HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Պյոտր Սվիտալսկի. «Եվրոպայում պետք է լսեն ձեր ձայները, որ շահագրգռված եք դեպի Եվրոպա ազատ ճամփորդելով»

Նոյեմբերի 24-ին Արևելյան գործընկերության 5-րդ գագաթնաժողովի ընթացքում Բրյուսելում ստորագրված Հայաստան-ԵՄ  «Համապարփակ և ընդլայնված գործընկերության» համաձայնագիրը կընդլայնի Հայաստանի և ԵՄ-ի համագործակցության շրջանակը։ Այս մասին Մեդիա կենտրոնում լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին։

«Մենք պատրաստ ենք անել առավելագույնը համաձայնագրի իրագործման համար, այն նոր դռներ է բացում, սակայն ժամանակը չէ դափնիների վրա դադար առնելու, էականն այն է, որ կարողանանք իրականացումն ապահովել։ Այս համագործակցության ամրագրմամբ կարող ենք ասել, որ հանձն ենք առնում անել ավելին»,- ասաց դեսպանը։

Հարցին` եթե Հայաստանը չիրականացնի համաձայնագրով ստանձնած պարտավորությունները, արդյոք կլինե՞ն պատժամիջոցներ, դեսպան Սվիտալսկին նկատեց՝ ճիշտ չէ խոսել պատժամիջոցների մասին։

«Ես լավատես եմ, այդպես էի տրամադրված նաև  համաձայնագրի ստորագրումից առաջ, մենք հաջողելու ենք»,-ասաց նա։

Ինչ վերաբերում է նախագահ Սարգսյանի՝ Բրյուսելում «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցին, որտեղ վերջինս հայտարարել էր, որ 2013 թվականին ոչ թե Հայաստանն է հրաժարվել ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիր ստորագրելուց, այլ ԵՄ-ն, արդյոք այդպե՞ս է եղել, Պյոտր Սվիտալսկին չցանկացավ մանրամասներ հայտնել։

«Արդյոք դա կարևո՞ր է այսօր, ընկերներ, եկեք նայենք դեպի ապագան, ժամանակը չէ, որ հետ նայենք ու ապրենք այն զգացումները, որը վերապրել ենք 2013 թվականին»,- նկատեց դեսպանը։

Սվիտալսկին շեշտեց՝ նոր համաձայնագիրն, իհարկե, Ասոցացման համաձայնագիր չէ և չի կարող ունենալ այն դրույթները, որոնք նախատեսված էին այդ համաձայնագրով, ինչպես, օրինակ, ազատ առևտուրը, սակայն այն «հավակնոտ համաձայնագիր է»։

Պատասխանելով հարցին, թե ինչպե՞ս է հասարակ քաղաքացին զգալու այս համաձայնագրով նախատեսված բարեփոխումները, Պյոտր Սվիտալսկին նկատեց, որ համաձայնագիրը կախարդական փայտիկ չէ, որպեսզի մեկ գիշերվա մեջ իրականությունը փոխվի, բայց հավելեց, որ համաձայնագիրը կարող է գործիք ծառայել, որն ավելի լավ պաշտպանություն կապահովի քաղաքացիների իրավունքների պաշտպանության համար։

«ԵՄ-ն պատրաստակամ է փոխանցել իր փորձը, այն կարող է բերել նաև տնտեսական օգուտներ: Ճշմարիտ է, որ համաձայնագիրն ակնհայտ պատճառներով հիմնված չէ արտոնյալ առևտրի տրամաբանության վրա, բայց մենք հավատում ենք, որ այն պարունակում է էլեմենտներ, որոնք կարող են խրախուսել եվրոպական  ընկերություններին ներդրումներ անել Հայաստանում»,- ասաց դեսպանը։

«Հետք»-ը հիշեցրեց դեսպանին իր նախկին հայտարարությունը, թե Հայաստանը չի կարող մտածել վիզաների ազատականացման մասին, քանի դեռ մի շարք օրենսդրական նախաձեռնություններ չեն ընդունվել, մասնավորապես` «Ընտանեկան բռնության կանխարգելման մասին» օրենքը: Ապա հարց ուղղեց` արդյոք խորհրդարանի օրակարգում գտնվող նախագծին ծանո՞թ է, այն բավարարո՞ւմ է ԵՄ չափանիշները, և վիզաների ազատականացման Ուկրաինայի վատ նախադեպը կարո՞ղ է ազդել Հայաստանում այդ գործընթացի ներդրման հետաձգման վրա:

«ԵՄ դիրքորոշումը հստակ է առ այն, որ մի շարք պայմաններ կան, որոնք անհրաժեշտ է բավարարել, որից հետո վիզաների ազատականացման որոշում  կլինի։ Իմ նախորդ հայտարարություններից ճանաչում եք ինձ, գիտեք, որ լավատես եմ, հավատում եմ՝ այն փաստը, որ ունենք այս հանձնառությունն, արդեն իսկ լավ նշան է, ես կարող եմ կրկնել խրախուսանքի խոսքերը, որ շարունակենք աշխատանքը, որովհետև այն պահանջում է ջանասեր աշխատանք»,- ասաց դեսպանը։

Սվիտալսկին նկատեց, որ վիզաների ազատականացումn արտոնություն է, ոչ թե իրավունք, իսկ այն երկրները, որոնք ձգտում են ունենալ եվրոպական կոչում, պետք է հավատան Եվրոպային։

«Սա է այն առանցքային ուղերձը, որը ձեզնից պետք է գա, Եվրոպայում պետք է  լսեն ձեր ձայները, որ շահագրգռված եք դեպի Եվրոպա ազատ ճամփորդելով։ Ես անձամբ հավատում եմ, որ ազատ ճամփորդությունը կլինի նաև հայաստանցիների համար, հետևաբար համբերություն և եվրոպական մտածելակերպ»,- ասաց նա։

Ինչ վերաբերում է ժամկետներին, դեսպանն ասաց՝ մարգարե չէ, չի կարող կանխատեսումներ անել, սակայն հավելեց. «Անհրաժեշտ պայմանները կատարելու դեպքում ազատականացումը կլինի»։

Դեսպանը չցանկացավ անդրադառնալ «Ընտանիքում բռնության կանխարգելման» օրենքի նախագծին, բայց հույս հայտնեց, որ քննարկումները «ազգային համաձայնության  հիման վրա» կկարողանան հաջողությամբ ավարտին հասցվել՝ նկատելով, որ որոշումը կայացնելու է Հայաստանը«Ես հակված չեմ այս քննարկման մեջ ներգրավվելու»։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter