HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հրաչ Բայադյան

Հայկական պորտալներ

1998-ին նոր մեդիային վերաբերող բառապաշարը հարստացավ նոր՝ «պորտալ» անունով։ Իրենց սկսեցին այդպես անվանել նախկին որոնող գործիքները (search engines). Յահու (Yahoo!), ԱլթաՎիսթա (AltaVista) եւ ուրիշներ։ Իրականում պորտալի նախատիպ համարվում էր ԱՕԼ-ը (AOL, America Online)։ Այս պորտալներում որոնող ծառայությանն ավելանում էին մի շարք այլ անվճար ծառայություններ (հաղորդակցություն՝ էլփոստ եւ զրուցարան (chatroom), նորություններ, գնումներ եւ այլն)։ 

 Եթե հետեւելու լինենք որոնող գործիքների ձեւավորման ընթացքին, ապա այս պատմության սկիզբը կարելի է տեղափոխել 1994թ, երբ հնարավոր դարձավ ոստում (վեբում) որոնում կատարել թե՛ ըստ առարկայական տիրույթների ցանկի (subject directory), թե՛ ըստ հիմնական բառերի (keywords)։ Շատ չանցած, որոնող գործիքները ոչ միայն կարող էին համատեղել այս երկու սկզբունքները, այլեւ թույլ էին տալիս, գործածելով տրամաբանական օպերատորներ («եւ», «կամ», «ոչ»), ամբողջական տեքստային որոնում կատարել։ 

 Իզուր չեն ասում, թե առանց որոնող գործիքների ինտերնետը նման է քաոսի։ Դրանք ոչ միայն ձեւավորեցին ոստը՝ դարձնելով այն մատչելի եւ առաջ բերելով տեղեկատվության երթեւեկ (թրաֆիկ), այլեւ զարգացման հեռանկարներ բացեցին՝ արժանանալով մեծ կոմերցիոն օժանդակության։ Ինչպես նշում է Վինսենթ Միլլերը, սա ուներ երկու հիմնական պատճառ. «Առաջին՝ դրանք օգնեցին ուղղորդել ինտերնետային երթեւեկը, երկրորդ՝ մեծացրին սպառողների մասին տեղեկություններ հավաքելու (պրոֆիլացման) հնարավորությունները»։ Այսպիսով այս կայքերը (սայթերը) դարձան երթեւեկության հանգույցներ։ Օգտագործողը շարունակ վերադառնում էր այստեղ՝ այցելության նոր հասցեներ ընտրելու համար։ Գովազդողները կարող էին վստահ լինել, որ օգտագործողները այստեղ հաճախ եւ երկար ժամանակով են հայտնվում, ուստի դրանք գովազդման համար գրավիչ պայմաններ էին ապահովում։ Շարունակ կատարելագործվող անվճար ծառայությունները, որ առաջարկվում էին պորտալներում, նպատակ ունեին որքան կարելի է երկար պահել այցելուներին եւ ավելի արդյունավետ դարձնել գովազդի ազդեցությունը։ Այցելուների մասին ամենատարբեր տեղեկություններ հավաքելու բացառիկ հնարավորությունը (տարբեր եղանակներով, բայց առաջին հերթին՝ այսպես կոչված «քուքիների»՝ հատուկ ծրագրերի օգնությամբ) թույլ էր տալիս շատ ավելի նպատակաուղղված մարկետինգային ռազմավարություններ իրականացնել։ 

 Այսպիսով, որոնող գործիքները, ապա՝ պորտալները, մեծ դեր խաղացին ոստի զարգացման մեջ՝ միեւնույն ժամանակ դառնալով ոստի կոմերցիալացման հզոր միջոցներ։

Ի՞նչ բան է հայկական պորտալը 

 Վերջին մի քանի տարվա ընթացքում «հայկական ոստում» նույնպես հայտնվեցին կայքեր, որոնք իրենց պորտալ են անվանում։ Անիմաստ է սրանք համեմատել ինտերնետի մեծ պորտալների հետ, բայց անիմաստ չէ հայկական պորտալները դիտարկել վերն ուրվագծված շրջանակում եւ համեմատել միմյանց հետ։ Սա մեզ թույլ կտա գոնե նախնական մոտեցմամբ նկարագրել այն, ինչ Հայաստանում պորտալ է կոչվում, եւ փոքրիկ համեմատական վերլուծություն կատարել։ Այդ անելիս ես կհիմնվեմ Մանե Մանուկյանի հարցազրույցների վրա, որ նա արել է չորս պորտալների ներկայացուցիչների հետ (Աբայդ - www.abide.am, Պորտ - www.port.am, Գեյթուեյ - www.gateway.am, Սիլիկոնարմենիա - www.siliconarmenia.am), ինչպես նաեւ` Առկա գործակալության հարցազրույցը Վեբնեթի (www.webnet.am) գործադիր տնօրենի հետ։ Աբայդի ղեկավարի հետ հարցազրույցը կարելի է գտնել այս նույն էջում։ Պորտալների այս ցանկը բնավ սպառիչ չէ, բայց մեր նպատակների համար լիովին բավարար է։ 

 Այս բազմությունը կարելի է պայմանականորեն բաժանել երկու խմբի՝ զուտ տեղական միջոցներով (կամ նույնիսկ՝ առանց միջոցների) եւ նախաձեռնությամբ առաջացած պորտալներ եւ պորտալներ, որ ստեղծվել են միջազգային կազմակերպությունների ֆինանսավորմամբ որոշակի խնդիրներ լուծելու նպատակով։ Առաջինները սկսել են որպես պարզ ինտերնետային էջեր, ապա քիչ-քիչ ձեւավորվել որպես «պորտալ»։ Երկրորդները սկզբից եւեթ նախագծվել են ոչ որպես ունիվերսալ, այլ որոշակի նպատակներ հետապնդող «պորտալներ», թեեւ գործունեության ընթացքում փոփոխությունների են ենթարկվել։ 

 Երկրորդ խումբը՝ Գեյթուեյ եւ Սիլիկոնարմենիա, ավելի մտահոգված է ինտերնետից դուրս գտնվող խնդիրներով (թեկուզ դրանք լինեն բարձր կամ հենց տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանն առնչվող խնդիրներ), թեեւ կարող են նպաստել պորտալների միջեւ համագործակցություն հաստատելուն, նոր ծառայություններ ստեղծելուն, հանրույթներ ձեւավորելուն եւ այլն։ Այսինքն` դրանք ավելի քիչ են բնութագրում հայկական ինտերնետի զարգացման ներկա վիճակը։ 

 Ուստի, մեզ ավելի շատ կհետաքրքրի առաջին խումբը, նրանց ձեռքբերումները, բնութագրական կողմերն ու դժվարությունները … 

 Աբայդ պորտալն ունի իր առանձնահատուկ ծառայությունները՝ երաժշտություն, լուսանկարների մրցանակաբաշխություն, որը, ինչպես պնդում է պորտալի ղեկավարը, ունի մեծ մասսայականություն։ Հիմնական նպատակներից մեկը էլեկտրոնային առեւտուր իրականացնելն է, օնլայն խանութ ունենալը՝ հակառակ այն բանի, որ Հայաստանի բանկային համակարգը բնավ չի նպաստում դրան։ 

 Պորտը ունի, իրենց կարծիքով, կայացած բիզնեսի բաժին, որը լավագույնն է Հայաստանում։ Այդուհանդերձ, ստիպված են արձանագրել, որ Հայաստանում պորտալներն առայժմ չեն կարող լինել կոմերցիոն, չեն կարող լինել ֆինանսական շահույթի աղբյուր։ 

 Վեբնեթը ներկայանում է որպես առաջին բիզնես պորտալը երեք լեզվով, ուր ցանկացած մարդ կարող է իր հղումը (լինքը) դնել՝ վճարելով պահանջվող գումարը։ Հույս ունեն հաղթահարել հայ բիզնեսմենների անվստահությունը այն բանի նկատմամբ, որ ինտերնետի միջոցով կարելի է հաստատել արդյունավետ բիզնես կապեր։ 

 Բնականաբար, նրանք ձգտում են որքան կարելի է շատ ծառայություններ ունենալ ։ Սա ստիպում է կապեր հաստատել ինտերնետային այլ կայքերի հետ (օրինակ՝ լրատվական գործակալությունների) կամ նույնիսկ համագործակցություն ծավալել։ Եթե այս պորտալների մասին դատենք «անվճար ծառայություններ եւ վճարովի գովազդ» սկզբունքով, ապա կարելի է եզրակացնել, որ կոմերցիոն գործունեության հնարավորությունները նվազագույն են. հայկական ինտերնետում գովազդն անելիք չունի, ուստիեւ մրցակցություն չկա պորտալների միջեւ։ Պորտալներն առայժմ բավարարվում են հայկական ֆիրմաները «աշխարհին ներկայացնելով»։ 

 Չեմ անդրադառնում ներկայացվող վիճակագրական տեղեկություններին՝ ծառայությունների հաջողությանը, այցելությունների աշխարհագրությանը, գրանցված կազմակերպությունների, ունեցած «ռեսուրսների» եւ «հիթերի» քանակությանը, քանի որ նմանօրինակ տվյալների հիման վրա եզրակացություններ անելու համար ավելի համակողմանի դիտարկման կարիք կա։ 

 Այսպիսով, «հայկական ոստում» գործող պորտալների գործնական նշանակությունն առայժմ խիստ սահմանափակ է։ Ավելի հստակ է արտահայտված դրանց խորհրդանշանային գործառույթը. «Մեզ համար «www.port.am»-ը ոչ թե ֆինանսի աղբյուր է, այլ մեր դեմքն է»,- ասում է Պորտի ներկայացուցիչը:

Դժվարությունները 

 Բոլորի միաձայն կարծիքով՝ հիմնական խնդիրը ԱրմենՏելն է, առկա «բարձր գները եւ ցածր որակը», բայց ուրիշ դժվարություններ էլ կան։ Դրանցից մեկն էլ մասնագետների պակասն է, որ նույնպես զարգացման վրա բացասաբար անդրադարձող գործոն է համարվում։ Որպես խոչընդոտներ հիշատակվում են նաեւ բանկային համակարգը (զրկում է օնլայն առեւտուր անելու հնարավորությունից), ինտերնետային ծառայություններ մատուցող կազմակերպությունները (չեն մատուցում որոշ ծառայություններ) եւ շատ ավելի ընդհանուր բնույթի տնտեսական, սոցիալական հանգամանքներ։ Դժվարությունների շարքում է նաեւ երեք լեզվով պորտալ «պահելը», որը, ինչպես համոզված են շատերը, խիստ դժվար գործ է (իսկ ամենադժվարը, ինչպես կռահում եք, հայերեն լեզվով պորտալի դեպքն է)։ 

 Որպես հայկական բիզնեսի հետ առաջին հարաբերություն` այսօր տիրապետող է պորտալների օգնությունը, այսինքն՝ ինտերնետի միջոցով ներկայացնելու հայաստանյան ֆիրմաները։ Պորտալ լինելու հավակնությունը մղում է ներկայացնելու նոր ստեղծվող հայկական էջերը։ 

 Միմյանց հետ սերտորեն կապված են հետեւյալ հանգամանքները. գովազդ չկա կամ խիստ պարզունակ մակարդակում է, ուրեմն չկա մրցակցություն պորտալների միջեւ, գումարած՝ բանկային համակարգի անպատրաստությունը էլեկտրոնային առեւտրին օժանդակելու։ Ի վերջո, այս ամենը խոսում է հայկական բիզնեսի եւ ինտերնետի միջեւ կապի թուլության կամ բացակայության մասին։

Որոշ եզրակացություններ 

 Միանգամից կարելի է ասել, որ պորտալների երկու հիմնական հատկանիշները՝ ծագումնաբանական եւ գործառութային, հայկական պորտալներին բնորոշ չեն։ Հայկական պորտալները (Աբայդ, Պորտ, Վեբնեթ) առաջացել են պարզ ինտերնետային էջերից։ Նրանք ոչ միայն չեն եղել որոնող գործիքներ, այլեւ հիմա էլ, ըստ էության, չունեն որոնման պատշաճ հնարավորություններ (մանավանդ, եթե խոսքը հայերեն լեզվով բովանդակության մասին է)։ Մյուս կողմից՝ նրանք կամ կոմերցիոն չեն, կամ կոմերցիոն են աննշան չափով։ Թեեւ, իհարկե, սա հիմնական հարցերից մեկն է, որի շուրջը պտտվում են նրանց մտահոգությունները. ինչպե՞ս համոզել հայկական բիզնեսի ներկայացուցիչներին, որ ինտերնետը կարող է դառնալ բիզնեսի միջոց, ինչպե՞ս իրենց էջերը գրավիչ դարձնել գովազդի համար եւ այլն։ 

 Պորտալները, ինչպիսին էլ որ լինեն, բնութագրում են հայկական ինտերնետի ներկա վիճակը եւ մատնանշում մի շարք հիմնական խնդիրներ։ Ինտերնետի ինքնահոս զարգացման շրջանն անցել է, եւ ներկա տեղապտույտը ու որակական փոփոխությունների բացակայությունը հետեւանք են համապատասխան ազգային ռազմավարության բացակայության։ Բիզնեսի կազմակերպությունների եւ ինտերնետի թույլ կապի հիմնական պատճառներից մեկն այն է, որ չկա պատշաճ պետական քաղաքականություն։ 

 Նույն պատճառն ունի նաեւ մի այլ կարեւոր հանգամանք՝ տեղական ինտերնետային կարիքների նկատմամբ Հայաստանի տեղեկատվական տեխնոլոգիաների արդյունաբերության անտարբերությունը։ Վերը ակնարկվեց, որ հայերեն լեզվով պորտալի գործարկումը շատ բարդ խնդիր է։ Հիշատակված բոլոր պորտալները առավելապես անգլերեն կամ ռուսերեն են։ Հայերեն տարբերակներն աղքատիկ են բովանդակությամբ, եթե կան։ Բայց առաջին հերթին օժանդակված չեն անհրաժեշտ տեխնոլոգիաներով։ Ոստում չկա, ասենք, հայերեն լեզվով պարզագույն որոնում իրականացնելու հնարավորություն։ Ովքե՞ր եւ ինչպե՞ս պիտի ստեղծեն այս եւ այլ ծրագրեր, առանց որոնց ինտերնետում հայերեն լեզվով բովանդակությունը միշտ կունենա խիստ կասկածելի կարգավիճակ։ 

 Հավանաբար, պորտալների զարգացումը կամաց-կամաց կշարժվի տեղից, օնլայն առեւտուրն էլ, թերեւս, մի օր իրականություն կդառնա, բայց որպես ամփոփիչ եզրակացություն կարելի է արձանագրել, որ հատկապես հայ մշակույթի ցանցային հեռանկարի տեսանկյունից ներկա իրավիճակը չափազանց մտահոգիչ է։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter