
Աքորիի դպրոցի ուսումնական պարապմունքները հետաձգվել են մինչև հունվարի 9-ը
Լոռու մարզի Աքորի համայնքի միջնակարգ դպրոցի տնօրենի դեկտեմբերի 20-ին տեղի ունեցած ընտրությունների արդյունքների պատճառով դադարեցված ուսումնական պարապմունքները առաջիկա օրերին չեն վերսկսվի:
Հիշեցնենք, որ դպրոցի աշխատանքային և աշակերտական կոլեկտիվները գտնում են, որ դպրոցի տնօրենի ընտրությունը անցկացվել է կեղծիքներով և պահանջում են տնօրենի նոր ընտրություն:
Այսօր դպրոցի արհմիության տեղկոմի նախագահ Շուրա Աբգարյանը «Հետքին» հայտնեց, որ դեկտեմբերի 23-ին` ժամը 12:00-ին, տեղի ունեցած արհմիության ընդհանուր ժողովի որոշմամբ դպրոցի ուսումնական պարապմունքները հետաձգվել են մինչև հունվարի 9-ը. «Դեկտեմբերի 26-ից սկսվում են աշակերտների ձմեռային արձակուրդները: Այն վերսկսվելու է 2012 թ.-ի հունվարի 9-ին: Եթե մինչ այդ մեր պահանջները բավարարված չլինեն, մենք հունվարի 9-ին կհրավիրենք արհմիության և կոլեկտիվի ընդհանուր ժողով և այնտեղ էլ կորոշենք մեր հետագա անելիքները: Արհմիության տեղկոմը կատարում է այն, ինչ որոշում է արհմիության ընդհանուր ժողովը»,-ասաց Շուրա Աբգարյանը:
Վերջինս նաև հայտնեց, որ դպրոցի ուսուցիչների կողմից ամփոփվել են 2011թ.-ի առաջին կիսամյակի արդյունքները: Լրացված են նաև բոլոր դասամատյանները:
Մեկնաբանել