյակապ զգացողություն էր, երբ շուրջբոլորս սպիտակ ձյուն էր` տեղ-տեղ կապույտ երանգներով, իսկ գլխավերևումս անծայրածիր տիեզերքը: Անասելի է, երբ քեզ բնության մասնիկ ես զգում` ուժի, թեթևության, հաճույքի, էությանդ բացահայտման խառնուրդ է…
Պետք է, որ արդեն ծառեր երևային, բայց նրանք չկային, ես էլ կողմնացույց չունեի մոտս, որից օգտվել գիտեի, նաև մեր տան ուղղությունն էի իմանում: Խառնվեցի, չլինի, թե մոլորվել եմ: Արդեն լավ մթնել էր, և ոչ մի բնակելի տան, շինության լույս չէր երևում: Մեկ էլ՝ մի ճնճղուկ հայտնվեց: Ասես հեքիաթում լինեի, մոլորվելու վախս ամբողջությամբ անհետացավ: Երբ հանկարծ մինչև ծնկներս խրվում էի ձյան մեջ, ճնճղուկը, կարծես՝ գիտակցելով, կանգ էր առնում, հետո նորից միասին շարունակում էինք ճանապարհը: Այն ժամանակ էլ հասկացա, որ հրաշք է տեղի ունենում. մոտ մեկ ժամ անց երևացին 9-րդ մասիվի ու կողքի գործարանների լույսերը: Այս տարօրինակ ճնճղուկին ուզում էի բռնել-համբուրել, բայց նա, իր առաքելությունը վերջացրել էր ու թռավ, գնաց: Այս պատմությունից հետո դեռ երկար ժամանակ փորձում էի բազմաթիվ ճնճղուկների մեջ գտնել իմ փրկիչին, որը դուրս կբերի ինձ այստեղից:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել