
Միջին աշխատավարձը հունվար-հոկտեմբերին կազմել է մոտ 190 հազար դրամ. վիճծառայություն
Այս տարվա հունվար-հոկտեմբերին միջին ամսական անվանական աշխատավարձը Հայաստանում կազմել է 189 972 դրամ։ Ազգային վիճակագրական ծառայության (ՀՀ ԱՎԾ) հաշվարկներով՝ 2016 թվականի հունվար-հոկտեմբերի համեմատ միջին աշխատավարձը Հայաստանում 2.6%-ով աճել է։
Մասնավորապես, աճել է ոչ պետական հատվածի միջին աշխատավարձը, իսկ պետական հատվածում այն նվազել է։
Այս հունվար-հոտեմբերին, ըստ վիճծառայության, պետական հատվածի միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 159 597 դրամ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազելով 0.1%-ով։
Իսկ ոչ պետական հատվածի (կամ մասնավոր հատվածի) միջին աշխատավարձը կազմել է 226 489 դրամ՝ աճելով 3.6%-ով։
Հիշեցնենք, որ միջին ամսական անվանական աշխատավարձը հաշվարկվում է աշխատանքի վարձատրության և դրան հավասարեցված այլ միջոցների ընդհանուր գումարի (ինչպես դրամական, այնպես էլ բնաիրային տեսքով) հարաբերությամբ աշխատավարձի հաշվարկման համար կիրառվող աշխատողների միջին ամսական թվաքանակին:
2016 թվականին, պաշտոնական տվյալներով, միջին ամսական անվանական աշխատավարձը Հայաստանում կազմել է 174 445 դրամ։
Մեկնաբանել