
«Հանքը չի բացվելու: Պետությունը ժողովուրդն ա, ժողովուրդն էլ չի ուզում հանքը բացվի»,- ասում է արդվեցի Վիլո Աղվանյանը
Դեկտեմբերի 1-ին մղարթցիների քննարկմանը կներկայացվի «Միռամ» ՍՊԸ-ի կողմից Բնապահպանության նախարարություն ներկայացրած Լոռու մարզի Շեկաղբյուրի ոսկի-բազմամետաղային հանքերևակման 2017-2020թթ. կատարվելիք երկրաբանական աշխատանքների` շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման 2-րդ հայտը:
Առաջին հայտի քննարկումը, որը նախատեսված էր այս տարվա հուլիսի 26-ին, արդվեցիները ձախողեցին: Հիշեցնենք, որ հանքերևակման տարածքը 200 հա է: Առաջին հայտում «Միռամ» ՍՊԸ-ն որոնողական իր աշխատանքների համար ընդգրկել էր հարևան երկու համայնքների՝ Մղարթի 54 հա և Արդվիի 146 հա արոտավայրերի տարածքները:
Հուլիսի 26-ի դեպքերից հետո բնապահպանության նախարարություն ներկայացրած երկրորդ հայտում «Միռամ» ՍՊԸ-ն որոշել է երկրաբանական աշխատանքներ կատարել միայն Մղարթի 54 հա տարածքում: Այդ նպատակով համաձայնություն ստանալու համար էլ «Միռամ»-ը դիմել է Մղարթի նախկին գյուղապետ, այժմ վարչական ներկայացուցիչ Երվանդ Նավասարդյանին. «Եկան, ասեցին ուզում ենք մեր ծրագրերը ներկայացնենք մղարթցիներին, ես էլ համաձայնեցի»,- «Հետք»-ին պատմեց Երվանդը:
Երվանդ Նավասարդյան |
Հոկտեմբերի 4-ին 460 բնակիչ ունեցող Մղարթում գյուղապետարանի իր 15 համախոհների հետ հայտը քննարկելուց հետո վարչական ղեկավարը համաձայնություն է տվել «Միռամ» ՍՊԸ-ին՝ Մղարթի 54 հա արոտավայրերի տարածքում ոսկի որոնելու համար: «Ասացին` Ձեր ջրի հարցը կլուծենք, նույնիսկ կառավարությունից փող ենք բերել: Ասացին` էդ փողից Արդվուն չենք տալիս, միայն Ձեզ ենք տալիս էդ փողը: Մարդիկ գյուղի ջրի հարցը լուծելու համար համաձայնեցին»,- պարզաբանեց Երվանդ Նավասարդյանը:
Նա տեղյակ էր, որ Շեկաղբյուրում ոսկու որոնողական աշխատանքների և շահագործման դեպքում հարևան արդվեցիները շատ լուրջ վնասներ են կրելու. «Ես Շեկաղբյուրի հանքերևակումում որոնողական աշխատանքներին դեմ եմ, դեմ է նաև Մղարթի բնակչության գրեթե 99 տոկոսը»:
Շեկաղբյուր |
Առաջին հայտում Շեկաղբյուրից ուղիղ գծով 700 մետրի վրա ընկած Արդվին 2-րդ հայտում ներկայացված է ընդամենը որպես հանքի եզրագծից 1800-1900 մետր հեռու գտնվող բնակավայր: «Շեկաղբյուր հանքերևակման մոտակա բնակավայրերն են Մղարթ, Արդվի, Հովնանաձոր, Յաղդան, Կողես, Օձուն գյուղերը»,- նշված է 2-րդ հայտում: «Միռամ» ՍՊԸ-ի խորամանկությունը չի վրիպել արդվեցիների աչքից. «Ճիշտ է, Շեկաղբյուր լեռը գտնվում է Մղարթի վարչական տարածքում, բայց լեռը թառած է Արդվու գլխին: Մեր ջրերն ամբողջությամբ Շեկաղբյուրի տակից՝ Կրճաղաքամատ ենք ասում, այդ հանդամասից են գալիս: Դրանք փոքր ջրագոյացություններ են, եկեղեցու վերևը այդ ջրերը հավաքվում և մատակարարվում են գյուղին: Եթե հանքում աշխատանք կատարեն, ծանր մետաղները՝ կյանքի համար վտանգավոր կապարը, ցինկը, այստեղ կոնկրետ մկնդեղի խնդիր ունենք, խառնվելու են Արդվու խմելու և ոռոգման ջրերին: Այդ ջրերից խմում են նաև մեր գյուղի շուրջ 200 խոշոր եղջերավոր և 400 մանր եղջերավոր անասունները»,- բացատրեց Արդվիի նախաձեռնող խմբի անդամ, լեռնագործ Սուրեն Կիրակոսյանը:
Վերջինիս ասելով` «Կանաչների միության» նախագահ Հակոբ Սանասարյանը հուլիսի 26-ին խորհրդային տարիներին Շեկաղբյուրի հետախուզման աշխատանքների քարտեզ է բերել Արդվի: Բնապահպանն արդվեցիներին բացատրել է, որ Շեկաղբյուրի հանքերևակման տարածքներում կա նաև ցրոնային ուրան, որը թեև քիչ քանակությամբ է, բայց վտանգ է ներկայացնում բնակչության համար: Շեկաղբյուրի տարածքը Մղարթից երկու ձորակ է բաժանում, եթե նույնիսկ հանքից հանքային ջրեր հոսեն, որոշ չափով դեպի Մղարթ կգնան, բայց հանքային ջրերի հիմնական հոսքերն ուղղվելու են դեպի Արդվի: Մղարթցիները նկատել են, որ հանքի ամբողջ փոշին Շեկաղբյուրից եկող քամու օգնությամբ նստելու է գյուղի վրա: «Երկրորդ հայտը խորամանկություն է, որի հետևանքով վտանգվելու են մեր երեխաների առողջությունն ու Արդվիի մշակույթի կոթողները: Հանցագործություն է Մղարթի տարածքով Արդվու գլխին թառած Շեկաղբյուր սարի լանջերի հանքը բացելը: Միանշանակ ես համոզված եմ, եթե Աստված մի արասցե, մղարթցիների համաձայնությամբ այդ ծրագիրն իրականանա, «Միռամ»-ի հաջորդ քայլը լինելու է Արդվու վրա աշխատելը»,- նկատում է Սուրեն Կիրակոսյանը:
Տելո Աղվանյան |
«Մղարթում դեկտեմբերի 1-ի Շեկաղբյուրի հանքերևակման հետախուզման 2-րդ հայտի քննարկումներին նայում եմ էնպես, որ հանքը չի բացվելու: Էդքան բան: Ուրիշ ասելիք չունեմ: Ուզում ա Մղարթի կողմից մտնեն Շեկաղբյուր, ուզում ա` Իտալիայի»,- ասաց արդվեցի Տելո Աղվանյանը:
«Ղարաբաղի համար գնում եմ կռվելու, մեր գեղի համար չեմ կարում կռվեմ: Ըտի վախելու ինչ կա: Ամբողջ արդվեցիները դրան պատրաստ են՝ մի մարդու նման: Հանքը չի բացվելու: Պետությունը ժողովուրդն ա, ժողովուրդն էլ չի ուզում հանքը բացվի»,- ասաց Վիլո Աղվանյանը: «Եթե կառավարությունն ուզում ա ժողովուրդը լավն ըլի, Արդվին սրբավայր է: Թող բերեն գյուղում մի հատ տուրբազա դնեն, ջերմոցներ սարքեն, ոչ թե գյուղն ու սրբավայրը քանդող հանք բացեն»,- առաջարկեց Արդվիի նախկին գյուղապետ Արմո Վահրամյանը:
Վիլո Աղվանյան |
«Մենք օդաչու Հրայր Կիրակոսյան ենք ունեցել: Նա Ղարաբաղի կռիվներին օդում Շահումյանի պաշտպանական մարտերում է զոհվել: Ռուսաստանում էր ապրում, եկավ մասնակցելու ղարաբաղյան շարժմանը և զոհվեց, որ այսօր իր պապենական գյուղը մի քանի օլիգարխներ դնեն քանդե՞ն»,- ավելացրեց Սուրեն Կիրակոսյանը: Սուրենը ներկայացրեց անասնապահության և հանքարդյունաբերության համեմատական իր դիտարկումը. «Ամենահետաքրքիրը գիտեք որն ա, 50 հա-ը տարվա մեջ համարվում է 50 կովի արոտավայր: Ու եթե հաշվենք, թե 50 կովը, 50 տարի արածելով, ինչ օգուտ է տալու բնակչությանը, ու էդ Շեկաղբյուրի հանքը ում է օգուտ տալու և ինչքան, բնակչությունը ինչ է ստանալու այդ հանքից, դա անհամեմատելի է: Լավ, ինչ-որ մեկը 25-26 տոկոս ավելացված արժեքի հարկը տվեց կառավարությանը, բայց եկեք հասկանանք` պետությանն այդ 5 տարվա հարկն է ձեռնտու, թե մեր և հարևան գյուղում բնակչության ավելանալը, անասնապահության և տուրիզմի զարգացումը: Մենք ուզում ենք այդ ուղղությամբ գնալ»:
Սուրենի խոսքով` այսօր ՄԱԿ-ի ծրագրով Արդվիում ջերմոց է կառուցվում, նախկին գյուղապետ Սամվել Կիրակոսյանը ուզում է գյուղում ազնվամորի աճեցնել: ՄԱԿ-ը 20 գյուղական համանքներում տուրիզմի զարգացման ծրագիր է իրականացնելու, որից մեկը Արդվին է: Այդ կապակցությամբ ներկայացուցիչներ էին եկել Արդվի, հետո, տեսնելով «Միռամ»-ի ստեղծած իրավիճակը, որոշել են սպասել հետագա զարգացումներին: «Հանք կա, կողքը տուրիստական կենտրոն կառուցելու մասին խոսք չի կարող լինել: Հանքը թող մի 5-10 տարի աշխատի, արդվեցին ինչ է անելու դրանից հետո: Ասում են հանքերևակումներ կան Կաճաճկուտում, Դսեղում, Հագվիում, Մարցում, Ծաղկաշատում, Ձաղիձորում, լավ, դե քանդեք, քարը քսեք բոլորը, մենք էլ Հայաստանը թողնենք, գնանք»,- զայրացավ Սուրենը:
Սուրեն Կիրակոսյան |
Երիտասարդ լեռնագործը նշեց, որ իր և մյուս արդվեցիների համար հայրենիքի նկատմամբ սերը սկսվում է Արդվիից: Նրա ասելով` իր պապն է առաջինը Արդվիում սկսել տուն սարքել, հայրն այդ տան վրա աշխատանք է արել. «Ես ինչ խելահաս եմ դարձել, ինչ ուժս պատում է, 10 տարուց ավելի է` ես եմ պապիս ու հորս սարքած տան վրա ներդրում անում, ու ինչո՞վ պետք է դա փոխհատուցեն: Արդեն 300 տարի իմ պապերն այստեղ հուղարկավորված են: Պապիս պապի գերեզմանը կարող եմ Ձեզ Արդվիում ցույց տալ: 1820-ական թվականներին եկել են Արդվիում հիմնավորվել, այստեղ էլ հուղարկավորվել են: Ես ոնց հանքի պատճառով երեխաներիս վերցնեմ, Արդվին թողնեմ ու գնամ»,- դառնացած ասում է Սուրենը:
«Եթե հանկարծ մղարթցիները դեկտեմբերի 1-ին համաձայնություն տան Շեկաղբյուրի ոսկի-բազմամետաղային հանքերևակման երկրաբանական աշխատանքներին, ինչ եք անելու» հարցիս Սուրենը պատասխանեց. «Համոզված եմ, որ մղարթցիները հասկացող մարդիկ են և չեն գնա այդ քայլին: Բայց եթե հանկարծ նման քայլի գնան, մենք թույլ չենք տալու Շեկաղբյուրի հանքի շահագործումը: Հանքն իր բոլոր վտանգներով արդվեցիներիս գլխին է»: Վերջինիս խոսքով` Աժ ընտրություններին Արդվիի ընտրողների 80 տոկոսը ձայն է տվել Հանրապետական կուսակցությանը: «Արդվեցի իրենց ընտրողներին ծանր վիճակի մեջ դրած «Միռամ» ՍՊԸ-ի գործողություններին Հանրապետական կուսակցությունը դեռ որևէ գնահատական չի տվել»,- հայտնեց Սուրենը:
Մեկնաբանություններ (5)
Մեկնաբանել